Մելիքբեկյանը հրաժարակա՞ն կտա. ի՞նչ է կատարվում

Մելիքբեկյանը հրաժարակա՞ն կտա. ի՞նչ է կատարվում

Եվրո-2024-ի ընտրական փուլին նախապատրաստվող Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է մնալ առանց մարզիչ։ Կապառոսի հեռանալուց հետո ֆուտբոլասերների շրջանում մեկ տասնյակի հասնող անուններ են շրջանառվում, թե վերջապես ով է փոխարինելու իսպանացուն։ Խոսվում էր, որ հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի հիմնական հավակնորդները Մարսելինո Գարսիա Տորալն ու Միշել Տեր-Զաքարյանն են, սակայն ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը օրերս «Առաջինին» տված հարցազրույցում այլ կերպ է մեկնաբանել ապագա գլխավոր մարզչի նշանակման վերաբերյալ լուրերը։

«Բազմաթիվ անուններ են հնչեցնում, որոնք 99 տոկոսի դեպքերում առնչություն չունեն իրականության հետ, ոչ այս դեպքում, բայց շատ անգամ խանգարում են բանակցային գործընթացին: Պատկերացրեք, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բանակցում է մարզչի հետ, և այդ մարզիչը մամուլից հանկարծ իմանում է իրականությանը չհամապատասխանող տեղեկություն, թե 100 տոկոսով մեկ այլ մարզչի էլ է առաջարկ արվել: Դա ուղղակի խանգարում է ֆեդերացիայի և այդ մարզչի միջև փոխադարձ վստահության բանակցությունները շարունակելուն: Դա բարդ գործընթաց է, որը վարում են սահմանափակ թվով մարդիկ: Հավանական մարզիչների անուններ, մամուլը, ամենայն հավանականությամբ, կիմանա վերջին պահին: Առայժմ չեմ կարող ասել՝ մինչև ընկերական խաղերի մեկնարկը կունենանք նշանակում, թե՝ ոչ: Մարզիչ ընտրելիս չենք առաջնորդվում ազգությամբ: Մարզչի ընտրությունն առաջին հերթին կատարում ենք՝ հաշվի առնելով Հայաստանի հավաքականի ներուժը, և թե ինչ կարող է այդ մարզիչը տալ հավաքականին: Դիտարկվում են նաև հայ մարզիչներ»,- ասել է Մելիքբեկյանը՝ մեկը մյուսի հետևից այլ հարցեր առաջացնելով, թե օրինակ ինչու երկրպագուները հենց վերջին պահին պիտի իմանան ազգայինի գլխավոր մարզչի անունը։  

Մինչև Երևանում կայանալիք Թուրքիայի հետ պաշտոնական հանդիպումը, Հայաստանի ազգային հավաքականը օրեր անց ընկերական երկու հանդիպումներ է անցկացնելու Կոսովոյի ու Ալբանիայի հավաքականների հետ։ Մելիքբեկյանը, ի դեպ, իր խոսքում նշում է, որ դեռ հարց է՝ ընկերական հանդիպումների մեկնարկից առաջ կունենանք գլխավոր մարզիչ, թե ոչ։ Եթե ամեն ինչ այս տեմպերով ընթանա, հնարավոր է Թուրքիայի դեմ խաղում Հայաստանի հավաքականի ապագա գլխավոր մարզիչը իր անդրանիկ հանդիպումն անցկացնի։ Գրեթե փաստ է, որ սա մեզ նոր խայտառակության է բերելու, այն էլ Թուրքիայի դեմ խաղում։ Մելիքբեկյանը իրեն նշանակողների ոճով բողոքում է բանակցային պրոցեսից, մինչդեռ բանակցողներն ինքն ու իր ընկերն են՝ ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը, որը երկար տարիներ որպես մարզական լրագրող աշխատել է Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթում, ուստի դրա համար էլ հայտնվել է ՀՖՖ նախագահի տեղակալի պաշտոնում։  

Մեր տեղեկություններով՝ Մելիքբեկյանը սկսել է անգամ մտածել հրաժարականի դիմում ներկայացնելու մասին, բայց դրա համար ոչ թե առիթ է հանդիսացել գլխավոր մարզիչ գտնելու անկարողությունը, այլ Թուրքիայի հետ առաջիկա հանդիպումը։ Եթե Թուրքիային սեփական հարկի տակ զիջեցինք ու զիջեցինք խոշոր հաշվով, ինչը հավանական է՝ հաշվի առնելով մեր ընտրանու վերջին շրջանի խայտառակ ելույթները, պարզ է, որ Մելիքբեկյանին այս անգամ ոչինչ փրկելու։  Մեր աղբյուրը փոխանցեց, որ Մելիքբեկյանը հնարավոր է հրաժարական տա ցանկացած պահի՝ մինչև նույնիսկ ընկերական հանդիպումները։