Կարմիր թելերով կարված գործ, որ «զինված հանցախումբը որոշել է թալանել բանկոմատ» 

Կարմիր թելերով կարված գործ, որ «զինված հանցախումբը որոշել է թալանել բանկոմատ» 

«Հրապարակի» հարցազրույցը «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության  քարտուղարության անդամ Գարեգին Չուգասզյանի հետ։

- Պարոն Չուգասզյան, շատերը, անգամ նրանք, ովքեր ապստամբություն չեն համարում ՊՊԾ գնդի գրավումը ու չեն համակրում ձեզ, զարմացած են պատժաչափերից, որոնք պահանջեց մեղադրող դատախազը «Սասնա ծռեր»-ի համար` 8-9 տարի, իսկ Ստեփան Բարսեղյանի համար` ցմահ, ինչպես նաև՝ Բիլյանի՝ 21 տարի։ Հիմա․ դուք համարում եք, որ դատախազությունը Նիկոլ Փաշինյանի ուղիղ ցուցումով է առաջնորդվում, ինչո՞ւ, ուրեմն, նման ծանր պատիժներ պահանջեց դատախազը։

- Հարցը պատժաչափերը չեն, այլ՝ դատավարության վարման ողջ կարգը։ Դատավարությունը որևէ գործ քննելիս պարտավոր է վեր հանել, թե որոնք են գործողության դրդապատճառները։ Դատավարության ողջ ընթացքը ցույց է տալիս, որ ոչ մի ցանկություն չկա՝ բացահայտելու, թե որոնք են եղել գործողության իրական դրդապատճառները, որովհետև իրենց բնույթով ակնհայտորեն քաղաքական են։ Ի՞նչն է դրդել այս քաղաքացիներին` զենք վերցնել և գնալ ՊՊԾ։ Այս հարցին դատախազությունը տալիս է ակնհայտորեն կեղծ պատասխան, իսկ դատավորը ողջ դատավարության ընթացքում ամեն ինչ արեց, որպեսզի պաշտպանվող կողմին ամեն կերպ խոչընդոտի քաղաքական դրդապատճառները վեր հանելու գործում: Եվ սրա հետևում գծագրվում է քաղաքական պատվերը: Պարզ է դառնում ռեժիմին իրավաքաղաքական գնահատական տալուց խուսափելու ակնհայտ մղումը։ Այս երկուսը փոխկապակցված հարցեր են։ Երբ դու գնահատում ես ռեժիմը որպես սահմանադրական կարգը տապալած բռնակալություն, դրանից միանգամից բխում է ժողովրդի ապստամբելու իրավունքը։ Եվ որպեսզի այս հարցը պատվի ծխածածկույթով, քանի որ դրանից բխելու են հեռու գնացող հետևություններ պետության զավթման և դրա համար պատասխանատվության կանչման վերաբերյալ, ապա ընտրվել է այս ճանապարհը։ Այսինքն` «թխվում» է կարմիր թելերով կարված գործ՝ «զինված հանցախումբը որոշել է թալանել բանկոմատ», և դա անելու համար ընտրել է մի տեղ, որտեղից դուրս գալ հնարավոր կլինի միայն «զանգվածային անկարգություն» հրահրելու ճանապարհով ու այսպիսի «թալան» կազմակերպել։

- Այնուամենայնիվ, կա երեք սպանված ոստիկան, որոնց հարազատները պնդում են, որ դուք եք արել։

- Կան զոհերի տարբեր հարազատներ, որոնց մի մասն այլ կարծիքի է, որ իրենց որդիներին սպանողները «Սասնա ծռերը» չեն, այլ այն ժամանակվա իշխող ռեժիմը: Սա բացահայտորեն անտեսվում է դատախազության կողմից ներկայացվող մեղադրանքում, և բացահայտ կեղծ իրողություններ են մոգոնվում` ճիշտ և ճիշտ նման դեռևս Մարտի մեկի գործով զոհված ոստիկանի՝ փամփուշտները կեղծելու նախօրինակին: Բայց երկակի ստանդարտների մեր «հեղափոխական» ժամանակներում բազմաթիվ նման հարցեր են ի հայտ գալիս այս դատավարական ֆարսում։ Դատարանը հավասարապես  չի լսում դատավարության բոլոր կողմերի կարծիքները և պաշտպանական կողմի առարկությունները։ Այնպես որ, հստակորեն երևում է, որ պատվիրված գործ է, քանի որ չէր կարող «նոր» իրականության մեջ  հին ռեժիմի կողմից «թխված» մեղադրանքով, առանց քաղաքական ենթատեքստի վերհանման դատավարություն ընթանալ։

