«Հրապարակ». Մեզ համար չկա ո՛չ նոր տարի եւ ո՛չ էլ տոնածառ, մեզնից ամեն ինչ խլել են

«Հրապարակ». Մեզ համար չկա ո՛չ նոր տարի եւ ո՛չ էլ տոնածառ, մեզնից ամեն ինչ խլել են

Մեր զրուցակիցը 44-օրյա պատերազմում նահատակված կամավորական Արման Օհանջանյանի մայրն է՝ Ելիզավետա Բուդաղյանը:

- 44-օրյա պատերազմում մեր տղաներն ընկան, դրան հաջորդեց այս տարվա սեպտեմբերի 13-ին տեղի ունեցած ադրբեջանական սադրանքը, նորից զոհեր, կորուստներ։ Հիմա արդեն 10-րդ օրն է՝ Արցախի այն փոքրիկ հատվածը, որ մնացել է մեզ, շրջափակման մեջ է:

- Արցախը մեր հայրենիքի մի մասն է, դրան գումարած, այո, մեր տղաներն Արցախի ու մեզ համար տվել են իրենց կյանքը, եւ այսօր շատերն ապերախտ գտնվեցին, այդ սուրբ հողը, որն էլ ավելի սրբացել է մեր տղաների արյամբ, դուրս թողեցին ուշադրությունից: Քչերն են մտահոգ Արցախի ճակատագրով: Կան որոշ հայրենասեր հայեր, արցախցիներ, եւ, իհարկե, ցավով պետք է ասեմ, բայց ինձ նման մի քանի ծնող: Եթե պատերազմն ավարտվեր հաղթանակով, ես իմ որդու կորուստը կսգայի լուռ, տանը նստած, բայց քանի որ պատճառներն ու հետեւանքները հատվել են, եւ մենք շատ լավ հասկանում ենք ու գիտենք, թե ով է այս ամենի հեղինակը, ես անգամ նրան մարդ կոչել չեմ կարող, քանզի ինքը մի քանի անգամ իր սեփական բերանով է ասել, որ Արցախը բեռ է մեզ համար, լռել չենք կարող: Մարդիկ կուրացել են, խլացել, ես չգիտեմ, թե ինչ է կատարվում: Մի՞թե հայ ազգն այսպիսին է եղել, եւ մենք չենք իմացել:

- Հայ հասարակությունն ինչպիսի՞ն է այսօր:

- 90-ականներին ես տեղահանվել եմ Արցախից: Մինչեւ 44-օրյա պատերազմը, երբ 2016 թվականին տեղի ունեցավ քառօրյա պատերազմը, էլի տխուր էինք, արցունքները՝ աչքերիս: Ես ուսուցիչ եմ, մեր դպրոցում զոհ ունեինք, մեր բոլորիս աչքերը թաց էին, բայց կար ներքին հպարտություն, որ հայը հաղթեց: Այնքան էինք համախմբվել այդ օրերին, որ նույնիսկ հիշում եմ՝ ասում էին, թե հայը միայն դժբախտության պահին է կարողանում այսպես համախմբվել: Մեծ ուժ էր գործադրվում մարդկանց համախմբելու համար: 2018 թվականից սկսվեց հայ ժողովրդի դժբախտությունը, երբ մեզ ասացին՝ Արցախը բեռ է Հայաստանի համար, եւ դրանից պետք է ազատվել: Մարդկանց ուղեղը մտցրին, թե ինչու պետք է ձեր տղաները կռվեն Արցախի ու արցախցիների համար: Շատերը չհասկացան, որ Արցախը Հայաստանի դարպասն է, իսկ Արցախում ապրող մարդը` հայ, գուցե այստեղ ապրող շատերից էլ ավելի թասիբով: Ես ոչ մեկին չեմ ուզում վիրավորել: Հայը հայ է, եթե հայ ես, պետք է թասիբ ունենաս, իսկ նա, ով անթասիբ է եւ ուզում է բարեկամանալ թուրքի հետ, ես նրան հայ չեմ կարող համարել, անկախ նրանից, թե որտեղ է ապրում՝ Արցախում, Սյունիքում, թե Երեւանում: Ես միայն նրանց եմ ընդունում, որոնք ունեն ազգային արժանապատվություն: Անգամ մարդը կարող է ապրել սփյուռքում, բայց կարեւորը՝ մտածի հայեցի, Արցախը համարի հայկական հող, չտենչա թուրքի հետ բարեկամություն:

