Իշխանությունը փակել է գերիների թեման, չի պատրաստվում ոչինչ անել

Իշխանությունը փակել է գերիների թեման, չի պատրաստվում ոչինչ անել

«Մենք գերի չունենք» բղավող կինն իմ տեսած ամենասարսափելի տեսարաններից մեկն էր, իսկ գիտե՞ք ինչու էր հնարավոր նման բան 21-րդ դարում, երբ ինֆորմացիայի հասանելիությունն այլևս խնդիր չէ: Բացատրեմ. բոլորս էլ գիտենք, որ Բաքվի բանտում դեռ պահվում են գերիներ, բոլորս էլ շատ լավ տեղյակ ենք, որ պաշտոնական Ադրբեջանը նրանց անվանում է հանցագործներ և հրաժարվում է վերադարձնել, հարց է ծագում՝ ինչու՞ է հայ կինը բղավում ադրբեջանական թեզը, ինչու՞ են լռում գերիների հարազատները, ինչպե՞ս են թողում, որ Բաքուն ու Երևանը հանցավոր համաձայնությամբ չտեսնելու տան գերիների առկայությունը:

Ինչքան էլ որ շոկային լինի, դրա պատճառը պետության կողմից վճարվող 300 հազար դրամն է, ինչպես մի գերի ընկած տղայի մայր մի անգամ խոստովանեց. «Ես պատկերացնում եմ, որ տղես խոպան ա, ամսական 300 հազար փող ա ուղարկում»: Կասեք՝ հնարավոր չէ, հայ կինը նման բան չի ասի, ինչքան մայրեր կան, որ օր ու գիշեր սպասել են իրենց որդիների վերադարձին, կռվել, պայքարել` օր առաջ տուն հասցնելու համար: Այո, ճիշտ եք, հենց այդպես էլ եղել է, և գիտե՞ք ինչ, այն գերիները, որոնց հարազատները բողոքել են, խոսել, բղավել, նրանք արդեն իսկ վերադարձել են:

Պատերազմից հետո գերիների վերադարձը կատարվում էր խաղաղապահ զորախմբի նախկին հրամանատար Ռուստամ Մուրադովի միջոցով. ում տալիս էին ադրբեջանցիները, նրանց էլ բերում էր, բայց ավելի ուշ, երբ միջնորդի դեր ստանձնեցին Վրաստանի վարչապետը և Ֆրանսիայի նախագահը, իրավիճակը փոխվեց: Հայտնվեցին նախընտրելի մարդկանց ցուցակներ, այն գերիների, որոնց պետք է ինչքան հնարավոր է` արագ հետ բերել, օրինակ՝ համացանցում տարածված տեսանյութից հայտնի Էրիկը և այն գերիները, որոնց հարազատներն ակցիաներ էին կազմակերպում և չէին վախենում բարձրաձայնել իրենց տղաների մասին: Այդ ցանկերի շնորհիվ բողոքող ծնողների տղաները վերադարձան, ու թեման մարեց: Հիմա գերի են մնացել միայն այն տղաները, ովքեր կամ անտեր են, կամ հարազատներին կարողացել են համոզել, որ սպասեն, աղմուկ չանեն: Գերիների չվերադառնալու մեջ էլ, ինչպես մնացած բաներում, մեղադրում են ընդդիմությանը, թե տեսեք՝ իրանք չլինեին, հիմա վաղուց հետ էինք բերել: Բայց փաստ է, որ այս տարի գեթ մի գերի հետ չի եկել, իսկ դիմադրության շարժումը սկսել է միայն ապրիլի կեսերին: 

Ստացվում է, որ հիմա գերության մեջ գտնվող տղաների ծնողները համաձայն են իշխանության այն ներկայացուցիչների հետ, ովքեր այն կարծիքին են, թե «Բաքվի բանտում ավելի լավ են իրանց նայում, քան ստեղ», ու համարում են, որ «ոչինչ, մեր գերիները մեզ կներեն ու մի քանի ամիս էլ կսպասեն»: Իսկ հանրային կարծիքից սարսափող և ֆեյսբուքյան ստատուսներով ղեկավարվող իշխանությունը, մեծ հաշվով, փակել է այդ թեման ու չի պատրաստվում այդ ուղղությամբ ոչինչ անել: