Աղճատված մտածողությունը՝ նորմ
Մեր ժողովրդի աղճատված մտածողության տեսակետից ազնվությունն ու սկզբունքայնությունը միամիտ լինելուն հավասար երեւույթներ են: Դրա պատճառը մեր ժողովրդի հազարամյա կյանքն ու կենցաղն է մահմեդական եւ հատկապես թուրքական լծի ներքո: Կասեի՝ նունիսկ ավելի քան հազարամյա, եթե վերացարկվենք շուրջ 2 դար տեւած Բագրատունիների թագավորության եւ ավելի քան 3 դար տեւած Կիլիկիայի հայկական թագավորության փաստից: Իսկ ինքնուրույնության երկարատեւ բացակայությունը եւ օտար լծին հարմարվելը հանգեցրել են, նախ, ժողովրդի գերակշիռ մեծամասնության մոտ նման մտածելակերպի ձեւավորմանը: Երկրորդ․ իշխանական եւ ազնվական դասի լիակատար ոչնչացմանը: Ինչը, իր հերթին, պատճառ է դարձել պետական մտածողություն կրող խավի վերացմանը: Եվ վերջապես, հազարամյա նման բեռի առկայության դեպքում աղճատված մտածողությունը պետք է դառնար նորմ, ինչի հետեւանքներին բախվել ենք 100 տարի առաջ, բախվում ենք այսօր: Բախվում ենք, երբ փորձում ենք ինքնուրույն կարգավորել մեր կյանքը:
Ի՞նչ կապ ունի պետական մտածողության բացակայությունը ժողովրդի աղճատված մտածողության հետ՝ կհարցնեք դուք: Պատասխանեմ՝ անմիջական: Եթե ունենայինք այն, ապա շատ վաղուց մեր երեխաների մեջ կդաստիարակեինք ազնվության, սկզբունքայնության եւ նման այլ հատկանիշների նկատմամբ հարգանք եւ դրանց հանդեպ ձգտում: Էլ չեմ խոսում գիտության եւ արվեստի մշակների նկատմամբ հարգանքի բացակայության մասին: Այն, ինչ գոնե առկա էր խորհրդային տարիներին, երբ քաղաքականություն մշակող կենտրոնը գտնվում էր հեռու հյուսիսում: Պետություն կառուցելու համար անհրաժեշտ են հատկանիշներ, որոնք բացակայում են մեզանում: Իսկ եղածի՝ ստի, կեղծիքի, անսկզբունքայնության եւ նման այլ բացասական հատկանիշների վրա պետություն չես կառուցի: Դրա արդյունքը մենք «վայելում» ենք այսօր՝ նախկինների նկատմամբ տոտալ ատելության տեսքով: Եվ որպես դրա հետեւանք էլ՝ ստացանք Փաշինյանի անփառունակ վարչապետությունը՝ ստի, կեղծիքի, անսկզբունքայնության (եւ այլն) ահագնացումով, մարդկային ու տարածքային կորուստներով:
Այնինչ, հազարից մեկ պատահող ազնիվ ու սկզբունքային մարդիկ մեզանում ոչ թե հարգանքի են արժանացել, այլ, հակառակը, դարձել են ծաղրի առարկա: Ի՞նչ է նշանակում ազնիվ մեկին միամիտ կամ նույնիսկ «հարիֆ» համարելը: Դա նրա երեսին շպրտելը: Եվ քանի որ նման վերաբերմունքը համարյա համատարած է, ապա դրսեւորվում է նույնիսկ մերձավորների կողմից: Մեր անկախ պետականության երեք տասնամյակի ընթացքում ոչինչ չարվեց դրա դեմն առնելու համար: Կարելի է նույնիսկ ասել, որ խնդիրն անգամ չարձանագրվեց:
2018 թվականի իրադարձությունների ընթացքում հույս ծագեց, թե վերջապես նախկիններին մերժելու հետ մեկտեղ կդրվի նաեւ ազգաբնակչության մտածելակերպի փոփոխության խնդիրը: Սակայն գործը «աղքատությունը ձեր գլխում է» նիկոլական ձեւակերպումից այն կողմ չանցավ: Ինչը չէր էլ պատահելու, քանի որ այն սխալ էր իր հիմքում: Ու մարդկանց փոփոխվելուն դրդելու փոխարեն ընդամենը նրանց վիրավորանք էր հասցնում:
Հին հունական Սպարտա անվանումով պոլիսում (քաղաք-պետությունում) տղաների դաստիարակությունը 7 տարեկանից իր վրա էր վերցնում պետությունը: Սպարտական տիպի դաստիարակության արդյունքում պոլիսը ձեռք էր բերում քաջ ու անձնուրաց, հայրենիքին նվիրված զինվորներ: Իհարկե, կային նաեւ բազմաթիվ բացասական երեւույթներ, սակայն նման քաղաքականությունն ապահովեց ավելի քան 500-ամյա անկախություն եւ գերազանցություն հունական այլ պոլիսների նկատմամբ: Թվայնացված մեր դարում, բնականաբար, հնարավոր չէ վերադառնալ սպարտական մեթոդներին: Սակայն առկա խնդրի արձանագրումն ու դրա լուծման նպատակով մեր ժամանակին համապատասխան քաղաքականություն մշակելը կլուծեին բազմաթիվ խնդիրներ եւ այդ թվում գլխավորը՝ նորմալ իշխանության ձեւավորումն ու դրա միջոցով անկախ, զարգացող եւ հզոր Հայաստանի կերտումը:
Կարծիքներ