Շները՝ թավշյա հեղափոխության հայելի

Շները՝ թավշյա հեղափոխության հայելի

Արամ Խաչատրյանի արձանի մոտով մի մարդ էր անցնում, մեկ էլ փողոցային շունը հարձակվեց վրան, մարդը քացիներով պաշտպանվում էր, որ հանկարծ շունը չկծի, հաջողացրեց ծնոտին մի էնպիսի հարված տալ, որ շունը հետ-հետ գնաց, պտտվեց ու հեռվից սկսեց հաչալ։ Մարդուն թվաց, թե ազատագրվել է, մեկ էլ մյուս կողմից մի աղջիկ արագ հարձակվեց մարդու վրա ու սկսեց մեղադրել, որ շանը քացով խփել է։ Մարդն արդարացավ՝ հանգիստ գնում էի, հարձակվեց, որ չխփեի, ախր կծում էր։ Արդարացումները չանցան, աղջիկն ագրեսիվ վրա տվեց՝ որ շունը քեզ քացով խփեր, դուրդ կգա՞ր։ Նրա մեջ ակնհայտ վառվռում էր թավշյա հեղափոխականի կերպարը, ով մարդու մեջ տեսնում էր սեւ, նախկին կոռումպացված ռեժիմի ներկայացուցչի, իսկ շան մեջ՝ նրանցից մեկին, ում Դավիթ Սանասարյանն ասում է՝ պաչում եմ։ Մարդը պտտվեց իմ կողմ՝ համախոհ գտնելու հույսով․ ախր որ չխփեի, կծում էր։ Նրա տխուր ու հոգսերով լցված աչքերում հակահեղափոխական փնտրելը դժվար էր, թեեւ հմուտ հեղափոխականը կգտներ հակահեղափոխականին, ինչպես աղջիկն էր գտել։

Հնդկաստանում հասկանալի է կենդանիների նկատմամբ սերն ու համերաշխությունը, մարդիկ ու կենդանիները բոլորը հոգի են՝ ատմա, բոլորը մերձավորներ, եւ կենդանուն վիրավորելը, խփելը նույնն է, թե մերձավորիդ խփես, մանավանդ՝ կարող է պարզվել, որ կենդանին հարազատ պապիկդ է, ինչու չէ՝ նաեւ մայրիկդ կամ հայրիկդ։

Իհարկե, հայկական մենթալիտետով պապիկին փողոցում թողնելը՝ թեկուզ կապիկի մեջ վերամարմնավորված, այնքան էլ բարոյական չէ, բայց Հնդկաստանում այլ է, բազմաթիվ մարդիկ դրսում են ապրում, եւ իջեւան չունենալը, տանիք չունենալն ամոթալի բան չի համարվում․ էս կյանքում չունես, մյուսում կունենաս, պապիկն էլ փողոցում թող թռվռա, կարեւորը՝ հետը բարեկամաբար վարվես։

Եթե այդ աղջիկը շանը պաշտպանում էր՝ վստահ լինելով, որ իր պապիկն է, ապա բարոյական կլիներ, որ տուն տաներ, որպեսզի անծանոթ մարդկանց վրա չհարձակվեր ու հետն էլ ծեծ չուտեր։ Իսկ եթե չի հավատում հոգու վերամարմնավորմանը, ինչի՞ է գազազած շանը պաշտպանում նրա զոհից, գիտի, որ շունն ինչքան էլ խելոք լինի, մեծանա, Մոցարտ չի դառնալու, ուրեմն միակ պատճառը շան մեջ հեղափոխության պաշտպան տեսնելն է։  

Մեր վաստակաշատ գրող Լեւոն Ջավախյանի վրա էր մի անգամ շունը հարձակվել․ գրողը հանգիստ Իսահակյանով քայլելիս է եղել, մեկ էլ ոտքի ուժեղ ցավ է զգացել, հետեւից շունը եկել, հանդարտ, առանց հաչալու, ատամները խրել էր ազդրի փափուկ մսի մեջ։ Հեղափոխությունից առաջ էր, վաղուց, ու դեռ Ջավախյանը նախագահ Սերժ Սարգսյանից Խորենացու մեդալը չէր ստացել, որ ասեին՝ շունը զայրացել է, որ գրողը կոռումպացված ռեժիմի ձեռքից մեդալ է ստացել։ Ջավախյանին մի քանի անգամ սրսկեցին, վիրակապեր դրեցին, փառք Աստծո, առողջական պրոբլեմներ չունեցավ։ Բա որ մի բան լիներ, հայ մշակույթն էր կորուստ ունենալու, եւ Ջավախյանն այդպես էլ չէր գրելու իր «Ծնկան ծերին» գիրքը, որ արդեն հեղափոխական իշխանությունը նախագահի մրցանակի արժանացրեց։ 

