Մենք բաց ենք թողել ժամանակը, բաց ենք թողել մեխանիզմները և հիմա պարզապես արտահայտում ենք դժգոհություն

Մենք բաց ենք թողել ժամանակը, բաց ենք թողել մեխանիզմները և հիմա պարզապես արտահայտում ենք դժգոհություն

«Հրապարակի» զրուցակիցն է քաղաքագետ Հակոբ Բադալյանը:

- ՌԴ նախագահ Պուտինը եւ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները ժամանել են Հայաստան: Մի շարք պրոարևմտյան գործիչներ, քաղաքական ուժեր հակառուսական ցույցեր են կազմակերպել: Այս իրավիճակում ճի՞շտ է նմանատիպ ցույցերի անցկացումը:

- Ես չեմ կարծում, որ Պուտինն ունի խնդիր` տեղյակ լինել իր հանդեպ Հայաստանում վերաբերմունքից կամ Ռուսաստանի հանդեպ տրամադրություններից, եթե, իհարկե, ունի դա իմանալու հետաքրքրություն… Եվ այս իմաստով չեմ կարծում, որ այդօրինակ քայլերն ունեն որևէ քաղաքական էֆեկտիվություն, և չեմ պատկերացնում, թե ինչ խնդիրներ են լուծվում դրանցով: Այսինքն, հարցն այն չէ` դրանք հիմնավոր են, արդարացի՞ են, թե՞ ոչ: Ես դիտարկում եմ այդ քայլերը զուտ քաղաքական էֆեկտիվության տեսանկյունից և պարզապես չեմ տեսնում, թե դրանցով ինչ խնդիր է լուծվում, այս տեսանկյունից եմ նայում տեղի ունեցողին: Եվ սա չի վերաբերում միայն Պուտինին, սա վերաբերում է ընդհանրապես որևէ երկրի, որևէ բարձրաստիճան անձի հանդեպ կամ ուրախության, ոգևորության, կամ հակառակ ակցիաներին: Ես չեմ տեսնում դրանց քաղաքական հիմնավորվածությունն ու արդյունավետությունը հատկապես այն համաշխարհային միջավայրում և Հայաստանի այն անվտանգային ու քաղաքական մարտահրավերների և խնդիրների համատեքստում, որն այսօր կա: Ես չեմ կարծում, թե այսօր դրանցով է պետք զբաղվել, որ գոհունակության կամ դժգոհության ակցիաներ ցույց տան․․․ եթե այդ պաշտոնյաներին հետաքրքիր է, թե ինչ են մտածում Հայաստանում իրենց մասին, իրենք շատ լավ գիտեն այդ ամեն ինչը, իսկ եթե հետաքրքիր չի, ապա այդ ակցիաները չեմ կարծում, որ նրանց վրա որևէ ազդեցություն ունենալու են:

- Ճի՞շտ հասկացա Ձեզ, որ, օրինակ, Նենսի Փելոսիին աղուհացով դիմավորելը ևս ճիշտ չէր:

- Լինի Նենսի Փելոսին, թե որևէ մեկը: Խնդիրը հետևյալն է. եթե այս տրամաչափի գործիչներին իսկապես հետաքրքրում են, թե Հայաստանում կամ որևէ այլ երկրում իրենց մասին ինչ են մտածում, հասարակական հարաբերակցությունը` պատկերացումների, տրամադրությունների, ինչպիսին է, դա իրենք գնահատելու են ոչ թե նրանով՝ իրենց աղուհացով դիմավորեցին, թե ոչ, այլ գնահատելու են շատ ավելի առարկայական գործիքներով՝ հասկանալու համար իրական-հասարակական տրամադրությունները, որովհետև որևէ մեկին հազար հոգի կարող է աղուհացով դիմավորել՝ ես հիմա նենսի Փելոսիի մասին չեմ խոսում միայն, ընդհանրապես այդ գործողությունների տրամաբանության, բայց 20 հազար հոգի կարող են ունենալ լրիվ այլ տրամադրվածություն: Այսինքն, եթե մենք խոսում ենք հասարակական գնահատական ցույց տալու մասին, ապա եթե տվյալ գործչին այդ գնահատականը հետաքրքրում է, ապա դրա մասին պատկերացում կազմելու համար նրանք բազմաթիվ այլ առարկայական գործիքներ ունեն: Եթե չի հետաքրքրում, ապա այդօրինակ ակցիաները չեմ կարծում, թե որևէ ազդեցություն թողնում են:

- Մի հետաքրքիր առանձնահատկություն կա։ Հիմնականում պրոարևմտյան կողմնորոշում ունեցող ուժերը կամ անձինք մեղադրում են Ռուսաստանին` դաշնակցային պարտավորություները չկատարելու համար, սակայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր հանդիսացող ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նկատմամբ նույն հարցադրումը չի արվում։ Չէ՞ որ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան էլ, Մինսկի խմբի անդամ լինելով, շատ անհասցե հայտարարություններով հանդես եկան 44-օրյա պատերազմից հետո:

- Եթե խոսում ենք երևույթի մասին, ինչ է արել Ռուսաստանը 44-օրյա պատերազմի ընթացքում, ինչ են արել Մինսկի խմբի մյուս համանախագահները, ապա այստեղ շատ պարզ է, որ Ռուսաստանը, ֆորմալ առումով լինելով Հայաստանի դաշնակից, իրական շահերի տեսանկյունից որևէ էական, սկզբունքային գործողություններ չի իրականացրել՝ դաշնակցային պարտավորություններից բխող, որովհետև իր պատկերացումները և գնահատականները շատ վաղուց եղել են բոլորովին այլ տրամաբանության շրջանակում, քան Հայաստանի կամ Հայաստանի հասարակության: Եվ այդ տեսանկյունից այն խնդիրները, որ եղել են, հասարակական-քաղաքական շրջանակներ այսօր են բարձրաձայնում՝ պատերազմից հետո։ Ես այդ ամենի մասին ինքս անձամբ գրել եմ բազմաթիվ անգամներ պատերազմից առաջ և ընդհանրապես դեռևս տասնամյակ առաջ: Ռուսաստանի շահերը լիովին այլ տրամաբանության մեջ են, և ինքը լիովին այլ տրամաբանության մեջ է դիտարկում իր անելիքները և մոտեցումները, քան մենք ենք պատկերացնում։ Եվ այդ տրամաբանությունը, եթե ամփոփ ներկայացնեմ, եվրասիա-թուրքական շրջանակի տրամաբանությունն է: Մենք պետք է ժամանակին կարողանայինք հասկանալ այդ ամեն ինչը, կարդալ և փորձել գտնել դրան հակազդելու, այդ օղակում չհայտնվելու մեր անելիքները: Մենք բաց ենք թողել ժամանակը, մենք բաց ենք թողել մեխանիզմները և հիմա պարզապես արտահայտում ենք դժգոհություն, մինչդեռ մեր խնդիրն այսօր գոհություն կամ դժգոհություն արտահայտելը չէ, խնդիրն այսօր հասկանալն է, թե ինչ ենք անում հետագայում այդ օղակում չճզմվելու համար, ինչ քայլեր ենք անում, ինչ հնարավորություններ ունենք՝ մեր անելիքներն այդ օղակի ներսո՞ւմ են, թե՞ այդ օղակից դուրս: Մենք այս խնդիրների մասին պետք է մտածենք և առարկայական լուծումներ ու բանաձևեր քննարկենք: Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգներին և այլ երկրներին, տեսեք, խնդիրը հետևյալն է՝ յուրաքանչյուրն ունի պատասխանատվության իր բաժինը, և Հայաստանի հասարակությունը, և Հայաստանի հասարակական և քաղաքական միջավայրը բոլորի առաջ պետք է դնեն այդ պատասխանատվության բաժինը։ Հասկանալի է, երբ որևէ երկիր, տվյալ դեպքում` Ռուսաստանը, ունի ռազմաքաղաքական դաշնակցային պարտավորություններ՝ իրավապայմանագրային բազայով ստանձնած, հասարակությունն այդ սուբյեկտի առաջ միանգամայն հիմնավոր կերպով շատ ավելի մեծ պատասխանատվություն է դնում, քան այլ երկրների առաջ, որոնք չունեն այդպիսի պարտավորություններ Հայաստանի առաջ ստանձնած: Բայց ցանկացած միջազգային դերակատարի առաջ պետք է դնել այս պատասխանատվությունը՝ ռեգիոնալ խաղաղության և անվտանգության համար, որովհետև, այո, Հայաստանի հանդեպ չունեն դաշնակցային պարտավորություն, բայց ունեն միջնորդական պարտավորություն, և եթե որևէ երկիր ներգրավված է եղել խաղաղ կարգավորման գործընթացում, եթե խոսվել է այն մասին, որ պետք է բացառվի ուժի կիրառումը կամ դրա սպառնալիքը, ապա արդեն, ըստ այդ դերակատարման, մենք պետք է բոլորի առաջ դնենք իրենց պատասխանատվության հարցը:

- Հայտնի դարձավ, որ Պուտինը Փաշինյանի հետ առանձնազրույց-հանդիպում է ունենալու: Ինչ-որ նորությու՞ն ենք լսելու, թե՞ հերթական օրակարգային այցն է:

- ՀԱՊԿ գագաթնաժողովն է, ու դրա շրջանակում էլ Պուտինն այցելում է Հայաստան, դրա շրջանակում էլ, բնականաբար, տեղի է ունենում հայ-ռուսական բարձր մակարդակի հանդիպում: Բովանդակությունը լինելու է այն խնդիրների շուրջ, այն օրակարգերի շուրջ, որ կան ռեգիոնում և ՀԱՊԿ շրջանակում, թե կոնկրետ ինչ հարցեր են քննարկելու՝ մենք կիմանանք կամ հանդիպումից հետո, կամ կիմանանք մասնակի: