Ռուսաստանը չի հասել ոչ մի նպատակի ու հիմա ժամանակ է ձգում

Ռուսաստանը չի հասել ոչ մի նպատակի ու հիմա ժամանակ է ձգում

«Հրապարակի» հարցերին պատասխանում է ուկրաինաբնակ քաղաքագետ Մարատ Հակոբյանը:

- Ռուս-ուկրաինական պատերազմի վերջը չի երեւում, սակայն որոշ տեսակետներ կան, որ պատերազմը վճռորոշ փուլ է մտել: Ձեր գնահատմամբ` ի՞նչ իրավիճակ է այսօր տիրում Ուկրաինայում:

- Այն նարատիվը, որ վճռորոշ փուլ ենք մտել, չի համապատասխանում իրականությանը: Պայմաններն այնպիսին են, որ վճռորոշ փուլի մասին խոսք լինել անգամ չի կարող: Թեժ մարտերը շարունակվում են ճակատի ողջ գծով, սակայն ամենաթեժ իրավիճակը Դոնեցկի մարզում է: Ռուսներին չի հաջողվում հասնել իրենց նպատակին, ուստի ավելացրել են պրոպագանդայի չափաբաժինը:

- Մեկ տարուց ավել է՝ պատերազմը չի դադարում, անգամ վերջը չի երեւում: Ըստ Ձեզ` այն դեռ որքա՞ն կարող է տեւել:

- Եթե սոցհարցումներով ու Ուկրաինայի ղեկավարության հայտարարություններով առաջնորդվենք, ապա պատերազմը տեւելու է այնքան, մինչեւ Ուկրաինան ազատագրի իր բոլոր տարածքները, որոնք Ռուսաստանն է գրավել: Քանի դեռ պատերազմը շարունակվում է, Ուկրաինան չի հաղթել, վերջի մասին խոսելն անիմաստ է:

- Ասում եք, որ Ռուսաստանը ռազմի դաշտում հաջողություններ չի արձանագրում: Եկեք ավելի կոնկրետ խոսենք: Իսկ ի՞նչ հաջողություններ ունի Ուկրաինան:

- Մի բանակ, որն իրեն հռչակել էր աշխարհի ամենահզոր երկրորդ բանակը, որը կարող է Կիեւը երեք օրում գրավել, սակայն արդեն մեկ տարուց ավելի է՝ չի կարողանում դա անել, ինձ թվում է` սա արդեն իսկ բոլոր հարցերի պատասխանները տալիս է, եւ պարզ է դառնում, թե ինչ ասել է Ռուսաստանը, ռազմի դաշտում հաջողություններ չի արձանագրում: Պատերազմի սկզբում Ռուսաստանը կար ավելի քան տասը մարզում, սակայն այժմ մնացել են հինգ մարզում, մնացյալ հինգից դուրս են եկել: Բացի Ղրիմից, ոչինչ չեն գրավել, ո՛չ Լուգանսկը, ո՛չ Դոնեցկը, ոչինչ: Նոր էսկալացիայի փուլում Ռուսաստանը չի հասել իր առջեւ դրած ոչ մի նպատակի ու հիմա պարզապես ժամանակ է ձգում, որպեսզի փորձի իր իսկ լարած ծուղակից դուրս գալ: Աշխարհը ցույց տվեց, որ ուժի կիրառմամբ հարցեր լուծելն ապագա չունի: Ուկրաինայի ժողովուրդն ու բանակն ապացուցում են, որ կարող են կանգնեցնել ռուսական բանակին՝ ետ վերցնելով իրենց իսկ տարածքները:

- Ուկրաինայում հայ համայնքը բավականին մեծ է: Այս պահի դրությամբ քանի՞ զոհ կա հայ համայնքից:

- Նույնականացված զոհերի մասին կարող եմ միայն խոսել: Դրանք հիսունն են: Մարիուպոլում շատ-շատ զոհեր կան, հնարավոր չէ բոլորի ինքնությունը պարզել: Այս պահին կարող ենք միայն հիսունի մասին խոսել: Հայ համայնքն Ուկրաինայի ողջ բնակչության պես խիզախ է: Ով ինչով կարողանում է, աջակցում է: Կռվում են, աշխատում են, պայքարում են…. Աշխատատեղեր են ստեղծում: Ինչպես ուկրաինացիները, այնպես էլ հայերը կռվում են հանուն արդարության: Ասեմ, որ հայերը շատ լավ են կռվում: Ուկրաինան մի պետություն է, որտեղ հայ համայնքն իրեն մշտապես լավ է զգացել, լիարժեք ապրել է: Պատերազմի ժամանակ էլ հայերը չեն վարանում զավթիչին դուրս թողնել այստեղից: Հայերը նաեւ տարբեր շքանշաններ են ստանում` իրենց հաջողությունների համար: