Իջևան՝ չարթերով

Իջևան՝ չարթերով

Լուլուն վարագույրի հետևից մտնում է ինքնաթիռի բիզնես սրահ և հայտարարում.

- Սիրելի ուղևորներ, «Ազերֆլայ» ավիաընկերության մեր օդանավը պատրաստվում է վայրէջք կատարել Իջևանի «Խաշթառակ» օդանավակայանում: Խնդրում ենք զբաղեցնել ձեր տեղերը և կապել ամրագոտիները: Պարոն Աղազարյան, սա նաև Ձեզ է վերաբերվում: Կոնյակի շիշը պահեք, ձեր գլխին հավաքված երիտասարդներին էլ հորդորեք վերջ տալ գինարբուքին ու նստել տեղները:

- Երիտասարդն էլ Քոչարյան Անդոն ա, հա՞: Համ էլ էս կոնյակի շիշն իմը չի,- հակաճառում է Աղազարյանը:

- Ինձ չի հետաքրքրում, շիշը պահեք և հանգիստ նստեք տեղներդ: Չմոռանաք ամրագոտիները կապել, այլապես կարող եք գաջի մեշոկի պես թավալվել գետնին,- այս անգամ ավելի խիստ տոնով ասում է Լուլուն:

- Լուլ. Էդ ո՞ւմ ես նամեկատ անում՝ գաջի մեշոկ ասելով, ի՞նձ…

- Հա, Վահագ, նաև քեզ: Աքացիներով այստեղ հարց չես լուծի, սա օդանավ է, ԱԺ դահլիճ չէ քեզ համար: Ամրագոտին կապիր:
Վարագույրի հետևից Լուլույին կանչում են: Քիչ անց վերադառնում է.

- Սիրելի ուղևորներ, «Ազերֆլայ» ավիաընկերության մեր օդանավը պատրաստվում է կոշտ վայրէջք կատարել Իջևանի «Խաշթառակ» օդանավակայանում: Խնդրում ենք զբաղեցնել ձեր տեղերը, կապել անվագոտիները, գլուխներն իջեցնել ծնկներին, երկու ձեռքերի մատներն ագուցել գլխի հետևի մասում…

Բիզնես սրահում պանիկա է սկսվում: Մեկը գոռում է՝ լյտչիկին դուրս գցեք ինքնաթիռից, սապոժնիկ…

- Ո՞վ էր,- հարցնում է Լուլուն՝ խիստ:

- Հրաչն էր,- մատնում է Գաբրիելյան Սիսակը:

- Հրաչ, մյուս անգամ մտածիր, հետո բղավիր, շտուրվալի մոտ փեսադ է՝ մեծարգո վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ուրեմն մի բան կա, որ գնում է կոշտ վայրէջքի, ուրեմն տենց ա պետք,- բացատրում է Լուլուն:

- Իսկ ինչո՞ւ է Նիկոլը շտուրվալի մոտ: Նա քիչ առաջ մեզ հետ խմում էր,- միջամտում է Քոչարյան Անդոն,- ես նրան կհրավիրեմ հանձնաժողով, ի՞նչ է նշանակում՝ խմած նստել շտուրվալի մոտ…

- Դոշերդ փակիր, Անդո, քեզանից հանձնաժողով կանչող դուրս չի գա: Նիկոլին տեսնում ես՝ ոտքերդ թուլանում են… հանձնաժողոոոոով,- կողքից կսմթում է Հովակիմյան Վահագը, որ գլուխը կախել էր մինչև փաչեքը և ձեռքերով պինդ բռնել պարանոցը:

- Դե լավ, դուք խելոք նստեք, իսկ ես գնամ մյուս սրահների ուղևորներին էլ զգուշացնեմ,- ասում է Լուլուն և անցնում հաջորդ՝ ներկայացուցչական սրահ, ուր թռչում էին պատիվունեմականները:

Տեսնելով Լուլուի դեմքի շփոթված արտահայտությունը նրանք իսկույն վատ բան մտածեցին: Լուլուն շատ արագ հաղթահարեց շփոթմունքն ու դիմեց սրահի ժողովրդին.

