Մեզ ի՞նչ է սպասվում նման գործընթացներից հետո

Մեզ ի՞նչ է սպասվում նման գործընթացներից հետո

Համոզված եմ, որ մեր ժողովրդի ուղեղի եւ մտքի հետ ինչ-որ տարօրինակ բան է կատարվում, քանզի այն, ինչ Ադրբեջանն ու Թուրքիան անում են հայ ժողովրդի հետ, կա՛մ նրանց ակնառու ռազմական առավելությունն է, կա՛մ հայ ժողովրդի անհայրենիք մտածելակերպը, վախկոտությունը, դավաճանությունը, կա՛մ էլ գուցե` մեր ժողովրդի միտքը լիովին խամրել է, նա անկարող է դարձել եւ կանգնել է փակուղու առջեւ: Չի կարողանում, ավելին՝ չի էլ փորձում քայլ անել՝ ստեղծված պատային վիճակից դուրս գալու համար:

Արդեն մեկ տարի է, ինչ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքվել է եռակողմ հրադադարի համաձայնագիր, ու հենց առաջին օրվանից ե՛ւ Արցախում, ե՛ւ նրանց կողմից Հայաստանի գրավյալ տարածքներում մշտապես կրակահերթեր են հնչում, սպանում են զինվորականների ու խաղաղ բնակիչների, այլ խոսքով` մշտապես խախտվում է հրադադարը, իսկ մեր երկիրը՝ անգամ պետական մակարդակով, ոչ մի արձագանք չի տալիս դրանց, ավելին՝ հրահանգ է իջեցնում, որ դրանց հետ գլուխ մի դրեք, չէ՞ որ Հայաստանի գերխնդիրը տարածաշրջանում խաղաղություն հաստատելն է: Այսինքն՝ ստացվում է, որ նրանք պետք է մեզ մշտապես անհանգստացնեն, սպանեն եւ այլն, իսկ մենք իրավունք չունենք որեւէ պատասխան տալու, քանզի մենք մեկ հիմնական խնդիր ունենք՝ պետք է շարունակենք լծվել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու խնդրի լուծմանը: Բրավո… 

Հետաքրքիր է՝ այս կեցվածքը որտեղի՞ց է գալիս, եւ ո՞ւմ վրա ենք մեր հույսը դրել: Ու ընդհանրապես, մենք նպատակ, ձգտում, հպարտություն, մեր նկատմամբ հարգանք… ունե՞նք, թե՞ ոչ: Հազար ու մի լուրջ իրադարձություններ են կատարվում Հայաստանի եւ հայ ժողովրդի շուրջ, սակայն Հայաստանի կողմից դրանց նկատմամբ որեւէ լուրջ արձագանք չկա, կարծես իրավիճակը սովորական է դարձել, եւ արտառոց որեւէ բան տեղի չի ունենում: Ի վերջո, մենք թուրքերին դարերով ենք ճանաչում եւ գիտենք, որ նա որեւէ դեպքում, որեւէ պայմանավորվածություն չի պահում, ավելին՝ միշտ կարող է ամենաահավոր նենգությամբ խախտել ցանկացած պայմանավորվածություն՝ լինի դա միջազգային մակարդակով կնքված, բազմակողմ, թե ուղիղ: Մի՞թե պատմությունը մեզ ուղղակիորեն ցույց չի տվել, որ թուրքի դեմ պետք է միայն կռվել ու հաղթել, հակառակ պարագայում խաղաղ պայմանավորվածությամբ նրա հետ որեւէ բանի հասնել հնարավոր չէ: Եվ, ահա, գոնե այս վերջին մեկ տարվա իրադարձությունները մեզ դաս չեղան, որ պատրաստվում ենք նրա հետ խաղաղության գործընթաց սկսել, իրականացնել սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքներ, նրան թույլ տանք, որ Բաքվից մինչեւ Նախիջեւան «խաղաղության միջանցք» բացի, որի շրջակայքը կդառնա ամենօրյա կրակահերթերի թատերաբեմ, եւ օրուարեւ չի ունենա շրջակայքի բնակչությունը: Ամենօրյա ռեժիմով կփորձի նորանոր տարածքներ գրավել ու կամաց-կամաց ողջ Հայաստանն իրենով անել:

Որեւէ պայմանագրի բացակայության պարագայում նա արդեն Կապան-Գորիս ճանապարհահատվածում մաքսակետ է կառուցել եւ մաքսային գործառույթներ է իրականացնում, բա ի՞նչ վիճակում կհայտնվենք, եթե նրան հնարավորություն տրվի օրինական կերպով միջանցքի թույլտվություն ստանալ եւ ազատ երթեւեկել այդտեղով: Այդ պարագայում մեզ կմնա 2 ճանապարհ՝ կա՛մ տարին 12 ամիս նրանց հետ կլինենք պատերազմի մեջ, կա՛մ պարտադրված կլքենք Հայաստանը եւ կիրականացնենք նրանց վաղեմի երազանքը. Հայաստանը կամովին կհանձնենք նրանց: Բա ի՞նչ ենք կարծում, նման պահելաձեւի պարագայում մեզ ուրիշ էլ ի՞նչ կարող էր սպասվել:

Հիմա է՞լ է մեզ թվում, որ Ռուսաստանը, Ֆրանսիան, Եվրոպան, ԱՄՆ-ն կամ մեկ այլ երկիր պետք է գան ու լուծեն մեր հարցերը: Վերջապես, մենք ժողովո՞ւրդ ենք, ա՞զգ ենք, թե՞ մարդկանց խառնամբոխ: Անկեղծ ասած, մեր վերաբերմունքը՝ անգործությունը վերջին մեկ տարվա իրադարձություններին, բերում է մի համոզմունքի, որ վերեւում նշված հարցի պատասխանն ավելի շատ մոտ է երրորդ տարբերակին, որը վկայում է, որ մենք լրիվ արժանի ենք այն վիճակին, որում փաստացի հայտնվել ենք:

Ես պայծառատես չեմ, բայց տեղի ունեցող իրադարձությունները եւ դրանց նկատմամբ մեր վերաբերմունքը խոսում են այն մասին, որ մոտ ապագայում մեզ լավ բաներ չեն սպասվում:
Աղոթենք Տիրոջը, որ մեր ժողովրդին խելք ու միտք տա եւ մեզ փրկի սպասվելիք տխուր իրավիճակներից։

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