Կառավարությունն օրենքով կպայքարի «օրենքով գողերի» դեմ

Կառավարությունն օրենքով կպայքարի «օրենքով գողերի» դեմ

Կառավարության այսօվա նիստում հաստատվեց ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Դրանով կառավարությունը որոշել է պայքարել օրենքով գողերի, քրեական հեղինակությունների դեմ՝ ըստ էության փակելով նրանց «օդերը»։ Նախագիծը զեկուցող արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ այս փոփոխություններով նախատեսվում է քրեական պատասխանատվություն սահմանել այնպիսի արարքների համար, որոնք էականորեն ոտնձգում են մեր սահմանադրական արժեքների, հասարակության մեջ ձևավորված վարքագծի կանոնների դեմ և մարտահրավեր են համարվում հասարակության ու պետության համար։ 

«Մասնավորապես, նախատեսվում է այս փոփոխությամբ քրեական պատասխանատվություն նախատեսել քրեական աստիճանականությամբ բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու պահպանելու համար, քրեական ենթամշակույթով խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար, քրեական ենթամշակույթ  կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավվելու համար։ Միաժամանակ, նախատեսված է խրախուսական նորմ այն մասնակցի համար, ով կբացահայտի քրեական տարրերին ու խմբերին»,-ասաց Բադասյանը։

Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ խոսքը, ասպես կոչված, «օրենքով գողերի», «սխոդկաների», «աբշյակների» և այս կարգի այլ երևույթների մասին է՝ նկատելով, որ այս օրենքի ընդունման նպատակն այն է, որ այս գործընթացին ներգրավված մարդիկ ենթարկվեն քրեական պատասխանատվության։ 

«Սա շատ տրամաբանական նախագիծ է, որովհետև այս ենթամշակույթի մարդիկ բանտը համարում են իրենց տունը։ Հետևաբար, նրանց բոլորին պետք է ուղարկել իրենց տանը ապրելու»,- ասաց  Փաշինյանը։