- Նիկոլ Փաշինյանի իշխանությունը զբաղված է ամանորյա տոնակատարություններով, ամանորյա մոմերով լուսանկարներ են հրապարակում, գիրք կարդում, ֆուտբոլ նայում: Այս մարդիկ, ի վերջո, ինչո՞վ են զբաղված:

- Նրանք թքած ունեն թե՛ Հայաստանի եւ թե՛ Արցախի վրա: Լեզուս էլ չի պտտվում ասել…. մեզ համար չկա ո՛չ նոր տարի եւ ո՛չ էլ տոնածառ, մեզնից ամեն ինչ խլել են: Ուզում եմ նորից հիշեցնել, որ դեկտեմբերի 28-ին մենք հավաք ենք նախատեսել, որին կարող են մասնակցել բոլոր հայ մարդիկ, անկախ նրանից՝ նրանք որդի կորցրե՞լ են, թե՞ ոչ: Մտահոգ մարդիկ կարող են միանալ մեզ: Մենք մտահոգ ենք Հայաստանի, Արցախի ճակատագրով: Ես՝ ինքս, որդուս նկարի հետ գալու եմ մասնակցելու այդ ակցիային, որ անցուդարձ անողները, տոնածառով հիացողները տեսնեն մեզ: Լավ են անում, ինչ որ անում են, ես նրանց չեմ մեղադրում: Նրանք որդի չեն կորցրել, ու Աստված չանի՝ կորցնեն, ես այդ ցավը գիտեմ ինչ ցավ է ու չեմ ցանկանա, որ ինձ նման մարդիկ շատ լինեն, սակայն ես մասնակցելու եմ այդ ակցիային, որպեսզի մարդիկ հիշեն, որ մեր տղաների արյան գնով է ամեն ինչ ձեռք բերվել, եւ գոնե նրանց այսօր պետք է հիշել: Սահմանին կանգնած մեր տղաներն այսօր չգիտեն, թե ում դեմ են կռվում՝ այն մարդկա՞նց, որոնք թքած ունեն իրենց վրա, թե՞ թուրքի: Ես չպայքարել չեմ կարող: Մենք ո՛չ խոսելու ենք, ո՛չ բղավելու եւ ո՛չ էլ մեղադրելու, պարզապես լուռ, մեր ներկայությամբ մարդկանց հիշեցնելու ենք, թե ուր ենք հասել: Մեր խոսելն ու գոռալն էլ արդյունք չեն տալիս: Գուցե լռությունն ավելի շատ բան ասի:

- Ինչո՞ւ եք այդքան հուսահատ:

- Հուսահատ եմ, որովհետեւ ես չեմ տեսնում այնպիսի մարդկանց, որոնք իսկապես կարող են կարեկցել մեզ, մեզ այս վիճակից հանել, ես սա մեծ ցավով եմ ասում: Եթե առաջներում մեծ կարծիք ունեի ժողովրդի մասին, ապա այսօր այդպես չէ: Չեմ ասում, թե հույսս կորցրել եմ, չէ: Չեմ կարող հույսս կտրել, մեր տղաները մեզ ստիպել են պատերազմի դաշտից՝ լինել ուժեղ: Արմանս մի վիդեո ունի, որը մահվանից ժամեր առաջ է արել, ասում է` լավ ա լինելու, հաստատ լավ ա լինելու: Հիմա ես ի՞նչ իրավունքով կորցնեմ հույսս ու չհավատամ նրան…. ես մինչեւ գերեզման պայքարելու եմ, որ ամեն ինչ լավ լինի: Պայքարելու եմ, որ գոնե մյուս երեխաներն ապրեն: Թուրքը մեր բարեկամը լինել չի կարող, թեպետ ներքին թուրքն էլ ավելի վատն է: