Բալասանյանի քրոջ որդին Չարենցավանում գազալցակայան է գնել

Բալասանյանի քրոջ որդին Չարենցավանում գազալցակայան է գնել

Մի քանի օր է՝ Չարենցավանում վերսկսել է գործել քաղաքի մուտքի մոտ կառուցված գազալցակայանը, որը տեւական ժամանակ ֆինանսական խնդիրների պատճառով փակվել էր։ Գազալցակայանը պատկանում էր Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանի ընտանիքին, որտեղ 50 տոկոս բաժնեմաս ունի նաեւ քաղաքի ավագանու անդամ Նորիկ Վարդանյանը։ Այս գազալցակայանը կռվախնձոր էր դարձել Շահգալդյանների ու Վարդանյանի միջեւ, ժամանակին ֆինանսական խնդիրներ էին առաջացել, մեծ քանակությամբ պարտքեր էին գոյացել, ինչի պատճառով երկար տարիներ գազալցակայանը չէր գործում։

Շահգալդյանները պնդում էին, որ Վարդանյանն է եղել տնօրենն ու ինքն է չարաշահում թույլ տվել, նրա վատ կառավարման հետեւանքով են պարտքերը գոյացել։ Վարդանյանն էլ, թերեւս, ի պատասխան դրա, հեղափոխությունից հետո գնացել ու ոստիկանությունում բողոք էր ներկայացրել Շահգալդյանների դեմ՝ հայտնելով, թե Հակոբ Շահգալդյանի հայրը՝ Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, իրեն ստիպել է, որ իր 50 տոկոս բաժնեմասը վաճառի Հակոբ Շահգալդյանին։ Հարուցվել է քրեական գործ, բայց դեռ որեւէ բան չի ապացուցվել։ Ինչեւէ, այսօր գազալցակայանը վերսկսել է աշխատանքը։ Մենք տեղեկացանք, որ գազալցակայանի իրենց 50 տոկոս մասնաբաժինը Շահգալդյանները մոտ 100 հազար դոլարով վաճառել են Վիտալի Բալասանյանի քրոջ որդուն՝ Արա Դանիելյանին։

Որոշ տեղեկություններով՝ Արա Դանիելյանը հենց այն երիտասարդն է, որը ՊՊԾ գնդի գրավման ժամանակ Վիտալի Բալասանյանի հետ մտել էր գունդ՝ բանակցելու «Սասնա ծռերի» հետ։ Հիմա Նորիկ Վարդանյանը, փաստորեն, հենց նրա հետ է համատեղ շահագործում գազալցակայանը։ Այս մասին մենք ժամանակին էլի ենք գրել, որ Բալասանյանն ու նրա քրոջ որդին, որը ժամանակին բնակվել է Չարենցավանում, հետաքրքրված են այս գազալցակայանով եւ բանակցում են կողմերի հետ, որ գնեն այն։ Սակայն հեղափոխությունից հետո գործընթացը սառեցվել էր։ Հիմա, ինչպես տեսնում ենք, հակառակ Վիտալի Բալասանյանի դեմ ՀՀ իշխանությունների ձեռնարկած արշավին, նրա քրոջ որդին Հայաստանում սեփականություն է ձեռք բերել ու բիզնես գործունեություն է ծավալում։

Հակոբ Շահգալդյանը մեր հարցին, թե ինչպես ստացվեց, որ իրենց պատկանող գազալցակայանը նորից սկսել գործել, կարճ պատասխանեց․ «Մենք մեր մասնաբաժինը վաճառել ենք երրորդ անձի եւ ցանկություն չունենք որեւէ մեկի հետ այս հարցով այլեւս գործ ունենալ»։