Արցախ. վերջին օրեր

Արցախ. վերջին օրեր

Եզրափակիչ մաս

Վերջին օրերին գյուղերից «մի շապիկով» Ստեփանակերտ եկած մարդիկ մտնում էին արդեն Հայաստան մեկնածներին պատկանող եւ տերերից լքված խանութներն ու փորձում ինչ-որ հագուստ գտնել։ Մի կին տխուր պատմում էր, որ մի խանութ է մտել, որի ապակիները ջարդված էին, ապակու սուր ծայրերը ցցված, խանութի մոտ քրքրված կոշիկներով 7-8 տարեկան մի երեխա է տեսել, որը նայում էր խանութում դարսած մանկական կոշիկներին։ Այդ կնոջը տեսնելով՝ երեխան խեղճ-խեղճ ասել է, որ ոտքերը մրսում են, կոշիկ չունի, կարելի՞ է մտնի` մի զույգ վերցնի։ «Նայեցի ջարդված, սրածայր ապակիներով խանութի կողմը, վախեցա, որ երեխային հանկարծ մի բան կպատահի սրի պես ցից այդ ապակիներից, ու փոքրիկին ասացի, որ չի կարելի, վտանգավոր է,- պատմում էր կինը։- Անգամ ինքս չհամարձակվեցի կոտրել դրանք, որ խեղճ երեխան մտնի ներս ու մի զույգ կոշիկ վերցնի, որովհետեւ մտքովս երբեք չի անցել, որ կարող եմ խանութի ապակի կոտրել... Բայց էնքա՜ն եմ փոշմանում, որ այդպես չարեցի։ Այդ խեղճ, նիհար, քրքրված կոշիկներով բալիկը շարունակ աչքիս առաջ է...»։ Իսկ հագուստի խանութներից մեկի տերը, որսալով մոտով անցնող թեթեւ հագնված գյուղաբնակ բարեկամիս հայացքը, ասաց․ «Ներս մտիր ու հարմար տաք մի բան վերցրու»:

Շրջափակման, պաշարման օրերին իմ ընկեր, պահեստազորի գնդապետ Սերգեյ Համբարձումյանն իր ավտոմեքենայով մի ողջ օր որոնել է ինձ, որպեսզի մեր ընտանիքին տրամադրի իր աճեցրած բանջարանոցային կուլտուրաները։ Վերջին օրերին հրապարակում, Ազգային ժողովի եւ կառավարության շենքերի լքված դատարկ սենյակներում տեղավորված մարդիկ ամեն օր, ամեն ժամ սպասում էին, որ Հայաստանից վերջապես ավտոբուսներ կգան եւ իրենց կտեղափոխեն։ Օրերն անցնում էին, իսկ դրանք չկային։ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը շարունակ փորձում էր կապվել հայաստանյան իշխանությունների հետ եւ պարզել, թե ինչու են դրանք ուշանում, խնդրում էր, բացատրում, որ մարդիկ չեն դիմանում, սարսափելի վիճակ է... 

Մարդիկ իրար հույս տալով, ինչ-որ պաշտոնյայից լսած խոսակցություններն էին տարածում` արդեն Գորիսից դուրս են եկել, արդեն անցել են ազերական անցակետը, մեծ, շքեղ ավտոբուսներ են` բոլորն ազատ տեղավորվելու են: Սակայն օրեր, ժամեր էին անցնում, այդ ավտոբուսները վաղուց տեղ հասած պիտի լինեին, բայց չկային ու չկային։ Սեպտեմբերի 28-ին վերջապես երեւացին բաղձալի ավտոբուսները։ Խոստացած 40-50-ի փոխարեն ընդամենը երկու տասնյակ էին։ Ասում էին, որ մի մասն էլ շրջաններ են մեկնել` այնտեղ մնացած մարդկանց տեղափոխելու։ Այդ երկու տասնյակից ընդամենը մի քանիսն էին մեծ` երեսունից ավելի տեղանոց։ Մյուսները երեւանյան երթուղային հին, դարն ապրած ավտոբուսներ էին, որ հարմարեցված էին միայն որպես ներքաղաքային տրանսպորտ աշխատելուն։ Իրարանցում սկսվեց, մարդիկ շտապում էին տեղ գրավել վերջապես հայտնված այդ ավտոբուսներում։ ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը եւ դեռեւս Արցախը չլքած մի քանի պաշտոնյաներ փորձում էին մարդկանց համոզել, որ բոլորին տեղափոխելու են, որ իրենք չեն լքելու Արցախը` մինչեւ վերջին արցախցին չտեղափոխվի։ Բացատրում էին, որ մինչ այդ կազմված ցուցակով են տեղավորելու մարդկանց, որպեսզի ավելորդ խառնաշփոթ չլինի, այլապես ավելի կդժվարանա գործը... 

Գրանցված ցուցակներով, համարներով մարդիկ տեղավորվում էին ավտոբուսներում։ Քանի որ բեռների համար համապատասխան բաժիններ չկային այդ ավտոբուսներում, ճամպրուկները լցնում էին ավտոբուսների միջնամասում, իրար վրա դարսում, վրան նստում... Ուշ երեկոյան արդեն առաջին շարասյունը ճանապարհվեց դեպի Հայաստան։ Հրապարակում մնացել էին հազարի չափ կամ քիչ ավելի արցախցիներ եւ մի մեծ սպասում: Անհնար է նկարագրել մարդկանց վիճակը վերջին օրը: Դարձյալ անհույս դեմքեր, հուսադրող շշնջոցներ` արդեն ճանապարհին են, Գորիսից դուրս են եկել... Ժամերն անցնում էին, բայց ավտոբուսները դեռ չկային։ 

Դավիթ Իշխանյանին հարցնում եմ` ինչո՞ւ են ուշանում, ի՞նչ նորություն կա։ Պատասխանում է` ասում են, որ ավտովարորդների մի մասը վախենում է, հրաժարվում են գալ: Կրկին անցնում են ժամեր, երեկոյան ժամը 10-11-ի սահմաններում վերջապես Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ մտան երկար սպասված մոտ վեց տասնյակ մեծ ու նախորդներից շատ ավելի հարմարավետ ավտոբուսներ: Մոտավորապես 23:30-ին դուրս եկանք Ստեփանակերտից։ Արցախում մնացած մոտ 1000 արցախցիներով վերջինը հեռացանք մեր հայրենիքից։ Ընդմիշտ լքեցինք մեր երկիրը։ 
Մի քանի հազարամյակ հայեցի ապրող մեր երկիրն առաջին անգամ հայաթափվեց արցախատյաց, հայատյաց մի ճիվաղի պատճառով եւ ողջ «հպարտ» հայության աչքի առաջ։ Հայրիկիս, կրտսեր քրոջս, տատ ու պապերիս եւ նախնիներիս գերեզմանները մնացին գերված ու, ցավոք, ընդմիշտ կորսված իմ հայրենիքում։ 21-րդ դարում մի նոր հայոց երկիր նվիրեցինք թշնամուն։ Ցավը, խայտառակությունը, ամոթը ծանր եւ դաժան խարանի պես դաջվեցին մեր ազգի ճակատին։ 

Ահա՝ այդ օրվա իմ գրառումներից մեկը. «Ժամը 4-ն է։ Խոր գիշեր է։ Լիալուսին է։ Լուսնի արծաթագույն սկավառակը վերեւից նայում է մեզ ու ինքն էլ չի հասկանում, թե ինչու այսպես արեցինք եւ ուր ենք գնում։ Մեր ավտոբուսը խավարը ճեղքելով, մոտ վեց տասնյակ այլ ավտոբուսների հետ մեզ` հայրենիք կորցրածներիս, տանում է դեպ անորոշություն»:
Ինչո՞ւ այսպես եղավ։ Այսպես եղավ, որովհետեւ երեք տասնամյակ շարունակ ՀՀ-ն ու Արցախը ղեկավարել են մարդիկ, որոնք չպիտի լինեին այդ պաշտոններում։ Որոնք ձեւուբովանդակությամբ ոչ միայն եսասեր, ագահ, ընչաքաղց են եղել, այլեւ` ինքնասիրությունից, արժանապատվությունից զուրկ, եւ որոնց մեջ իշխողը դատարկ սնապարծությունը, մեծամտությունն են եղել, եւ նրանք առյուծ ու վագր էին միայն բարձր պաշտոններում, երբ նստած էին այդ աթոռներին։ Բավական էր նրանց տակից հանվեր աթոռը, նրանք՝ բոլորը, դարձան սովորական ողորմելի մարդուկներ։ Իսկ երբ բարձր պաշտոններում էին, այդ նրանք չէին ուժեղ, այլ այն աթոռները, որոնց վրա նստած էին ու շրջապատված օրվա հացի համար դիմացինին հոշոտելու պատրաստ սրիկաներով։ Նրանք՝ բոլորն իրար լրացնելով, ավերել են երկիրը եւ բոլոր կենսական նշանակության ոլորտները, մսխել մեր ունեցած դրականը: Դրանից հետո բավական էր հայտնվեր մի ավելի մեծ չարիք... եւ մի հարվածով պայթեց ստի ու կեղծիքի վրա հիմնված փուչիկը։ Ու ամենամեծ ցավն ինձ համար այն է, որ շատ վաղուց գիտեի, որ գալու է այս օրը։ Պարբերաբար գրում էի, իմ հնարավորություններով պայքարում ներքին տականքի դեմ եւ ոչ միայն ես, բայց պարտվեցինք։ Անկուշտ, սոված, ընչաքաղց տականքը կործանեց ե՛ւ մեզ, ե՛ւ իրենց, ե՛ւ մեր երկիրը։

Վարդգես Օվյան