Նախահեղափոխական Հայաստանում ամեն օր չէիր լսի շների հարձակումների մասին, նրանք խեղճացած էին, նրանց մեզով գծած տարածքները օլիգարխները յուրացնում էին, բայց նրանք չէին կարողանում բողոքել, հենց ծպտուն էին հանում, գիշերները փողոցներում նրանց գնդակահարում էին։ Ովքե՞ր էին՝ օլիգարխների թիկնազո՞րը, ոստիկաննե՞ր, թե՞ Արցախից բերված հատուկջոկատայիններ։ Ո՞ւր է, հատուկ քննչականն ինչո՞ւ չի բացահայտում այդ հանցագործության հեղինակներին, բավական պրոֆեսիոնա՞լ չեն, թե՞ հատուկ քննչականում բուն են դրել նախկին կոռումպացված ռեժիմի խորքային պետության մնացուկները։  

Թավշյա հեղափոխության ժամանակ շներն էլ ոտքի ելան, առաջնորդների մեջ էր հպարտ Չալոն։ 
Հեղափոխական իշխանությունները շներին սկսեցին վերադարձնել դրախտ՝ ազատագրելով հղիության ցավերի  եւ ցավերով երեխաներ ծնելու Աստծո անեծքից. արդեն 3 հազար շուն է ստերջացվել, մի երկու հազարն էլ դրախտի ճամփին է։

Այո, շներն էլ երկյուղ ունեն, որ հանկարծ նախկինները չվերադառնան, եւ հաճախ անհարկի ագրեսիա են ցուցաբերում ու ինչքա՜ն մարդկանց են կծում՝ հաճախ թացը չորից չջոկելով։ Հնարավոր է, չէ՞, շունն էլ չկողմնորոշվի ու կծի որեւէ սպիտակ հեղափոխականի։ Թե՞ շներն այնքան հոտառություն ունեն, որ չեն վրիպում։

Կարծեմ՝ այդ նույն շունն էր, որ մի քանի օր առաջ Աբովյան փողոցում հետեւիցս թաթերը դրել էր մեջքիս, կարծեցի, թե հին ծանոթ է կատակում, պարզվեց՝ մունդառ շունն է, հոտն առել էր սեւ հակահեղափոխականի։

Բայց երբեմն, իրոք, շները հեղափոխականին հակահեղափոխականից չեն տարբերում, նույնիսկ հեղափոխության խոսափող «Ազատություն» ռադիոկայանն է մի հեղափոխության նվիրյալ կնոջ բողոքը փոխանցում. «Երեխաները, որ նույնիսկ չէին վախենում շներից, հիմա արդեն բոլորը պանիկայի մեջ են, որովհետեւ ամենուրեք այդ նույն խնդիրն է։ Կարելի է ասել, որ չկա մի ընտանիք, որ ինչ-որ ձեւով տուժած չլինի այդ շների հարձակումներից»։

Մի քանի օր է՝ թերթերի վերնագրերն ազդարարում են. «Երեւանում դպրոցի ճանապարհին 22 երեխայի են կծել. քաղաքապետարանը հայտնում է, որ կզբաղվեն այս խնդրով», «Գյումրիում շունը գզել է երիտասարդ կնոջը․ նրան տեղափոխել են «Գյումրի» բժշկական կենտրոն», «Երեւանում շները հոշոտել են կնոջը․ նա վերակենդանացման բաժանմունքում է», «Շները մարդ են ուտում․ գյուղերում մարդիկ զուգարան չեն կարողանում մտնել․ Ազատանի համայնքապետի ահազանգը»։
Շներին դուխ է տալիս նաեւ վարչապետի սպառնալիքը՝ հակահեղափոխականներին ասֆալտին փռելու եւ պատերով ծեփելու, իրենք էլ իրենց հերթին են կծում ու հետեւելով Եժովի այն խոսքին, թե ժողովրդի թշնամիներին ջախջախելիս անխուսափելիորեն ոչնչանում են նաեւ անմեղ մարդիկ, շների լեզվով ասած՝ աջուձախ հարձակվելիս անխուսափելիորեն կծում են նաեւ հպարտ քաղաքացիների։

Հայերը հնդիկ չեն, որ շան կծածը բանի դեղ չդնեն, թե ինչ լինում է, լինի, մեկ է՝ էլի ծնվելու են։ Հայերը հիմնականում մի կյանք ունեն, եթե մկրտված հավատացյալ են, բախտները բերի, երկրորդ կյանքն էլ կունենան երկնքում, իսկ եթե աթեիստ՝ էս մեկն է ու վերջ։ Եթե շան կծած 10 հոգուց 9 հակահեղափոխական են, եւ մեկը՝ հպարտ քաղաքացի, արժե՞ այն 9-ին վերացնելու համար զոհել որեւէ հպարտ քաղաքացու առողջությունը, աստված չանի՝ շունն էնքան կատաղած լինի ու էնպիսի թույներ փոխանցի ատամներով, որ հանկարծ հեղափոխականը կյանքն էլ կորցնի։
Արդյոք ճի՞շտ արեցի, որ հեռացա՝ թողնելով, որ աղջիկը շանը միացած տղամարդուն հալածի։ Մարդը նեղ վիճակի մեջ էր․ կա՛մ աղջկա պատժիչ հայացքի ներքո նրան շունը հոշոտելու էր, կա՛մ էլ աղջիկը նրան կհանձնի հեղափոխական տրիբունալին, որը նրան կդատի Քրեական օրենսգրքի հեղափոխական հոդվածով՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մեղադրանքով։

Վահան ԻՇԽԱՆՅԱՆ