Սաբոտաժ, դավաճանություն եւ նեղ վիճակում հայտնված վարչապետին ուղղված «պադստավա»

Սաբոտաժ, դավաճանություն եւ նեղ վիճակում հայտնված վարչապետին ուղղված «պադստավա»
Նիկոլ Փաշինյան

Իհարկե, մարդիկ ճիշտ են՝ կարծիք հայտնելու իրավունք յուրաքանչյուրն ունի եւ դա ամրագրված է Սահմանադրությամբ։ Այդ դեպքում հարց է ծագում՝ ինչու է այսքան արծարծվում «Իմ քայլը» խմբակցությունում Ամուլսարի հարցով կարծիքների բախումը եւ ինչու են մարդիկ կարծում, որ սա թիմի պառակտման սկիզբն է։

Բանն այն է, որ այս թիմը իշխանության է եկել հեղափոխության եւ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ, եւ նրանց իշխանության գալուց հազիվ մեկ տարի է անցել։ Նոր Հայաստան կառուցելու մտադրությամբ իշխանության եկած երիտասարդները, ենթադրվում է, որ պետք է գոնե մի քանի տարի միասնական լինեին՝ ունենային հստակ ծրագիր եւ մոտեցումներ, հարգանք՝ իրենց իշխանության բերած անձի ու կուսակցության հանդեպ։ Եւ եթե անգամ կասկածներ ունեն որոշ հարցերի շուրջ, ի դեպ՝ որոնց մեծ մասն ուղղակի չփարատված կասկածներ են, որոնց հիմքում ռեալ փաստեր չկան, կա էմոցիոնալ վերաբերմունք, պետք է առժամանակ լռեին, ենթարկվեին իրենց առաջնորդին, որին մեկ տարի առաջ աստվածացնում էին։

Սակայն խնդիրն անգամ այդ շատ արագ «ինքնուրույնանալն» ու իրենց մարդամեջ դուրս բերած անձի դեմ դուրս գալը չէ։ Խնդիրը նախ, դժվարության պահին իրենց ղեկավարին մենակ թողնելն է, երբ նա բազում դժվարություններ ունի, անլուծելի խնդիրներ, որոնց լուծման հարցում այս թիմակիցները ոչ թե նրա մատից փուշ են հանում, այլ նրան թիկունքից հարվածում։

Եւ երկրորդ խնդիրը կա՝ եթե իշխանությունն իր թիմի ներսում չի կարողանում իր ճշմարտությունը տեղ հասցնել եւ իրենից անմիջական կախում ունեցող մարդկանց բացատրել, թե «ինչու պետք է աշխատի Լիդիանը», ապա ինչպե՞ս է այդ ճշմարտությունը հասցնելու լայն մասսաներին եւ մասնավորապես՝ իրենից ոչ մի կախում չունեցող բնապահպաններին, ՀԿ-ներին ու գրանտակերներին։ Ի վերջո, այս զանգվածը կորցնելու ոչինչ չունի եւ եթե նրա մի մասը ֆանատներն են, մյուսները՝ կոնկերտ աղբյուրներից փող ստացողներն են, եւ ուղղակի երկիրը պարալիզացնելու ծրագիր ունեցողներն են, որոնց համար լրիվ մեկ է՝ Ամուլսարը հանք կդառնա, թե ոչ, կարեւորը, որ «Նիկոլը ձախողվի»։

Այս պարագայում՝ երբ իշխանություններին խփողների քանակը երկրաչափական պրոգրեսիայով աճում է, առավել անհասկանալի եւ անընդունելի է ՔՊ-ական, «Իմքայլական» շրջանակների «հերոսական» կեցվածքը, թե՝ մենք մեր սեփական կարծիքն ունենք, կարեւոր չէ, թե Նիկոլն ինչ է ասում եւ երկիրն ինչ տուգանքների տակ կընկնի, մենք սերունդների, բնության, մեր հայրենիքի մասին ենք հոգ տանում։ Այս ճռճռան ու պաթետիկ հայտարարությունների տակ, իրականում, այնքան էլ ազնիվ ու անմեղ պահվածք չի թաքնված։ Սրա տակ պարզ սաբոտաժ է, թիմի շահերին դավաճանություն եւ նեղ վիճակում հայտնված վարչապետին ուղղված «պադստավա»։

Այնպես որ Վարազդատ Կարապետյանի, Լենա Նազարյանի, Միքայել Զոլյանի, Էդգար Առաքելյանի եւ մյուս «բնապահպանների» կեցվածքը մի հերոսացրեք։