Դիրքերն առաջ են բերվել, բայց Չինարիի անվտանգության հարցը չի լուծվել

Դիրքերն առաջ են բերվել, բայց Չինարիի անվտանգության հարցը չի լուծվել

Տավուշի սահմանամերձ Չինարիի տարածքում 140 հա տարածք ազատագրելու եւ հայկական դիրքերը բարելավելու մասին համացանցում փոթորիկ բարձրացրած լուրը պաշտոնապես հաստատվեց, բայց նոր հարցեր առաջ բերեց։ Սկսենք սկզբից։ 

Հանգստյան օրերին որոշ լրատվամիջոցներ տեղեկություն տարածեցին, որ Հայկական զինված ուժերը Տավուշի հատվածում 140 հա հող է ազատագրել։ Ժամեր անց լուրը հաստատվեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի կողմից, սակայն՝ կցկտուր եւ ոչ հստակ մեկնաբանությամբ. «Բերեք ես հստակ թվեր, հեկտարներ չասեմ, ես հայտարարություն արել եմ հենց նույն օրը, որ եթե մենք Ադրբեջանի նման աղմուկ չենք բարձրացնում, դա չի նշանակում, որ մենք չենք իրականացնում դիրքերի բարելավում: Դա մշտական գործընթաց է եղել տարբեր հատվածներում, այդ թվում՝ անցած տարի, որ այսպես ասած, «սև փիառով» մեզ նախիջևանյան ուղղությամբ փորձեցին էսպես բաներ ներկայացնել, մենք էնտեղ էլ ենք դիրքեր բարելավում, դա զինված ուժերի մշտական աշխատանքն է»։

Խոսնակն ասաց, որ ՀՀ զինված ուժերի այս գործողություններն ու առաջխաղացումը հակառակորդի համար անսպասելի է եղել:

Հայտարարությունից հետո գործի անցավ քաղաքական էլիտան, իշխանության ներկայացուցիչները մեկը մյուսի ետեւից մանրամասն տեղեկատվություն տրամադրեցին՝ շատ ավելին, քան դա կաներ ՊՆ մամուլի խոսնակը։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շտապեց աչքալուսանք տալ. «Չինարին այլևս չի կարող գնդակոծվել։ Հայաստան մտնող գազամուղի անվտանգությունը ևս ապահովված է։ Փառք հայ զինվորին։ Փառք Հայոց բանակին»:
 Իմ Քայլի պատգամավոր Գայանե Աբրահամյանն էլ գրեց ․«Մերոնք դիրքեր են գրավել, 140 հա, երեք գլխավոր ստրատեգիական բարձունքներ, որտեղից Չինարի գյուղը, հայ վրացական գազատարն ու ճանապարհն ուղիղ նշանառության տակ էին։ Չինարի գյուղի մոտ գտնվող Խորանաշատ վանքը 13-րդ դարի, որը չէր գործում, քանի որ ճանապարհը վտանգավոր էր, այսուհետ կբացվի, համեմատաբար ապահով կլինի, այլեւս ՀՀ զինուժն է ճանապարհը վերահսկում»։

Իշխանականների գրառումների վերաբերյալ քննադատական վերլուծություններ արեցին նաեւ ռազմական փորձագետները՝ փաստելով տեղեկատվական անվտանգության զրո մակարդակը, որի պայմաններում իշխանական էլիտան առանց ճշտելու իրերն ու երեւույթները խեղաթյուրված ինֆորմացիա է տարածում՝ նոր սպառնալիք առաջացնելով սահմանամերձ տարածքի բնակչության համար։

Մասնավորապես ԱԺ նախագահի մասով Կարեն Վրթանեսյանը նկատել էր, որ իրականում Չինարին գազատարի հետ որևէ կապ չունի, նրանք իրարից հեռու են 50 կիլոմետրով,  եւ չնայած Չինարիի մոտ դիրքային բարելավում ունենք, բայց հակառակորդի բոլոր դիրքերը մնում են իրենց տեղում և կախված են Չինարիի վրա, հետեւաբար, գնդակոծության վտանգը շարունակում է մնալ, ինչպես և նախկինում կար։ 

Ուշագրավ է, որ Չինարիի համայնքապետ Սամվել Սագոյանը նույնպես խոստովանեց, որ չնայած համեմատական բարելավմանը, սակայն չի կարող պնդել, որ գյուղի անվտանգության հարցը լուծվել է «Դեռևս չի լուծվել հարցը, ցանկության դեպքում կրկին կարող են գյուղի ուղղությամբ կրակել, բայց հիմա մենք կարող ենք սաստել իրենց»։ 

Այդուհանդերձ, դիրքերի բարելավումից հետո գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն եղել։ Հիշեցնենք, որ Չինարին խոշորացման արդյունքում ընդգրկվել է Բերդ համայնքի կազմում։ Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանը խուսանավեց հստակ պատասխանից․«Անգամ մեկ մետրի առաջ գնալը Չինարիի համար անվտանգության երաշխիք է, իսկ մնացած բոլոր ինֆորմացիաները, որոնք հրապարակվել են թերթերում, ես ճիշտ եմ համարում, որ զինվորականները մեկնաբանեն»։ Հետաքրքրվեցինք՝ Խորանաշատ վանքը  կվերանորոգվի եւ այլեւս անվտանգ կլինի՞ եկեղեցի այցելելը, համայնքապետը փոխանցեց, որ Չինարիի՝ արտերկրում գտնվող բնակիչներից շատերը պատրաստակամություն են հայտնել միջոցներ տրամադրել․ «Իսկ անվտանգության մասով պետք է վստահենք մեր զինվորականներին, եթե ասում են՝ անվտանգ է, ապա ոչ մի կասկած չպիտի ունենանք»։ Նկատենք, որ Մանուչարյանը իր գործընկեր Սագոյանի պես կցկտուր պատասխաններ էր տալիս, չցանկացավ մանրամասներ հայտնել՝ երբ եւ ինչպես են դիրքային բարելավումը գրանցել եւ սեփական կարծիքը հայտնել անվտանգության երաշխիքների մասով։ 

Ի դեպ, որոշ տեղեկություններով՝ դիրքերի բարելավման այս օպերացիան իրականացվել է  մոտ երկու ամիս առաջ, գնդապետ Գրիգորի Խաչատուրովի հրամանատարությամբ։ Նա հանրահայտ Յուրի Խաչատուրովի որդին է, ով մեղադրվում է Մարտի 1-ի գործի շրջանակներում ու ներկայումս ապաստան է գտել Ռուսաստանում։  Ավելին, կրտսեր Խաչատուրովի սկանդալային անցյալի մասին եւս մամուլում հոդվածների պակաս չի զգացվում։ Գրիշա Խաչատուրովը այժմ  ՀՀ ՊՆ 3-րդ բանակային զորամիավորման մարտական ստորաբաժանումներից մեկի հրամանատարն է։