Ում «հայհոյել» չթափված աղբի համար

Ում «հայհոյել» չթափված աղբի համար

Այն, որ քաղաքը աղբի մեջ կորած է, անգամ իշխանության ամենալավատես ներկայացուցիչը չի կարող հերքել։ Ամիսներ առաջ քաղաքապետ Հայկ Մարությանը մայրաքաղաքում ներկայումս տիրող իրավիճակից խուսափելու պատճառաբանությամբ որոշեց «Սանիթեք» ընկերությանը զրկել իր գործառույթների մի մասից եւ երկրորդ օպերատոր մտցնել սանմաքրման եւ աղբահանության ոլորտ ու կառավարության նիստում հարց ներկայացվեց՝ նոր ընկերությանը ֆինանսավորելու առաջարկով։

Իսկ մինչ այդ մեկ անձից գնման կարգով, առանց մրցույթի, Ռուսաստանից 5 հատ աղբատար «ԿամԱԶ» բերեցին Հայաստան։ Այդ 5 աղբատարների բազայի վրա ձևավորվեց «Աղբահանության և սանիտարական մաքրման համայնքային հիմնարկը», սակայն, ինչպես ասում են, «ունքը սարքելու տեղը աչքն էլ դուրս եկավ»․ մայրաքաղաքի աղբահանության վիճակը մնում է կատաստրոֆիկ ծանր, ֆեյսբուքյան օգտատերերը շարունակում են լուսանկարահանել ու իրենց էջերում դնել Երևանի փողոցների աղբակույտերը, անհասկանալի հարաբերություններ են դե յուրե միակ օպերատոր «Սանիթեքի» ու քաղաքապետարանի միջև։ 

Թեմայի ատնչությամբ զրուցեցինք քաղաքապետարանի «Աղբահանության և սանիտարական մաքրման համայնքային հիմնարկի» տնօրեն Արմեն Գրիգորյանի հետ՝ հարցնելով, թե ինչպե՞ս են աշխատանքի բաժանում կատարում, աղբահանության ո՞ր մասը պետք է «Սանիթեքը» կատարի, ո՞ր մասը՝ քաղաքապետարանը, ի վերջո, քաղաքացիները չհավաքված աղբի համար ո՞ւմ պետք է մեղադրեն․ «Աշխատանքի բաժանում տարածքային սկզբունքով, ըստ էության, չկա:

Աղբահանության եւ սանիտարական մաքրման նորաստեղծ համայնքային հիմնարկը այս պահին եղած ռեսուրսներով մաքրում է այն հատվածները, որտեղ հատկապես սուր խնդիր կա, այսինքն, այնտեղ, որտեղ «Սանիթեք»-ը տեւական ժամանակ չի մաքրել:

Քաղաքապետարանի եւ վարչական շրջանների կոմունալ ծառայությունների աշխատակիցները աղբի կուտակման մասին ահազանգերը, հասցեները փոխանցում են հիմնարկին, որը կազմակերպում է աղբահանությունը տվյալ հատվածում:

Երբ հիմնարկը համալրվի անհրաժեշտ քանակության տեխնիկայով եւ մարդկային ռեսուրսներով, աշխատանքի կազմակերպման սկզբունքը, ամենայն հավանականությամբ, կվերանայվի»,- ասաց Գրիգորյանը։ 

Բացի աղբահանությունից սանիտարական մաքրում իրականացվո՞ւմ է, հիմնարկն ունի՞ համապատասխան աշխատակիցներ․ «Աղբահանության եւ սանիտարական մաքրման համայնքային հիմնարկի կանոնադրության համաձայն, այն իրավասու է իրականացնել նաեւ սանմաքրման աշխատանքներ:

Դեկտեմբերին քաղաքապետարանի ձեռք բերած 9 բազմաֆունկցիոնալ մեքենաները օրերս սկսել են օգտագործվել նաեւ սանմաքրման նպատակով, մասնավորապես դրանց օգնությամբ ջրով լվացվում են մի շարք փողոցներ:

Հիմնարկը 9 բազմաֆունկցիոնալ եւ 5 աղբատար մեքենաների հաշվով համալրված է աշխատակիցներով: Ակնկալվող 19 մեքենաները սպասարկելու նպատակով եւս ակնկալվում է աշխատակազմի համալրում՝ շուրջ 60 տարբեր մասնագետներով: Ընդ որում, առաջարկվող աշխատանքային պայմանները հետեւյալն են՝ վարորդները կստանան շուրջ 300 հազար դրամ (ներառյալ՝ հարկերը), բանվորները՝ 200 հազար եւ այլն:

Շենգավիթում համայնքային հիմնարկի համար կառուցվող կայանում աշխատակիցները ապահովված կլինեն խոհանոցով, լոգասենյակներով, հանգստի սենյակներով եւ աշխատանքի համար անհրաժեշտ այլ հարմարություններով»: 

Իսկ ինչո՞ւ է քաղաքի աղբահանության վիճակը շարունակում ծանր մնալ, հնարավո՞ր է, որ աշխատանքի վատ բաժանանման կամ չբաժանման արդյունքում «Սանիթեքի» ու քաղաքապետարանի միջև հակասություն է ստեղծվում եւ չեն կարողանում համագործակցել։

«Ներկայումս «Սանիթեքի» եւ համայնքային հիմնարկի տիրապետած մարդկային եւ տեխնիկական ռեսուրսներն անհամեմատելի են. «Սանիթեք» ընկերությունն իր ավտոպարկում ունի մի քանի տասնյակ աղբատար եւ այլ տեխնիկա:

Անգամ եթե հաշվի առնենք, որ «Սանիթեքի» մեքենաների զգալի մասը խափանված է կամ աշխատանքի համար ոչ պիտանի, այնուհանդերձ, այս պահի դրությամբ «Սանիթեքի» ռեսուրսները մի քանի անգամ գերազանցում են համայնքային հիմնարկի ռեսուրսները:

Մինչդեռ, ինչպես նշեցինք, Համայնքային հիմնարկը ունի 5 աղբատար եւ 9 բազմաֆունկցիոնալ (ձնամաքրող եւ ջրցան) մեքենա: «Սանիթեքի» եւ համայնքային հիմնարկի միջեւ մրցակցություն կամ աշխատանքի բաժանում չկա:

Համաձայն պայմանագրի, «Սանիթեք» ընկերությունն է քաղաքի աղբահանությունն իրականացնող միակ օպերատորը: Համայնքային հիմնարկը, ինչպես վերը նշեցինք, փաստացի կատարում է այն աշխատանքը, որը պետք է կատարեր «Սանիթեքը»՝ համաձայն պայմանագրով իր ստանձնած պարտավորությունների:

Քաղաքի աղբահանության վիճակը անբավարար է թերեւս այն պատճառով, որ «Սանիթեքը» պատշաճ չի կատարում այդ պարտավորությունները: Աղբահանության վիճակը էականորեն կշտկվի, երբ Երեւան հասնեն եւ սկսեն աշխատել պատվիրված 19 մեքենաները եւ մի քանի հազար աղբարկղերը: Աղբարկղների մատակարարումը կկայանա առաջիկա շաբաթներին, աղբատար մեքենաները ակնկալում ենք ստանալ օգոստոսի ընթացքում»:

ՀԳ Սանիթեքում կարծում են, որ Երեւանի քաղաքապետարանը եւ նրան ենթակա ՀՈԱԿ-ը ոչինչ չեն անում։ Փաստացի մեծ գումարներ են մսխվում նրանց վրա, սակայն ամբողջ աշխատանքի ծավալը մնում է իրենց վրա։

Եթե այդ գումարները, որոնք ծախսվում են Համայնքային հիմնարկի վրա, տրամադրվեին «Սանիթեքին», որն այսօր 20 մեքենա եւ 2000 աշխատող ունի իր տրամադրության տակ, ապա աղբահանության վիճակը նկատելիորեն կբարելավվեր մայրաքաղաքում։