Նիկոլիզմի նոր դրսեւորումները

Նիկոլիզմի նոր դրսեւորումները

Նիկոլ աղետաբերը, հերթական անգամ նախապես ֆիլտրված հարցերով եւ հաճոյախոսությամբ համեմված 8-ժամյա մենախոսության  ընթացքում  չունենալով ոչ  մի նոր ասելիք, փորձում էր իր հավատարիմ զանգվածին  նախապատրաստել  նոր կորուստների ու աղետների, իսկ 2024թ․ բյուջեի նախագիծը քննարկելիս ՔՊ-ականները հրահանգավորված, վստահ կեցվածքով հանդես էին գալիս լավատեսական նոտաներով, մասնավորապես՝ ազատության հասել են, մնում է խաղաղությունը, որին կհասնեն 2024թ․, եւ այլն։

Կփորձեմ ներկայացնել ՔՊ-ականների պատկերացումները «ազատության» ու «խաղաղության» մասին։ 2021թ․ ԱԺ արտահերթ ընտրությունների նրանց  հիմնական կարգախոսը «անջատում` հանուն  փրկության», ավելի  ուշ` «նշաձողի իջեցման» խոսույթով էր, իսկ ամենամեղմ ձեւակերպմամբ` անգործությամբ, շատ դեպքերում էլ՝ սպասարկելով թշնամու նախաձեռնություններին: Եվ իրականացվեց  արցախահայության բռնի տեղահանումը,  այսինքն՝  նրանց  արտագաղթը Հայաստան  ներկայացնում են որպես փրկություն, իսկ Արցախի հանձնումը թշնամուն համարում են Արցախի բեռից  ազատում՝ հույս ունենալով, որ կպահեն Հայաստանը եւ կկարողանան խուսափել պատասխանատվությունից՝ համազգային աղետի հասցնելու համար: Պատահական չէ,  որ Նիկոլի խամաճիկները շրջանառության մեջ դրեցին հետեւյալ կարգախոսը՝ Արցախը հանձնելով եւ արցախահայությանը հայրենազրկելով տարածաշրջանն այլեւս կոնֆլիկտազուրկ է, եւ հույս ունեն, որ խաղաղության պայմանագիր է կնքվելու։ Իրականում իրենց պատկերացրած խաղաղության պայմանագրի պայմանները պարտադրում է թշնամին, եւ այն վերջնական  կապիտուլյացիան է։ Վերջնարդյունքում` Արցախը հանձնելով, տարածաշրջանը շարունակում է մնալ պայթյունավտանգ, որովհետեւ թշնամին կանգ չի առնելու, իսկ արժանապատվություն ունեցող հայությունը չի համակերպվելու  այս վիճակի հետ։ ՔՊ-ականները հուսով են, որ Արցախը հանձնելով թշնամին կբավարարվի, ստացվեց հակառակը՝ Արցախից ձեռք քաշելով, կազմաքանդեցին անվտանգային համակարգը, չստանալով ո՛չ  ազատություն, ո՛չ էլ խաղաղություն։

2024թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նիկոլականները որպես նվաճում են  ներկայացնում 2018թ․ համեմատ բյուջեի կրկնապատկումը եւ տնտեսական աննախադեպ աճը, ինչը հերթական սուտն ու մանիպուլյացիան է, մասնավորապես՝  անտեսված էր դոլար/դրամ հարաբերակցության տարբերությունը 2018-ի համեմատ, իսկ իրականում չկոռումպացված, կառավարմանն ունակ իշխանություն ունենալու դեպքում բյուջեն պետք է եռապատկված լիներ։
Օրվա իշխանությունները կա՛մ անմեղսունակ են, կա՛մ կառավարվում են դրսից, որոնք անտեսում են անվտանգային համակարգի պահանջները, բյուջեն փոշիացնում են, ցոփ ու շվայտ ապրելակերպի տրվում՝ բազմապատկելով իրենց աշխատավարձերը, չհրաժարվելով պարգեւավճարներից, անտեսելով  պաշտպանական համակարգը: Բանակի ծախսերը թողնելով գրեթե նախորդ տարվա մակարդակին եւ տնտեսությունը թողնելով քրեաօլիգարխիայի ճիրաններում: Իսկ «տնտեսական աննախադեպ աճ» ասվածն իմիտացիա է, ավելի ճիշտ՝ բուտաֆորիա, ինչպես Նիկոլի ներկայացրած ժողովրդավարությունը։

ՀԳ 1․ Նիկոլը պետք է բացատրություն տա, թե ինչպես էր նախկին կոռումպացված իշխանությունների օրոք իր ընտանեկան բիզնեսն աշխատում գերշահույթով, իսկ իրենց իշխանության ժամանակ՝ աշխատում վնասով։ Այդ մասով հրավիրում եմ Հակակոռուպցիոն  մարմնի  ուշադրությունը եւ սպասում եմ արձագանքի՝  գլուխն ավազի  մեջ  պահելով հարցը  չի  փակվում։

ՀԳ 2․ Նիկոլը եւ ոչ միայն նա, պետք է պատասխան տան Արցախի կործանման, հազարավոր զոհերի, հարյուր միլիարդների հասցրած վնասների, ինչպես նաեւ 2018-ից ժողովրդի հույսն ու հավատն ապագայի հանդեպ ոչնչացնելու համար։

Պետրոս Մակեյան