Ո՞րն է պարտության մեղավորների ծառայողական առաջխաղացման գինը

Ո՞րն է պարտության մեղավորների ծառայողական առաջխաղացման գինը

Մեր քաղաքական ավանդույթի՝ նկատելիորեն բացակա կատեգորիան բարձրաստիճան պաշտոնյաների քաղաքական եւ անձնական պատասխանատվության ինստիտուտն է, որը չներդրվեց անգամ պատերազմում մեր սարսափելի ծանր պարտությունից հետո։ Թվում էր, թե խորքային պետության առկայության պայմաններում պետական, քաղաքական, ռազմական, դիվանագիտական վերնախավը պետք է հանվանե պատասխանատվություն կրեր, ինքնամաքրվեր եւ հանցավոր անգործության համար ենթարկվեր քրեական կամ առնվազն կարգապահական պատասխանատվության։

1992-ի ամռանը, երբ արցախյան առաջին պատերազմում մեր գործերը շատ վատ էին, Արցախի տարածքի կեսը՝ օկուպացիայի ներքո, քաղաքական ընդդիմության պահանջով պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը հեռացավ, նրան եկավ փոխարինելու անկախ Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը՝ հօգուտ մեզ բեկում մտցնելով պատերազմի ընթացքի մեջ։
1997 թվականի աշնանը, երբ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ներկայացրեց Ադրբեջանի հետ խաղաղության իր կոնցեպտը, այն որակվեց իբրեւ պարտվողական, եւ նա կամովին հեռացավ՝ երկիրը չներքաշելով սահմանադրական ճգնաժամի մեջ եւ Հայաստանի ռազմական ղեկավարությանը հանձնելով նաեւ երկրի քաղաքական ղեկավարումը։ Ասել կուզի՝ անկախության պատմության կարճ ընթացքում եղել են բարձրաստիճան քաղաքական գործիչներ, որոնք անձնական եւ քաղաքական պատասխանատվության բարձր մակարդակ դրսեւորելով՝ ինքնակամ են լքել պաշտոնը։

Այսօրվա իշխանության գործելակերպը ճիշտ հակառակն է՝ իրենց բաժին պատասխանատվությունը չընդունելու, իսկ պաշտոնազրկվելու դեպքում հետապնդվելու վախից դրդված՝ որեւէ մեկն ինքնակամ հրաժարականի խիզախություն չունի։ Հանրապետության գործող նախագահը, օրինակ, արդարանում է, թե ինքը զուրկ է լայն լիազորություններից, իսկ մեր պարտության մասին տեղեկացել է մամուլից։

Հետաքրքրական է՝ Արմեն Սարգսյանը կարդացե՞լ է ՀՀ Սահմանադրության իրեն վերաբերող գլխի դրույթները, տեղյա՞կ է, որ կարող է, օրինակ, նախարար չնշանակել, օրենք չստորագրել, դիմել ՍԴ (եւ ոչ թե չստորագրելով եւ ՍԴ չդիմելով՝ ապահովել իրավական ակտի՝ իրավունքի ուժով ընդունվելը) եւ այլն։ Չէ՞ որ անցած յոթ ամիսներին նա մի ձեռքով վարչապետի եւ կառավարության հրաժարականն էր պահանջում, մյուսով՝ նոր նախարարների նշանակման հրամանագրերը դակում։
Երբ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հետպատերազմյան միակ հարցազրույցում խոսում էր այն մասին, որ գործող Սահմանադրությամբ ինքը ռազմական գործողությունները ղեկավարելու իրավասություն չուներ, ինչո՞ւ այդ մասին չէր հիշում, երբ հայտարարում էր «նոր պատերազմ, նոր տարածքներ» հայեցակարգի մասին, ո՞ւմ վրա էր դնում հույսն ու պատասխանատվությունը՝ ԳՇ պետի՞, զորային օղակի մյուս պատասխանատուների՞։

Իսկ ո՞րն էր Նիկոլ Փաշինյանի հաշվարկը, երբ պնդում էր, թե Դավիթ Տոնոյանն այդ հավակնոտ հայտարարությունն անում է իր գիտությամբ եւ հավանությամբ։ Եթե, իր իսկ պնդմամբ, նա բանակցում էր ցավոտ փոխզիջումների մասին, ինչո՞ւ էր սեփական պաշտպանության նախարարին լիազորում չհիմնավորված ագրեսորական կոչեր հնչեցնել։

Ի վերջո, ինչո՞ւ, ի՞նչ հիմնավորմամբ պատերազմից հետո անվտանգային քաղաքականության մշակման եւ իրականացման հիմնական պատասխանատուն՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ոչ միայն չազատվեց պաշտոնից, այլեւ գործուղվեց ավելի բարձր պաշտոնի եւ մի քանի օրից հավակնում է դառնալ երկրի գլխավոր դիվանագետը։ Այդ ո՞ր արժանիքի համար է Արմեն Գրիգորյանը թռիչքաձեւ կարիերա ապահովում, ի՞նչ հանձնառությամբ էր նա նշանակվել ԱԽ քարտուղար եւ տապալե՞լ է այդ հանձնառությունը, թե՞ պատվով է իրականացրել, որ որպես փոխհատուցում՝ նրան է վստահվում երկրի արտաքին քաղաքականության ղեկը։

Դավիթ Սարգսյան