Փաշինյանի հրաժարականի 100 պատճառ ենք ներկայացնելու․ Արամ Սարգսյան

Փաշինյանի հրաժարականի 100 պատճառ ենք ներկայացնելու․ Արամ Սարգսյան

Փետրվարի 20-ին Ազատության հրապարակում հանրահավաք է լինելու` «Միասին» շարժման նախաձեռնությամբ: Մեր հետ զրույցում շարժման համակարգող, Դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն ասաց, որ ներկայացնելու են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի 100 պատճառ։

«Արցախյան շարժման տարեդարձի հետ կապված «Միասին» շարժումը հանրահավաք է կազմակերպում։ Մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր այն քաղաքական ուժերի հետ, որոնք համամիտ են, որ նրա հրաժարականի պահնջն այսօր ամենալուրջ, գլխավոր խնդիրն է և նոր ժամանակավոր կառավարություն ձևավորելու անհրաժեշտություն կա»,-ասաց Սարգսյանը։ Ովքեր այդ գաղափարին համաձայն են՝ նախաձեռնողները բոլորին հրավիրում են մասնակցելու հանրահավաքին։

Նախօրեին կլոր սեղան են անցկացրել, որը նվիրված է եղել Արցախյան հիմնահարցին։

«Մենք հայտարարում ենք, որ Արցախյան շարժման ազատագրական պայքարը շարունակվում է, որովհետև մենք չենք հասել մեր նպատակին։ Մենք գտնում ենք, որ այս պայմաններում կառավարությունը պետք է հրաժարական տա, որպեսզի ձևավորվի նոր իշխանություն և մենք ասում ենք, որ այս պարագայում ազգ, պետություն և ազգ-բանակ գաղափարներն են այս պահին ամենագլխավորը մեզ համար։ Այդ հայտարարությունները հրապարակային են, բոլոր նրանք, ովքեր գտնում են, որ պատրաստ են համագործակցել՝ մենք միշտ պատրաստ ենք։ Ի դեպ, ի տարբերություն շատ շատերի, միշտ ասել ենք՝ մի եկեք մեզ միացեք, եկեք միասին բոլորս անենք»,-ասաց վերջինս։

Մեր հարցին, թե ո՞ր քաղաքական ուժերն են հայտնել իրենց մասնակցության մասին, ասաց, որ անուններ չի նշի դեռևս։ Արամ Սարգսյանի կարծիքով` քաղաքացին ինքը պիտի կողմնորոշվի՝ մի կողմ դնելով իր անձնական քաղաքական «սիմպատիաները»։

«Քաղաքացին պետք է որոշի, արդյոք ինքն ուզո՞ւմ է, որ այս անձը, այս կառավարությունը շարունակի իշխանավարել Հայաստանում, եթե այո՝ թող մնա տանը, եթե ոչ, ուրեմն թող գա Ազատության հրապարակ և այդ պարագայում մենք շատ լավ կհասկանանք, ինչ քանակությամբ է ժողովուրդը պահանջելու այդ հրաժարականը։ Շատ, շատ ավելի կարևոր է, քան քաղաքական ուժերի արհեստական միավորումը, որը եղել է ոչ հեռու անցյալում, այնպես որ սա մեզ համար ավելի կարևոր է։ Երկու բան կա՝ պետության պահպանում և հզորացում, Արցախի խնդիրը մինչև վերջ հասցնելու գաղափարը, այսինքն Արցախը պետք է վերադառնա մայր հայրենիք՝ սա մեզ համար անբեկանելի գաղափար է», -եզրափակեց «Միասին» շարժման համակարգող Արամ Սարգսյանը։