Ահա այսպիսի տրամաբանություն

Ահա այսպիսի տրամաբանություն

100 տարի առաջ Հայաստանի առաջին հանրապետության դաշնակցական ղեկավարությունը չկարողացավ կողմնորոշվել միջազգային իրադրությունում ու թշնամացավ բոլշեւիկների հետ: Հրապուրվելով մեռելածին Սեւրի պայմանագրով եւ ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի, այսպես կոչված, իրավարար վճռով՝ հայոց երիտասարդ պետությունը տարավ կործանման: Արդյունքում 1920 թվականի դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերն Ալեքսանդրապոլում կապիտուլյացիոն պայմանագիր կնքեց թուրքերի հետ: Հայաստանին, ըստ այդ պայմանագրի, մնում էր 10 հազար քառ/կմ տարածք եւ թուրքական հեգեմոնության ներքո ինքնավարության ինչ-որ տարբերակ: Ներքին եւ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերը կարգավորվելու էին թուրքերի կողմից:

Բոլշեւիկների շնորհիվ պայմանագիրը չեղյալ համարվեց (ավելի ճիշտ՝ գցվեց աղբարկղը), ու երկրի տարածքը կազմեց ավելի քան 30 հազար քառ/կմ: Դրանում ներառվեց Գ. Նժդեհի շնորհիվ հայկական մնացած Զանգեզուրը՝ այսօրվա Սյունիքի մարզը: Ի տարբերություն Հայաստանի՝ արհեստածին Ադրբեջան պետության մուսավաթական ղեկավարությունը մեկ գիշերվա մեջ վերածվեց բոլշեւիկների բարեկամների (թուրքերի խորհրդով) եւ արդյունքում հայտնվեց շահեկան վիճակում:

Հայաստանի Հանրապետության՝ գումարած Արցախը, տարածքը 1813 թվականից ներառվել է Ռուսաստանի կայսրության կազմում՝ ռուս-պարսկական հաղթական պատերազմի արդյունքում: Դրանից 100 տարի անց բոլշեւիկյան հեղաշրջման պատճառով ռուսական զորքերը հեռանում են տարածաշրջանից, եւ երկնքից ցած ընկած խնձորների նման՝ մեզ անկախություն է բաժին հասնում: Սակայն մեր տարածաշրջանը չի դադարում լինել ռուսական ազդեցության գոտում, եւ ռուսական բանակը վերադառնում է Հարավային Կովկաս: 70 տարի անց պատմությունը կրկնվում է: Ընդհանրապես, այն բացասական ուղղվածությամբ կրկնվելու հատկանիշ ունի, եթե որեւէ ժողովուրդ դասեր չի քաղում գոնե սեփական պատմությունից: Այդ ժողովուրդը հենց մենք ենք: 70 տարի անց, ինչպես ասվեց, մենք կրկին անկախություն ենք ստանում ու կրկին փորձում ենք մեզ պահել այնպես, կարծես թե դուրս ենք ռուսական ազդեցության գոտուց: Դա 14 տարի առաջ փորձեցին անել մեր հարեւան վրացիներն ու զրկվեցին վրացական տարածքներից: Ի դեպ, նրանք սեփական սխալներից դաս էին առել եւ ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում չեն միանում Ռուսաստանի նկատմամբ կիրառվող արեւմտյան պատժամիջոցներին:

Բայց եթե Վրաստանի ղեկավարությունը գրագետ վարքագիծ դրսեւորեց, ապա նույնը չենք կարող ասել Հայաստանի ոչ բարով-խերով ղեկավարության մասին: ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող «մեծարգո» Փաշինյան Նիկոլը չի դադարեցնում արեւմտյան կողմնորոշմանն անցնելու փորձերը: Բայց քանի որ թե՛ Հայաստանի եւ թե՛ Արցախի անվտանգությունը կախված է Ռուսաստանից, ստիպված է անընդհատ ետուառաջ քայլեր անել: Ինչը, բնականաբար, խելացի ու գրագետ համարել չես կարող: Իսկ այդպիսի արտաքին քաղաքականության հետեւանքով ծանր հարվածներ է ստանում պետությունը: Ասել, որ դա չի հասկանում Փաշինյանը, սխալ կլիներ: Քանի որ չեմ կարծում, թե նա այդ աստիճանի անգրագետ է: Բայց, հասկանալով հանդերձ, նույնը շարունակելը խոսում է մարդուն ոչ հատուկ համառության մասին, ինչը, դժբախտաբար, լավ ավարտ ունենալ չի կարող․․․ երկրի համար։

Դա բավարար չէ, իրեն ընդդիմադիր հռչակած սորոսա-բեւեռական շարժումն է ճնշում գործադրում Նիկոլի վրա՝ արեւմտյան դիրքորոշում որդեգրելու պահանջով: Իրենք իրենց հայրենասերներ համարող այդ մարդիկ այսօր կրկնում են 100 տարի առաջվա մեր եւ 14 տարի առաջվա վրացական սխալները: Զավեշտալին այն է, որ որտեղ ինչ պատահի՝ դրանք մեղադրում են Ռուսաստանին ու դա ածանցելով մեզ վրա՝ մարդկանց մղում են հակառուսականության վտանգավոր դաշտ: Վերջին օրինակը թուրքերի կողմից սիրիական քրդերի դիրքերի ռմբակոծումն էր:

Այն ջոկատների, որոնք ժամանակին ամերիկյան սպառազինություն էին ստացել ու գտնվում էին ամերիկյան հովանավորության ներքո: Եվ այդ քրդերին, որոնք հակադրության մեջ են գտնվում Ռուսաստանի կողմից պաշտպանվող սիրիական կառավարության հետ, չգիտես ինչ տրամաբանությամբ, պետք է պաշտպանեին ռուսները: Իսկ քանի որ նրանց չեն պաշտպանել, ապա վաղը, ըստ բեւեռականների, չեն պաշտպանելու նաեւ մեզ: Ահա այսպիսի տրամաբանություն...