Ադրբեջանն ընդունեց պարտությունը

Ադրբեջանն ընդունեց պարտությունը

«Մեր բախտը բերել է, որ կիսում ենք նման ուժեղ բանակի փորձը: Թուրքական բանակն իր ուժը ցուցադրել է Սիրիայում, Իրաքում եւ Լիբիայում: Տա աստված, Թուրքիայի զինված ուժերի աջակցությամբ ադրբեջանական բանակը կկատարի իր սրբազան պարտքը»- հայտարարել է հակառակորդի ռազմական գերատեսչության ղեկավար Զաքիր Հասանովը: Տարածաշրջանի «ամենահզոր» եւ աշխարհի լավագույն զինված ուժերի հիսնյակում «պատվավոր տեղ ունեցող» ադրբեջանական բանակի առասպելն այլեւս պսակազերծված է: Պաշտպանության նախարարի շուրթերով Ադրբեջանն ընդունեց եւ ապրիլյան քառօրյայում, եւ տավուշյան մարտերում կրած պարտությունը:

Բաքվի հույսն այսուհետեւ թուրքական աջակցությունն է: Անշուշտ, թուրքական օժանդակություն Ադրբեջանը միշտ է ունեցել: Դեռեւս 1993 թվականի մարտական գործողությունների ժամանակ են հայկական կողմի ձեռք անցել պատերազմի Թուրքիայի մասնակցության մասին անառարկելի փաստեր:

Ապրիլյան քառօրյայում ջախջախված հատուկ նշանակության «Յաշմա» կազմավորումը թուրքական հրահանգիչների նվերն էր Ադրբեջանին: Բայց առաջին անգամ է, որ Ադրբեջանը ռազմական գերատեսչության ղեկավարի մակարդակով բացեիբաց խոստովանում է, որ ինքնուրույն անզոր է հաղթել հայկական բանակին: Եւ սա այն դեպքում, երբ ընդամենը մեկ շաբաթ առաջ Իլհամ Ալիեւը դեմ առ դեմ պատերազմի մարտահրավեր էր նետում հայկական կողմին: Որքանո՞վ է հավանական Թուրքիայի կողմից պատերազմի հրահրումը: Սա հարց է, որի շուրջ դատողություններ կարող են անել լուրջ վերլուծական կենտրոնները, Հայաստանի պատկան կառույցները, տարածաշրջանում շահեր ունեցող երկրների հատուկ ծառայությունները: Ակնհայտ է մի իրողություն. Թուրքիայի հետ համատեղ զորավարժություններով, դրան նախորդած եւ այսօր Բաքվում հնչեցված հայտարարություններով փաստացի իմաստազրկվում են ԵԱՀԿ հովանու ներքո ԼՂ կարգավորման բանակցությունները:

Ըստ երեւույթին, Թուրքիայի նպատակն է, որպեսզի ԼՂ հարցով միջնորդ երկրներն ընդունեն գործընթացին անմիջական մասնակցության իր «իրավունքը»: Այսինքն՝ գործնական բանակցություններ կարող են սկսվել, եթե ապահովվի Անկարայի ուղղակի ներգրավվածությունը: Սա է, կարծես, թուրք-ադրբեջանական տանդեմի քաղաքական ուղերձը: Ինչ խոսք, այս իրավիճակում Հայաստանի ուղղությամբ հնչելու են բացահայտ կամ քողարկված սպառնալիքներ, մեզ հիշեցնելու են «յաթաղանի» մասին: Հայկական դիվանագիտությանը լուրջ մարտահրավերներ են նետելու: Այս պատասխանատու փուլում պարտավոր ենք չտրվել ոչ սադրանքների եւ ոչ էլ, մանավանդ, պատրանքների: Բոլոր սցենարները պետք է դիտարկվեն ամենայն լրջությամբ: Խոստովանելով պարտությունը՝ Բաքուն առաջին պլան է մղում Անկարային: Դա արդեն այլ քաշային կարգի խաղացող է: