Կորոնավիրուսը խփում է նաև հայկական զբոսաշրջային կազմակերպություններին

Կորոնավիրուսը խփում է նաև հայկական զբոսաշրջային կազմակերպություններին

Կորոնավիրուսի պատճառով ահռելի վնասներ են կրում նաև համաշխարհային տուրիզմն ու ավիաընկերությունները։ Եվրոպական խոշորագույն ավիափոխադրողներից Air France-KLM-ը, օրինակ, այս տարվա փետրվարից ապրիլն ընկած ժամանակահատվածում ունենալու է 150-200 միլիոն եվրոյի վնաս։ Իսկ օդային փոխադրումների միջազգային ասոցիացիայի՝ IATA-ի հաշվարկներով՝ խաղաղօվկիանոսյան-ասիական հատվածի ավիափոխադրողները կունենան 27,8 միլիարդ դրամ եկամտի վնաս։ Եվրոպան ևս հաշվարկել է կորոնովիրուսի պատճառով իր պոտենցիալ վնասները․ հիմնականում՝ այն կրելու են չինացիների սիրած հանգստավայրերը և առհասարակ՝ հյուրանոցային տնտեսությունը։ Եվ չնայած Հայաստանի տնտեսությունը համարվում է այնքան փոքր ու մեկուսացված, որ 2009-ի համաշխարհային տնտեսական ճգնաժամի ժամանակ առանձնապես վնասներ չկրեց, բայց կորոնավիրուսի պարագայում վիճակն այլ է։ Զբոսաշրջային ընկերություններն աշխատում են վնասով՝ չնայած դեպի Եվրոպա 30 եվրոյանոց ավիատոմսերի առկայությանը։

Պարզվում է՝ զբոսաշրջային ընկերություններում «սկած» վիճակ է։ «Ռիմա թրավել» ընկերության տնօրեն Ռիմա Խաչատրյանը մեզ հետ զրույցում չթաքցրեց, որ վիճակը լավ չէ։ «Բավական շատ փաթեթներ, Իտալիայի, անգամ՝ խմբային մի փաթեթ չեղարկվեց։ Իտալիա բոլոր մեկնողները չեղարկում են իրենց փաթեթները։ Երկրորդ. ունենք Եգիպտոս մեկնած զբոսաշրջիկներ, որոնք խուճապի են մատնվել, չեղարկում են։ Եվ ես կարծում եմ՝ մենք բավականին մեծ վնասներ կունենանք և չենք կարողանա վճարել հարկերը և մնացած ծախսերը՝ թե՛ աշխատողների աշխատավարձեր, թե՛ հավելյալ ծախսերը»։

«Ավատուր» ընկերությունից, օրինակ, հայտնեցին, որ Իտալիայում հիվանդության պանդեմիայի վտանգով պայմանավորված՝ իրենց որոշ հաճախորդներ չեղարկել են իտալական փաթեթները։

«Կոնկրետ թիվ չեմ կարող ասել, բայց այս ընթացքում արդեն եղել են դեպքեր։ Բայց էնպես էլ չի, որ բոլորը չեղարկում են»,-հայտնեց ընկերության մենեջերը։

Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԳՆ-ն, նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման ներկա իրավիճակը հաշվի առնելով, երեկվանից հորդորում է ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես խուսափել Իրանի Իսլամական Հանրապետություն, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, Ճապոնիա, Հարավային Կորեայի Հանրապետություն եւ Իտալիայի Հանրապետություն (առավելապես՝ հյուսիսային շրջաններ) այցելություններից, բացառությամբ խիստ անհրաժեշտ դեպքերի:

Պարզվում է՝ Հայաստանի քաղաքացիները խուսափում են նաև հարևան Վրաստան այցելությունից։ One way travel-ից, օրինակ, «Հրապարակին» հայտնեցին․ «Հիմնականում՝ խուճապ չկա, բայց դեպի Վրաստան տուրերի հետ կապված եղել է, որ  մարդիկ ասել են՝ չենք ուզում գնալ։ Բայց  դեպքերը շատ չեն»։