«Կարա լինի»․ ԱԱՏՄ պետը Թորոսյանի հետ որոշակի դիսկոմֆորտի մասին՝ բարի ժպիտով

«Կարա լինի»․ ԱԱՏՄ պետը Թորոսյանի հետ որոշակի դիսկոմֆորտի մասին՝ բարի ժպիտով

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանի ասուլիսի հարցերի առյուծի բաժինը վերաբերում էր նախարար Արսեն Թորոսյան-Էդգար Խուրշուդյան, «Գարդասիլի» գովազդ և այլ անձանց հետ միջանձնային հարաբերություններին։ Էդգար Խուրշուդյանն ասաց, որ այն, որ կա որոշակի լարվածություն, հերքել կամ հաստատելու կարիք չկա։

«Ինչ վերաբերում է նախարարության և նախարարի հետ հարաբերություններին, իրականում ես գտնում եմ, որ ես տեսչական մարմինների այս ողջ բարեփոխումների գործընթացի, որը փորձեցի ներկայացնել,  տրամաբանությունն այն է, որ տեսչական մարմինները պետք է լինեն անկախ, կառավարությանը ենթակա և չեն ենթարկվելու լիազոր մարմնին, այսպիսով՝ ոչ թե որոշակիորեն, այլ բակականին մեծ չափով վերահսկում են նախարարության կողմից իրականացվող գործընթացները։ Եվ կարելի է ինչ-որ տեղ տրամաբանական ու նորմալ համարել, որ կա որոշակի լարվածություն»։

ԱԱՏՄ պետը հավելեց․«Այդ ամեն ինչը բավականին երկար ժամանակ է՝ շրջանառում  է։ Իրականում, եթե ունես վերահսկող մարմին, որը քո ոլորտի խնդիրներ է ներկայացնում, կարելի է դրան շատ ավելի կոնստրուկտիվ և պրոդուկտիվ մոտենալ, այսինքն՝ տալ լուծումներ այն խնդիրներին, որոնք տեսչական մարմինն իր գործունեության ընթացքում վերհանում է և խուսափել․․․ կարծում եմ՝ այդ հավասարակշռոթյունը ժամանակի ընթացքում կգա, որովհետև սա գլոբալ առումով ոլորտի և նախարության մեծ փոփոխություն է։ Եվ կարա լինի դիսկոմֆորտի ինչ-որ նշաններ, որոնք կարծում եմ՝ ժամանակի ընթացքի հետ պետք է, որ հարթվեն և անցնենք առաջ»,-ասաց ԱԱՏՄ պետը բարի ժպիտով։

Նա հավելեց, որ աշխատանքի բնույթով այնպես է ստացվել, որ Արսեն Թորոսյանի հետ պետք է շփվեն, թե՛ հեռախոսով, թե՛ գրավոր, ուղղակի վերջին շրջանում լարվածությունից հետո վերջին շփումը եղել է հունիսին՝ Առողջապահական խորհրդի նիստի ժամանակ։ Բայց աշխատանքային հանդիպումներ ունենում են, ԱԱՏՄ-ից բազմաթիվ առաջարկներ գնացել են նախարարություն։ 

Հիշեցնենք, որ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանի ասուլիսին ակնկալվում էին  լուրջ բացահայտումներ ու հայտարարություններ։
Հարց՝ ինչո՞վ է պայմանավորված, որ բոլոր անձինք և մարմինները, որոնք նախարարությանը չեն հաճոյանում, արժանանանում են ագրեսիվ վերաբերմունքի։

ԱԱՏՄ պետը ներկայացրեց մասամբ, միայն իրենց մասին, որ հավելյալ շահարկումների առիթ չտա։ Արսեն Թորոսյանի ընկեր և նախկին խորհրդական Վահե Տեր-Մինասյանի վերաբերյալ ասաց, որ նա գովազդել է բժշկի դեղատոմսով դուրս գրվող դեղորայք, ինչը արգելված է և ներառված է այն դեղերի ցանկում, որոնք, ի դեպ, տեղադրված են ԱՆ կայքում։ Նա կրկնեց, որ իրենց հարուցած վարույթն ու տույժը պայմանավորված էր միայն օրենքով։

Նա անդրադարձավ բժիշկ Գևորգ Գրիգորյանին  և Մարինա Խաչատրյանին, որոնց նկատմամբ ևս ԱԱՏՄ-ն վարույթ է հարուցել և նկատեց, որ եթե պարզվի, որ նրանք ևս խախտել են օրենքը, նույնպես կենթարկվեն պատասխանատվության։ Սա ասելիս ԱԱՏՄ պետը նկատեց, որ աշխատել է դեղերի ոլորտում, առողջապահական, բազմաթիվ ընկերներ ու «հարազատներ» ունի երկու տեղում էլ, նրանց էլ տուգանել է, ադեկվատ են մոտեցել, Վահե Տեր-Մինասյանի դեպքում մի քիչ շատ աղմուկ բարձրացավ, նորմալ է։

Ինչ վերաբերում է «պասլատ անելուն»։ Էդգար խուրշուդյանը նախ նկատեց, որ նիsտի արձանագրությունը կա, ապա առաջարկեց հարցն ուղղել մարդուն, որը «ենթադրաբար կամ վստահաբար նման արտահայտություն արել է»։