Գառանը համոզել են, թե իր թշնամին հովիվն է

Գառանը համոզել են, թե իր թշնամին հովիվն է

Ռուսաստանին Հայաստանից դուրս մղելու Եվրոպայի ջանքերը օր-օրի նոր թափ են հավաքում, քանի որ այդ «նախագծի» մեջ ակտիվորեն ներքաշվել է Նիկոլ Փաշինյանն իր՝ թիմով:  Եվրոպացիների հետ յուրաքանչյուր պաշտոնական հանդիպումից հետո նրա հռետորաբանությունը դառնում է ավելի ապակառուցողական, սադրիչ, վտանգավոր: Սա, իհարկե, անհետեւանք չի մնալու Հայաստանի համար: Փաշինյանը Հայաստանը նոր պատերազմի մեջ է ներքաշում՝ մտնելով աշխարհաքաղաքական մեծերի կռիվների ու «թեմաների» մեջ: Փաշինյանը գնում է Զելենսկու ուղիով, իսկ Հայաստանը տանում է ուկրաինացման: Բայց, եթե Ուկրաինան իր աշխարահագրական դիրքով հնարավորություն ունի ՌԴ-ի հետ մղվող պատերազմում զենք ստանալ Եվրոպայից, ապա ինչպե՞ս այդ զենքը կհասնի Հայաստան, երբ մեր երկու հարեւանները թշնամի են, մյուս հարեւանը՝ Իրանը եվրոպայի հետ ունի սրված հարաբերություններ, չորրորդը՝ Վրաստանի, Թուրքիայի կամակատարն է:

Իսկ ամենակարեւոր հարցն այն է, թե Եվրոպան Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից հերթական ռազմական ագրեսիայի դեպքում կցանկանա՞ զենք ուղարկել Հայաստան:

Միանշանակ՝ ոչ, չի ուղարկի, քանի որ Եվրոպան Հայաստանը «նվիրում է» Թուրքիային։ Թուրքիան այս տարածաշրջանում Եվրոպայի պաշտոնական ներկայացուցիչն է, Եվրոպայի դեմքը։

Դա եւս մեկ անգամ հաստատվեց օրերս. Անթալիայում ընթացքող դիվանագիտական ֆորումի ժամանակ Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն ասաց. «Մենք դիտարկում ենք նաեւ Թուրքիայի ներուժը տարածաշրջանում: Թուրքիան Վրաստանի եւ Հայաստանի անմիջական հարեւանն է, նաեւ հատուկ հարբերություններ ունի Ադրբեջանի հետ եւ եզակի հնարավորություն ունի՝ օգնելու տարածաշրջանում խաղաղության հասնելուն: Անկարան կարող է շատ հզոր խթան հաղորդել Հարավային Կովկասում կայունացմանը եւ ամրացնել իր դերը, որպես տարածաշրջանում առաջատար տերություն»:

Փաստորեն, Կլաարը արդեն ՌԴ-ին տարածաշրջանից հեռացնելու գործը համարում է ավարտին հասցված եւ նրան այստեղ փոխարինող է նշանակում Թուրքիային: Ասել է թե՝ Հայաստանին թողնում են թուրք-ադրբեջանական տանդեմի առջեւ մեն-մենակ: Իսկ սա նշանակում է, որ Հայաստանը, որպես պետություն վերջնականապես կկործանվի, իսկ Հայաստանի տարածքը կդառնա Մեծ Թուրանի ճանապարհ: 

Ստացվում է, որ «գառանը համոզեցին, որ իր թշնամի հովիվն է…Համոզեցին ու տարան գցեցին գայլի բերանը»… 

Ինչպե՞ս սրան կարձագանքեն եվրոպամետ գործիչները, ովքեր հավաստիացնում են, որ եթե Հայաստանը դուրս գա ռուսական ազդեցությունից, կդառնա ազատ, անկախ, ծաղկուն, հզոր երկիր, եւ որ մինչեւ հիմա ռուսական «սապոգն» է խանգարել մեր զարգացմանն ու ուժեղացմանը: 

Արդեն ոչ մի հիմնավորում չունի այն արդարացումը, թե Փաշինյանը Հայաստանի համար նոր հենարան ու դաշնակից է փնտրում, քանի որ ՌԴ-ն Հայաստանին «տիրություն» չի անում: Այո, ՌԴ-ն վերջին շրջանում իրեն չի պահում դաշնակցի նման: Այս գերտերությանը կարելի է մեղադրել շատ մեղքերի ու սխալների մեջ, որոնք թույլ է տվել Հայաստանի հանդեպ: Բայց չմոռանանք նաեւ, որ  ՌԴ-ն այսպիսին դարձավ Փաշինյանի իշխանության օրոք, Փաշինյանը ՌԴ-ին դարձրեց մեր «չ»դաշնակիցը, մեր «չ»բարեկամը: