Համբերության բաժակը
Երբ հանրության համբերությունը սկսում է սպառվել, եւ օրինական ճանապարհով փոփոխությունների, այդ թվում` իշխանափոխության, հասնելու միջոցները սպառվում են, մարդիկ սկսում են դիմել հուսահատ քայլերի: Պարզապես օր-օրի հղփացող իշխանությունը կորցնում է զգոնությունը եւ դադարում է նկատել դա: Նման հուսահատ քայլերի սկսել էին դիմել Սերժ Սարգսյանի երկրորդ պաշտոնավարման շրջանում: 2014 թվականին Նորք-Մարաշում իսկական զինապահեստ բացահայտվեց` մարդիկ տեռորի էին նախապատրաստվել իշխանությունների դեմ` զենք-զինամթերք կուտակել, քարտեզներ գծել: 2016 թվականին ՊՊԾ գնդի գրավումը եղավ, եւ արդյունքում նաեւ մարդ զոհվեց: 2015-ին «Էլեկտրիկ-Երեւան» շարժումն էր, երբ Բաղրամյան պողոտան մեկ շաբաթից ավելի փակվեց: 2014-ին կուտակային կենսաթոշակային օրենքի դեմ բողոքի ակցիաներ էին ընթանում: 2013-ին Շանթ Հարությունյանի Անոնիմուսների ակցիան եղավ, մարդիկ կալանավորվեցին ու դատվեցին: Այս բոլոր միջադեպերն ու պայքարի օջախները խոսում էին հանրային դժգոհության, կուտակվող զայրույթի մասին, իսկ իշխանությունն արհամարհում էր դրանք, համարում, որ դրանք լոկալ պայքարի օջախներ են` ոչ մի լուրջ բան իրենցից չներկայացնող: Բայց 2018-ը ցույց տվեց, որ դրանք բոլորովին էլ անլուրջ եւ էպիզոդիկ դրվագներ չէին, որ հարկավոր էր դրանց լուրջ վերաբերվել եւ հետեւություններ անել: Հիմա, ըստ ամենայնի, եկել է ժողովրդի համբերության բաժակը լցվելու երկրորդ փուլը, եւ դրա մասին վկայող բազում ապացույցներ կան: Այն, որ մարդիկ պարբերաբար փողոց են փակում եւ ոչ ցենզուրային բառեր օգտագործում իշխանության մասին խոսելիս, այն, որ արդեն միմյանց վրա են բարդում «Նիկոլ ընտրելու» մեղքը, այն, որ նռնակը ձեռքին ոստիկանության բաժանմունք են ներխուժում, վկայում է այդ մասին:
Կարծիքներ