Այն ո՞վ է «նստել» վարչապետի «ականջին»

Այն ո՞վ է «նստել» վարչապետի «ականջին»

Իրավացի են այն բոլոր մարդիկ, ովքեր ասում են՝ հերիք է, մատի փաթաթան սարքեցիք մարդու լեզվական սայթաքումը, բան էր՝ մի անգամ ասաց․ «Կորոնավիրուսն ո՞ւմ շունն ա»։ Ինչքա՞ն կարելի է երեսով տալ, սխալվել է, չի հասկացել վտանգը՝ հասկացանք, հաս-կա-ցանք։
Իրոք, ամեն մարդ էլ կարող է սխալվել, վրիպել, ուրիշներին ու տարբեր վտանգներ թերագնահատել, ինքն իրեն ու իր թիմին՝ գերագնահատել։ Բոլորս էլ սխալական ենք։ Բայց․․․

Բայց ամբողջ հարցն այն է, որ Նիկոլ Փաշինյանի պարագայում այդ սխալները շատ-շատ են, վրիպակները՝ ամեն քայլափոխի, վտանգների թերագնահատումն ու սեփական ուժերի գերագնահատումը՝ շարունակական։ Էլ չենք խոսում լեզվական սայթաքումների, տգեղ բառապաշարի, անթույլատրելի արտահայտությունների, անընդհատ ինչ-որ մարդկանց ու խավերի իրավունքները ոտնահարելու, անմեղության կանխավարկածը խախտելու մասին։
Իհարկե, չի կարելի բացառել, որ այդ վրիպակներն ու «թեւավոր-խոսքերը» նրա մտքի արգասիքը չեն, այլ նրա կողքի մարդկանց թեթեւ ձեռքով են սարքվում։ Մարդիկ, ում նա լսում է, եւ ովքեր նրա վրա ազդեցություն ունեն։

Ասենք, ՍԴ նախագահ դառնալու իր երազանքի ճանապարհին Վահե Գրիգորյանը կարողացել է Նիկոլ Փաշինյանին ներշնչել, որ իշխանությունների շռնդալից հաջողությունների ճանապարհին մի լուրջ խոչընդոտ կա՝ դա Հրայր Թովմասյանն է, որին պետք է հեռացնել ամեն գնով՝ անգամ նրա դեռահաս աղջիկներին «ԱԱԾ-ի պադվալներում» փակելու միջոցով, որ հայրը «կոտրվի»։ Շատ հնարավոր է, որ «շնաբարո դուրսպրծուկներ» արտահայտությունը ոչ թե Փաշինյանի անձնական մտահղացումն է, այլ դրա հեղինակային իրավունքը պատկանում է հենց Վահե Գրիգորյանին։
Չի կարելի բացառել, որ «վնգստացող դատավորներ» արտահայտությունն էլ նրան նրբորեն մատուցվել է, ասենք, Գագիկ Ջհանգիրյանի կամ Ռուստամ Բադասյանի կողմից, որոնք վարչապետին համոզել են, որ դատավորները վերից վար եւ առաջինից մինչեւ վերջինը կաշառակերներ են, սրիկաներ եւ նախկինների սպասավորները։ Հիմա էլ շարունակում են նախկիններից պատվերներ ստանալ, եւ հարկավոր է, որ վարչապետը նրանց դիմակը պատռի։ Արդյունքում ծնվել է «վնգստացող դատավորներ» «թեւավոր խոսքը»։

Իսկ լրագրողների ու լրատվամիջոցների հասցեին արված՝ «99 տոկոսը ծախված են» արտահայտությունը շատ հնարավոր է նրա տիկնոջ՝ Աննա Հակոբյանի մտահղացումն է, որն ինչ-որ պահից, երբ սկսեցին քննադատել Փաշինյաններին, դարձավ մամուլի ոխերիմ թշնամին, ու չկա մի հարցազրույց, որ չբողոքի լրագրողներից։ Գուցե գիշերները տիկինն այնքան է շշնջացել ականջին, որ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել, եւ նա կնոջ ներշնչանքը վերածել է վերբալ դրսեւորման։
Շատ հնարավոր է, որ, ասենք, Ռուբեն Ռուբինյանը կամ Զոհրաբ Մնացականյանն էլ նրան տրամադրել են մեր դիվանագիտական կորպուսի, հնուց աշխատող դեսպանների, արտաքին քաղաքականության ոլորտի նախկին աշխատողների դեմ՝ փորձելով արդարացնել արտաքին ճակատում իրենց կրած անհաջողությունները, որ Նիկոլ Փաշինյանը, անսալով նրանց, մի օր վեր կացավ ու ասաց․ «Մենք արտաքին քաղաքականություն չենք ունեցել, մենք զրոյից արտաքին քաղաքականություն ենք ստեղծում», իսկ նրանք, ովքեր փորձում են Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ ստեղծել, ռուսների «կոշիկներն են լիզել» ու, ընդհանրապես՝ «կոշիկ լիզողներ են»։

Պետք չէ բացառել, որ, ասենք, մի քանի պատգամավորների ձեռքից մանդատը վերցնելու գաղափարը նույնպես Նիկոլ Փաշինյանի գլխում չի ծագել, այլ՝ նրա մերձավոր շրջապատի։ Ասենք, Հակոբ Սիմիդյանն այնքան է «կաթացրել» անհնազանդների ուղղությամբ, որ վարչապետը որոշել է իր հավատարիմ զինակցի ասածը լսել եւ, օրինակ, Վարդան Աթաբեկյանից եւ մի քանիսից մանդատը հետ ուզել։  

Ո՞վ կարող է ժխտել, որ կորոնավիրուսի դեմ պայքարում մեր թերացումներն ու հայտնի հայտարարություններն էլ կողքից չեն ներշնչել վարչապետին՝ նույն Արսեն Թորոսյանը կամ տնտեսական բլոկի նախարարներ-փոխվարչապետներ-ԿԲ նախագահ։ Նրանց մի մասն անհեռատես է, մյուս մասը փողի ու տնտեսության պսեւդոզարգացման համար են, իբր, անհանգիստ։ Եվ վստահ են, որ կորոնավիրուսը կառավարական կաբինետներ չի հասնելու, ուստի լավ է՝ մարդիկ մեռնեն, քան՝ տնտեսությունը։

Բայց անգամ եթե Փաշինյանի կողքին հավաքվածները միայն չար, անհեռատես, անմեղսունակ զանգված են եւ ողջ օրը զբաղված են նրան թունավորելով ու սխալ կոդեր ներշնչելով, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը պետք է այնքան գրագետ ու լայնախոհ լինի, այնքան հեռատես ու զգույշ, այնքան խելացի ու թելադրանքի չտրվող, որ չենթարկվի այս կիսագրագետ ու հիվանդ մարդկանց թելադրանքներին։