Ուզում եմ մի այլ հստակություն էլ ընդգծել․ երբ խոսում ենք այն մասին, որ իբրև թե ոստիկանության և ՊՊԾ-ի դեմ է ողջ գործողությունն ուղղված եղել, դա ակնհայտ սուտ է։ Առաջին օրվանից հայտարարվել է, որ այն ուղղված է համակարգը մերժելուն։ Իսկ ոստիկանությունը` որպես այդ համակարգի պատժիչ կարևորագույն մասերից մեկը, մասնակցել է այն բոլոր գործողություններին, որոնք տարիների ընթացքում բազմաթիվ անմեղ զոհեր են ծնել: Էդ որ ասում են՝ հայ մարդու արյուն է թափվել, էդ մոռացե՞լ են, որ Մարտի 1-ին հայ մարդու արյուն էր թափվում, մոռանո՞ւմ են, որ Լիսկան հայ մարդու, հայ զինվորի վրա էր կրակում, մոռանո՞ւմ են, որ Նեմեց Ռուբոյի «ախրաննիկները» հայ մարդ՝ հայ սպա Վահե Ավետյան էին սպանում։ Էդ բոլորը հայի արյու՞ն չէր։ Եվ այդ ամեն ինչին չի՞ մասնակցել էդ համակարգի պատժիչ ապարատը, ներառյալ՝ ոստիկանությունը։ Մենք պետք է նախ այս մասին հիշենք, այդ զոհերի, որ եղել են, և նաև այն, որ տղաները տարիներ շարունակ ոչ բռնի, անձնազոհության ճանապարհով են պայքարել դրա դեմ, անգամ երբ իրենց դեմ էր բռնի ուժ կիրառվում, երբ դանակահարվում էին միտինգների ժամանակ, և դանակահարողին նույն ոստիկանությունը բռնում, ազատում էր, երբ Բերձորի հայտնի ջարդն էր տեղի ունենում ոստիկանական ուժերի կողմից։ Այս մարդիկ ոչ մի ձևով ուժային պատասխան չեն տվել։ Եվ միայն, երբ տխրահռչակ լավրովյան պլանով ազգային դավաճանության հարց առաջացավ, և Սերժ Սարգսյանը հրապարակով հայտարարեց, որ պետք է ազատագրված հողերը տանք, դրան հետևեց այս ապստամբական գործողությունը, որով կանխվեցին հազարավոր զոհեր, որոնք կտայինք, եթե ազատագրված հողերը հանձնվեին: Եթե ներկա իշխանությունը պետք է այդ մասին չխոսի, չնկատելու տա, պարզ է, որ փորձելու են այս ըմբոստ մարդկանց ներկայացնել լրիվ ուրիշ խորապատկերի ներքո։ «Հայ մարդու արյուն է հեղվել․․.», մոռանալով, որ այն սկսել է հեղվել այս գործողությունից առաջ, երբ եղել է սահմանադրական կարգի տապալում, և այս մարդիկ օգտվել են իրենց ինքնապաշտպանության բնական իրավունքից։

- Կարդում եմ «Սասնա ծռեր»-ի և աջակիցների բազմաթիվ գրառումներ․ «Սերժից ժառանգած Նիկոլի դատարանը «ծռերին» ցմահ է ազատազրկում, ճաշակեք ձեր հեղափոխության պտուղները»։ Կամ` Վարուժան Ավետիսյանն է գրել, որ Նիկոլ Փաշինյանը դարձավ Սերժ Սարգսյանի պաշտոնական իրավահաջորդը և պատժում է իր՝ Սարգսյանի դեմ ապստամբած մարդկանց։ Դուք ևս քաղաքական գնահատական եք տալիս, չէ՞, դրանով:

- Մենք չենք կարող քաղաքական գնահատական չտալ, որովհետև ապստամբությունը պատահել է ապրիլյան պատերազմից անմիջապես հետո, երբ  կանգնել էր լավրովյան պլանի վտանգը, և այդ ապստամբության միջոցով այն չեզոքացվեց։ Այս ողջ ապաստամբական գործողությունը եղել է ծայրեծայր քաղաքական, և գալիք սերունդները հպարտանալու են, որ գտնվեցին անձնական զոհաբերության պատրաստ հայորդիներ, որոնք փրկեցին մեր արժանապատվությունը և հայրենիքի մի մասի վերահաս վաճառքը: Եվ եթե ներկայիս գործող իշխանությունը փորձում է կոծկել այս ամենը, ապա սա վկայում  է այն մասին, որ իրենք նպատակ են հետապնդում սքողել գործողության բուն էությունը, իրավաքաղաքական գնահատական չտալով` փրկել նախորդներին պետությունը զավթելու և պետական մասշտաբի հանցագործությունների հատուցումից։ Այս քաղաքական պատճառաբանությամբ է պայմանավորված իշխանության մոտեցումը տվյալ դատավարությանը։

