Լրագրողներին ծաղրում է մի մարդ, ով ընդամենը մի քանի տարի առաջ թերթ էր խմբագրում

Լրագրողներին ծաղրում է մի մարդ, ով ընդամենը մի քանի տարի առաջ թերթ էր խմբագրում

Ամեն անգամ ապշում եմ, թե ինչպես են ամեն օր մամուլ կարդացող, լրատվամիջոցների տված տեղեկատվության հետ քնող-արթնացող, մեր հրապարակումների շնորհիվ ինչ որ բանի հասած մարդիկ փնովում լրագրողներին ու լրատվամիջոցները։ Կա՞ որեւէ քաղաքական գործիչ, որը կկարողանար որեւէ, անգամ չնչին, հաջողության հասնել, ԶԼՄ-ները հանրությանը չներկայացնեին իրեն, իր մասին հրապարակումներ չանեին։ Կա՞ որեւէ հանրային դեմք, որը կարող է որեւէ, անգամ բարեգործական, գործունեություն ծավալել՝ առանց լրատվամիջոցների լուսաբանման։ Ո՞ւմ է դիմում ՀՀ քաղաքացին՝ աշխատանքից ազատված նախարարից մինչեւ գործազուրկ մնացած բժիշկ եւ ուսուցիչ՝ երբ հայտնվում է ծանր կացության մեջ։ Ո՞վ է օգնում պետական տարբեր ատյանների հետ խնդիրներ ունեցող քաղաքացիներին՝ լինի կենցաղային անլուծելի թվացող հարց, թե իրավունքների ոտնահարում։ Իհարկե, լրատվամիջոցներին եւ լրագրողներին։ 
Այս պարագայում որտեղի՞ց է այս համընդհանուր նեգատիվ վերաբերմունքը լրատվամիջոցների ու լրագրողների նկատմամբ։ Այո, մեր դաշտում կան բազում խնդիրներ, բայց դրանք չեն խանգարում, որ մեծ հաշվով, լրատվամիջոցները կատարեն իրենց առաքելությունը։ Այսօր ցանկացած տեղեկատվություն հենց լրագրողների շնորհիվ է րոպեների ընթացքում դառնում հանրության սեփականությունը։ Լրագրողներն են բացահայտումներ անում իշխանությունների կոռումպացվածության, չինովնիկների ապաշնորհության, պետական մարմինների անգործության մասին։ Ցանկացած հասարակություն, եւ մանավանդ քաղաքական ու հասարակական գործիչները, երախտագիտության մի փոքրիկ զգացում պետք է ունենային լրագրողների հանդեպ, այլ ոչ թե օրնիբուն վատաբանեին ու նսեմացնեին նրանց եւ նրանց արած աշխատանքը։
Եւ առավել եւս տարօրինակ է, որ դա անում է մի մարդ, ով ընդամենը մի քանի տարի առաջ թերթ էր խմբագրում, իսկ այսօր երկրի ղեկավարի դիրքերից ծաղրում է լրագրողներին ու նրանց աշխատանքը։ Երեկ երկրի վարչապետը մի խայտառակ ծաղրական գրառում է կատարել իր էջում՝ թրոլինգի ենթարկելով ԶԼՄ-ներին․
 
«Լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ այսօր Բահամյան կղզիներում տեղի է ունեցել վարչապետ Ն. Փաշինյանի դստեր՝ Արփիի ծննդյան ծննդյան ճոխ արարողությունը: Էլիտար քեֆին մասնակցել են բարձրաստիճան պաշտոնյաներ, օլիգարխներ, քրեական հեղինակություններ, նարկոբադոններ եւ մի կին ատամնատեխնիկ: Նրանք բոլորը քծնել են վարչապետի դստերը, ասելով՝ Արփի ջան, ծնունդդ շնորհավոր: Այդ առիթով Հայաստանից բահամներ 10 չարտերային չվերթ է իրականացվել՝ ոսկեջրած օդանավերով: Մատուցվել է կոկորդիլոսի խաշլամա, շնաձկի տոլմա: Վերջում, որպես դեսերտ 200 տարվա կոնյակ, 60 տարվա փախլավայի հետ: Ու այս ամենը պետբյուջեի հաշվին: Էլիտար ծննդյան առիթով Ատլանտյան օվկիանոսի երթեւեկությունը դադարեցվել է: Ուժեղ լրատվամիջոցների կոալիցիա, հատուկ ձեզ համար»:

Երկրի թիվ մեկ պաշտոնյայի կողմից նման գրառում անելն ուղղակի խայտառակություն է, քանի որ նախ այդ գրառման մեջ երեւում է հեղինակը անլրջությունը, իր պատասխանատվությունը չգիտակցելու, իր պաշտոնին ու առաքելությանը մատների արանքով նայելու փաստը։ Բայց հատկապես զավեշտական է այն, որ այսօր էլ իր ընտանիքին է պատկանում այն օրաթերթը, որը 20 տարի շարունակ գործել է մեր երկրում եւ լրագրողական սկզբունքների ու մթնոլորտի գլխավոր պատասխանատուներից է։ Սա արդեն խոսում է այն ցինիզմի մասին, որը սկսել է իշխող դառնալ կառավարման համակարգում։ 

Մյուս կողմից հավանաբար Նիկոլ Փաշինյանը մտավախություն ուներ, որ իր դստեր ծննդյան մասին էլ հրապարակումներ կլինեն եւ նման էժան մեթոդով փորձում է կանխել այդ հրապարակումները՝ ակամայից ինքը հանրային օրակարգ բերելով իր ընտանեկան միջոցառումը, նաեւ ի ցույց դնելով այն ատելությունը, որը կարճ ժամանակում ձեւավորվեց նախկին ընդդիմության՝ այսօրվա իշխանական շրջանում՝ ընդդեմ ԶԼՄ-ների եւ ազատ խոսքի։ 
Նոր իշխանությունները, սակայն, մի բան չեն հասկանում, որ այն օրը, երբ իրենք փողոցը ոտքի հանելով, Ազգային ժողովի նախկին կազմին տեռորի ենթարկելով՝ հասան նրան, որ նախ Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրեցին, ապա լուծարեցին խորհրդարանը եւ արտահերթ ընտրություններ նշանակեցին ու եկան իշխանության, պետք է պատրաստ լինեին, որ քննադատվելու են՝ ինչպես բոլոր իշխանությունները եւ բոլոր երկրներում։ Պետք է պատրաստ լինեին, որ իրենց ընտանեկան միջոցառումներն ու ընտանիքի անդամները եւս հայտնվելու են ԶԼՄ-ների եւ հանրության ուշադրության կենտրոնում եւ իրենց յուրաքանչյուր քայլը նկատվելու է։ Եթե նեղվում են, որ իրենց ընտանիքի անդամների ծննդյան տարեդարձների, իրենց կերած-խմածի, հագ ու կապի, վարք ու բարքի, արած-չարածի մասին գրվում է, պարզապես չպետք է ձգտեին իշխանության, պետք է շարունակեին թերթի խմբագրի եւ ընդդիմադիր գործչի աշխատանքը։