- Սիրելի ուղևորներ, «Ազերֆլայ» ավիաընկերության մեր օդանավը պատրաստվում է կոշտ վայրէջք կատարել Իջևանի «Խաշթառակ» օդանավակայանում: Խնդրում ենք զբաղեցնել ձեր տեղերը, կապել անվագոտիները, գլուխներն իջեցնել ծնկներին, երկու ձեռքերի մատներն ագուցել գլխի հետևի մասում… Այդ դիրքում մնացեք մինչև ինքնաթիռի լրիվ կանգ առնելը:

- Ի…

- Ի՞նչ «ի», պարոն Վանեցյան: Վա՞յ, բայց Դուք ինչպե՞ս եք հայտնվել այս ինքնաթիռում, ձեր անունը ուղևորների ցանկում չկա:

- Դա քո գործը չէ, Լուլու, ես միշտ հայտնվում եմ այնտեղ, որտեղ ինձ պետք է: Դու էն ասա, թե ինչո՞ւ ենք գնում կոշտ վայրէջքի:

- Չգիտեմ: Նիկոլն է ասել, որ վայրէջքը կոշտ է լինելու:

- Նիկոլն ի՞նչ կապ ունի վայրէջքի հետ:

- Ո՞նց թե ինչ կապ ունի, այս պահին նա է շտուրվալի մոտ:

- Չհավատաք, պարոն Վանեցյան, դրանք էլի ստում են, ուզում են մեր ուշադրությունը շեղել, մենք իրավունք չունենք տրվելու այդ սադրանքին,- հայտարարում է Հայկ Մամիջանյանը՝ ակնոցի հետևից տնտղելով Լուլուին:

- Չի բացառվում,- ծանր խոսում է Տիգրան Աբրահամյանն ու որպես օրինապահ քաղաքացի, կապում ամրագոտին:

- Թագուհին ո՞ւր ա,- հարցնում է Լուլուն:

- Այստեղ եմ,- ձայն է տալիս Թովմասյան Թագուհին,- մաքուր օդ եմ շնչում:

- Այդ ի՞նչ ես անում, ախչի, պատուհանը փակիր, թռիչքի ժամանակ չի կարելի: Ձեր գյուղի ինքնաթիռները բաց պատուհաններով են թռչո՞ւմ:

- Նախ՝ ախչին դու ես, այ սահմանափակ տիկին, և հետո՝ ինչո՞ւ հարցրեցիր՝ Թագուհին ուր է:

- Գործ կա: Ձերոնց կարգի հրավիրիր, նստեցրու տեղները, կապկպիր, իսկ ես գնամ երրորդ սալոն՝ «Հայաստանի» ժողովրդին զգուշացնեմ:
Մտնում է երրորդ սրահ՝ ծուխ ու դուման է, մարդ չի երևում…

- Ալո, էս ինչքա՞ն եք ծխել,- ճչում է Լուլուն,- մարդ կա՞ այստեղ… Եկել եմ ասեմ, որ «Ազերֆլայ» ավիաընկերության մեր օդանավը պատրաստվում է կոշտ վայրէջք կատարել Իջևանի «Խաշթառակ» օդանավակայանում: Անձնակազմը կարգադրել է զբաղեցնել տեղերը, կապել անվագոտիները, գլուխներն իջեցնել ծնկներին, երկու ձեռքերի մատներն ագուցել գլխի հետևի մասում և այդ դիրքում մնալ մինչև ինքնաթիռի լրիվ կանգ առնելը:
Այդ պահին մի առարկա է շվվոցով անցնում Լուլուի ականջի կողքով: Ջրի դատարկ շիշ էր… Լուլուն ուզում է դուրս թռչել սրահից, բայց մեկ էլ ձայն է լսում.

- Գնացեք ձեր անձնակազմին ասեք, որ մեր օրակարգում վայրէջք չկա, կոշտ վայրէջք առավել ևս…
Լուլուն կանգ է առնում.

- Ընկեր Իշխան Դո՞ւք եք… Բանն այն է, ընկեր Իշխան, որ շտուրվալի մոտ Նիկոլ Փաշինյանն է, և նա որոշել է վայրէջք կատարել Իջևանի «Խաշթառակ» օդանավակայանում:

- Նիկո՞լը… Մենք նրան շտուրվալ ցույց կտանք: Նա լեգիտիմ չէ, Նիկոլ չկա, մենք նրան ռադ կանենք օդաչուների խցիկից: Ես հենց հիմա կզանգեմ Իշջևան և մեր կառույցին կկագադրեմ իրենց քաղաքում պերսոնա նոն գրատա հայտարարել ձեր այդ Նիկոլին: Գնացեք նրան ասեք՝ դռները բացի, մենք այստեղ ենք իջնում:

- Բայց այդպես հնարավոր չէ, ընկեր Իշխան,- կմկմում է Լուլուն:

- Լուլուն ճիշտ է ասում, ընկեր Իշխան, մենք 10 հազար մետր բարձրության վրա ենք,- ծխի մեջ լսվում է Վանեցյանի ձայնը, որ երրորդ սալոն էր մտել աղմուկի վրա:

- Բարձրությունը կապ չունի, պարոն Վանեցյան: Ով Նիկոլի հետ գնա վայրէջքի՝ Նիկոլ ա…

- Տիկնայք և պարոնայք,- լսվում է Գեղամ Մանուկյանի ձայնը,- կարծում եմ՝ ինքնաթիռից թռչելուց առաջ մենք նախ պետք է քննարկենք երկու հարց: Առաջին՝ ինչո՞ւ ենք թռչում «Ազրֆլայ» ընկերության ինքնաթիռով, և երկրորդ՝ ում թույլտվությամբ է Նիկոլը հայտնվել շտուրվալի մոտ, իսկ Լուլուն՝ ստյուարդեսայի պաշտոնում:

- Այդ հարցերն ի՞նչ կապ ունեն վայրէջք կատարելու հետ,- պարոն Մանուկյան,- նորից միջամտում է Վանեցյանը,- մենք դա ներքևում էլ կարող ենք քննարկել:

- Իսկ ներքևում նախապես չէիք կարո՞ղ հետաքրքրվել, թե ինչու ենք թռչում «Ազրֆլայի» ինքնաթիռով,- Վանեցյանի աջակցությունից սրտապնդվում է Լուլուն:

- Մեզ ներքևում ասել էին, որ ինքնաթիռը պատկանում է Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին: Խնդրեմ, սա էլ տոմսը, որի վրա պարզ գրված է «OneFlay»,- հակադարձում է Արծվիկ Մինասյանը և, դիմելով սրահի ուղևորներին, հայտարարում՝ մենք պետք է լքենք նիկոլա- թուրքական այս ինքնաթիռը և հենց հիմա:

- Պարոն Մինասյան,- հետաքրքրվում է Սեյրան Օհանյանը,- իսկ պարաշյուտներ ունե՞նք:

- Լուլուն կիմանա… Լուլու, ինքնաթիռում պարաշյուտներ կա՞ն,- մեծավարի Լուլուին է դիմում Աղվան Վարդանյանը:
- Պարաշյուտն ի՞նչ ա, պարոն Վարդանյան,- շփոթվում է Լուլուն:

- Ո՞նց բացատրեմ, աղջիկ ջան, սենց պարկի նման բան ա, վրան երկաթե օղակով: Թռչելուց հետո քաշում ես՝ բացվում է: Կինոներում չե՞ս տեսել:
- Հա, հասկացա,- պարոն Վարդանյան,- բիզնես կլասում դրանցից լիքը կա, միայն թե դրանք պետք է այստեղ քարշ տալ: Շատ ծանր են ու մի քիչ էլ խմած: Ես չեմ կարող:

- Խմա՞ծ: Պարաշյուտի խմածը ո՞րն է, աղջիկ ջան:

- Ո՞նց ասեմ, պարոն Վարդանյան, սենց պարկեր են, էլի՝ ուսին գցելու երկու գոտիով:

- Էյս աղջիկն ինչ- որ բան խառնում է, պարոն Վարդանյան,- միջամտում է Սեյրան Օհանյանը,- ես այսքան տարվա զինվորական եմ, բայց…
Այդ պահին սրահի բարձրախոսն է միանում.

- Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, սփյուռքի հպարտ հայություն… Ձեզ հետ խոսում է «Ազերֆլայ» ընկերության օդանավի հրամանատարը՝ առաջին կարգի օդաչու Նիկոլ Փաշինյանը: Մենք պատրաստվում ենք վայրէջք կատարել Իջևանի «Խաշթառակ» օդանավակայանում: Եղանակային պայմաններն այնքան էլ բարենպաստ չեն, փչում է ձախ կողմնային քամի: Մի քանի անգամ փորձել եմ բացել շասսին, բայց այն չի բացվում: Կողքից ինձ հուշում են, որ սխալ կնոպկա եմ սեղմում, բայց ես վստահ եմ, որ հենց էն կնոպկան պետք է սեղմեմ, որը սեղմում եմ: Ինչևէ՝ իջնելու եք առանց անիվների՝ փորի վրա: Դա կոչվում է կոշտ վայրէջք: Բայց դուք մի մտահոգվեք՝ ապագա, ինչպես մի անգամ ասել եմ՝ կա: «Խաշթառակ» օդանավակայանը, ճիշտ է, վերջին շրջանում հայտնվել է Ադրբեջանի հետ վիճելի տարածքների շարքում, բայց անհանգստանալու կարիք չկա, որովհետև այն դեռ մեր վերահսկողության ներքո է: Խնդրեմ, Սուրեն Պապիկյանն էլ, որ կողքիս է նստած, գլխով է անում: Դե ինչ, ձեզ բարի վայրեջք, իսկ մենք՝ ես ու Սուրենը, ավտոպիլոտը կմիացնենք ու կլքենք ձեզ: Մինչ նոր հանդիպում ներքևում…