- Շատերը զարմացած են նաև հեղափոխությունից հետո իրերի ընթացքի տրամաբանության տեսանկյունից։ Սպասվում էր, որ դատավարությունն այնկերպ չէր լինի, ինչ նախկինների օրոք։ Եվ մի հանգամանք ևս. կրկին ակնարկներ ժողովրդի` ապստամբություն անելու իրավունքի շրջանակներում գրավված ռադիոտան գործը կարճելու ու երկակի ստանդարտների մասին։ Ի դեպ, սրա համար ևս մի 5-6 տարի ազատազրկում է նախատեսվում։ Նույն տրամաբանության մեջ կարող էին չկարճել ռադիոտան գրավման գործը և դատել գրավողներին։

- Ո՞ր մեկն ասես, դա՞ ասես, չհիշես Սարի թաղի ոստիկանական գործողոթյունները, որ․․․ էդ ո՞նց կարճվեցին այս ոստիկանական հանցագործությունները այս «հեղափոխական» տարիների ընթացքում։ Եվ ինչո՞ւ է այս բոլորն արվում Լուկաշենկոյին շնորհավորելու ֆոնի վրա, պուրակի, Ամուլսարի նորագույն գործողությունների ֆոնի վրա։ Այս բոլորը վկայում է, որ տեղի է ունենում հին համակարգի ռեստավրացիա՝ նոր դեկորացիաների ներքո, նոր ձևով։ Եվ դրա տրամաբանական հետևանքն է նաև «ծռերի» նկատմամբ, այ, այս մեղադրանքը։

- Հեղափոխությունից անմիջապես հետո, երբ Մատենադարանի մոտ Դուք հացադուլ էիք անում՝ «ծռերին» բանտից ազատելու համար, Նիկոլ Փաշինյանն ամեն օր Ձեզ հետ կապվում, Ձեզ խնդրում էր դադարեցնել։ Հիմա հայտարարում եք, որ դատախազությունն ուղղորդվում է Նիկոլ Փաշինյանից, և, ուրեմն, հաջորդ տրամաբանական հարցը՝ ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն այդպես վարվում ձեզ հետ։

- Կարծում եմ, որ այն ժամանակ ակնհայտորեն այլ տրամադրություններ էին, և Նիկոլը խնդիր ուներ ամրապնդելու իր իշխանությունը, և քանի որ, բնականաբար, «Սասնա ծռերի»՝  ժողովրդի մի ստվար զանգված կողմնակիցներ նաև հեղափոխության ակտիվ մասնակիցներ են եղել, նրան պետք էր այդ աջակցությունը։ Հիմա, երբ ամրապնդել է իր իշխանությունը, իրեն թվում է, որ այդ աջակիցների կարիքը չունի։ Եվ ոչ միայն այդ աջակիցների, այլև ողջ ժողովրդի։ Իրեն այդ չի անհանգստացնում, այլ Կրեմլի ներկա իշխանության հետ իր կապերի ամրապնդումն է իր խնդիրը միայն։ Իսկ Կրեմլի այսօրվա իշխանը չէր ներելու «Սասնա ծռերին»՝ ազգային օրակարգի այն փոփոխության համար, որը նրանց գործողության շնորհիվ տեղի ունեցավ 2016-ին։ Իհարկե, Պուտինի կողմից 2018-ի ապրիլն էլ չի ներվելու, բայց դա ուրիշ խոսակցություն է։ Նիկոլին թվում է, որ իր ուժերը կբավականացնեն։ Ես կարծում եմ՝ դա շատ կարճատես քաղաքական հաշվարկ է և շատ արագ դա բացահայտվելու է։

- Անգամ լրջագույն վերապահումներ ունենալով Փաշինյանի ու թիմի այս կամ այն քայլի նկատմամբ՝ միշտ հայտարարում էիք,  որ այս կառավարությանն աջակցող ուժ եք մնում։ Ավելին՝ Սեֆիլյանն ասում էր, որ ձեր պարզած ձեռքն օդում մնաց։ Հիմա այն որտե՞ղ է․․․

- Մենք հիմա արմատական ընդդիմություն ենք և դրա մասին արդեն հայտարարել ենք։

- Իսկ փողոցային պայքարի ելնելո՞ւ եք։

- Պայքարի բոլոր քաղաքակիրթ ճանապարհներով։

- Ի՞նչ սպասումներ ունեք դատարանից։

- Ողջ դատաիրավական համակարգը լյուստրացվելու կարիք ունի։ Այն դատարանը, որտեղ մեղադրյալներին դատարանի շենքում ծեծում են,   այդ դատարանից ի՞նչ սպասելիքներ կարելի է ունենալ։ 

- Բայց Նիկոլ Փաշինյանն էլ է բողոքում դատարանից, որ սրա՛ն են ազատում, նրա՛ն, Քոչարյանին։

- Եվ ո՞վ է հիմա  հավատում դրան։ Պատկերացնո՞ւմ եք՝ նացիստական Գերմանիայում մարդիկ, ովքեր Հիտլերի դեմ ապստամբություն էին բարձրացրել, գնային ու սկսեին բողոքել նացիստական դատարանում։