Դու տվել ես, ես վերցրել եմ կամ նվերը հետ չեն տալիս 

Դու տվել ես, ես վերցրել եմ կամ նվերը հետ չեն տալիս 

Դեռևս 2021թ մայիսին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է․ « Ընդհանրապես, առանց նախապայմանների էլ կարելի է զորքերը հետ քաշել, մինչև դիտորդները գան»։ Ասել ու այդպես էլ արել է՝ առանց նախապայմանների զորքերը հետ է քաշել։ Այդ մասին ինքն է խոստովանել 2021-ի հոկտեմբերի 27-ին ազգային ժողովում․ «Ոչ, ես եմ տվել հրաման հետ քաշվելու, Վաղարշակ Հարությունյանն իրականացրել է այդ հրամանը»։ Ու հիմա, երբ ՀՀ սուվերեն տարածքում Ադրբեջանը դիրքեր է ամրացնում, Նիկոլ Փաշինյանը խոսում է 31 ոչ անկլավ գյուղերի կենսական տարածքների մասին, որոնք  գտնվում են ադրբեջանական օկուպացիայի տակ։ Օկուպացիա նշանակում է զավթում, այսինքն պատերազմում պարտված երկրի տարածքի ժամանակավոր գրավվումը հաղթող երկրի զինված ուժերի կողմից։ Թե ինչպես Փաշինյանը կարող է բացատրել, որ ինքը տարածքներ է հանձնել առանց մի փամփուշտի կրակոցի, դա էական չէ։ Էականն այն է, որ նա թշնամուն թույլ է տվել առանց կրակոցի, որոշ դեպքերում խմբով գերի հանձնվելու կամ չկրակելու գնով ՀՀ սուվերեն տարածք ներխուժի։  Ինքը առանց դիմադրության զորքը հետ քաշել է տվել։ Դա ինքն է խոստովանել։ Իսկ թե ինչու է այդպես արել, կարող ենք ենթադրել նրա նախօրոք արված բացատրությամբ՝ « Ընդհանրապես, առանց նախապայմանների էլ կարելի է զորքերը հետ քաշել, մինչև դիտորդները գան»։

Այսինքն դեռ 2021-ի հոկտեմբերին՝ մինչև Արցախի հանձնումը, ինքը տեղյակ էր , որ դիտորդներ պետք է գան, որ դրսից «տղաներ բերել պիտի տա»։ Դիտորդները կգան ու կասեն Ադրբեջանին՝ հեռու կորեք այստեղից, սա Հայաստանինն է։ 2021 թվականից առ այսօր ողջ բանակցությունների թեման սա է՝ այսինչ կամ այնինչ պետությունը զուտ հայտարարության կարգով ասում է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պիտի պահպանվի։ Իսկ թե ո՞րն է այդ տարածքային ամբողջականությունը,  նույնիսկ Նիկոլ Փաշինյանը չգիտի, գիտի միայն Ալիևը, ով ասում է․ «Բաքուն չի ընդունում ՀՀ 31 բնակավայրերի տարածքների օկուպացիայի փաստը»։ Սա ի՞նչ է նշանակում՝ դու տվել ես տարածքները, ես էլ վերցրել եմ։ Նվերը հետ չեն տալիս։ Սա օկուպացիա չի, ես չեմ զավթել։ Ընդունել ես դու, որ դրանք իմ տարածքներն են ու խաղաղ ձևով, երբեմն «կռվի տեսարաններ սարքելով»՝ հանձնել ես իմ հասանելիքը։ Ուրիշ բան կարելի՞ է մտածել։ Բաքվի հայտարարություններն առավել քան պարզ են։ Ու նաև պարզ են թե ինչու սուսիկ- փուսիկ թվացող Մհերը կամ մեկ ուրիշն  է դրանց մասին խոսում։ Հանձնման այս գործընթացը Նիկոլ Փաշինյանը չի ուզում մենակ իր վրա վերցնի, կիսում է կերակրատաշտից «հավեսով» սնվողների հետ։ Ալիևի հայտարարությունը՝ «Բաքուն չի ընդունում ՀՀ 31 բնակավայրերի տարածքների օկուպացիայի փաստը» վկայություն է, որ նա սպասում է խոստացվածի խաղաղ հանձնմանը, նա վստահում է իր գործընկեր Նիկոլ Փաշինյանին, չէ՞ որ տեսել ու հիացել է նրա անվրեպ գործով։ Սա ոչ թե հարաբերական խաղաղություն է, այլ հարաբերական սպասում։ Եթե խոստացվածի կատարումը ձգձգվեց, ինչպես Ալիևն է ասում՝ քայլելով կգա ու կմտնի։  Որտեղի՞ց է գալիս այդ վստահությունը։ Հասկանալու համար նույնիսկ մտածել պետք չէ։