Վերջին խոսքը

Վերջին խոսքը

Մարդկային կյանքը լեցուն է բազում «գլխացավանքներով», սոցիալական խնդիրները, առողջական վիճակը, ինչ խոսք՝ նաեւ տարիքը, անպայման իրենց կնիքն են թողնում առաջին հերթին բնավորության վրա: Սակայն ճանաչված մասնագետները կարծում են, որ «չարը խափանելու» համար, բոլոր պարագաներում, դրական ազդեցություն են թողնում հումորը, ժպիտը, ֆիզիկական կանոնավոր վարժությունները, մանավանդ՝ ամենօրյա փոքրիկ քայլարշավները:
Եվ, այդուհանդերձ, հանրահայտ է, որ ոչ մի բան հավերժ չէ այս աշխարհում՝ որտեղ սկիզբ կա, այնտեղ էլ՝ անպայման ավարտ: Բոլորիս համար ամենաթանկը կյանքն է, որ ոմանց համար վայելքներով է լի, ոմանց համար էլ, ավաղ, դառնություններով, եւ դրանց միջեւ հավասարության նշան է դրվում, երբ վրա է հասնում մահը: Այս մասին, որ մեր երկար ճանապարհի վերջին ու անխուսափելի հանգրվանն է, որքան էլ տարօրինակ է, շատ անվանի մարդիկ առանձին սարսափով չեն խոսում: Այս առումով արտասովոր է արտահայտվել հին հույն փիլիսոփա Էպիկուրը․ «Չարիքներից ամենասարսափելին՝ մահը, մեզ հետ ոչ մի առնչություն չունի․ քանի դեռ մենք գոյություն ունենք, մահը բացակայում է, իսկ երբ այն գալիս է, մենք այլեւս չկանք»:
Ի դեպ, շատ շատերն են ակամա խորհում ամբողջ կյանքի ընթացքում՝ ինչպիսի՞ն է լինելու իր գոյության ավարտական պահը: Կարծում ենք՝ ուշադրության արժանի են նշանավոր մարդկանց արտահայտած վերջին խոսքերը։

• Կոմպոզիտոր Էդվարդ Գրիգ. «Դե ինչ, եթե դա անխուսափելի է…»։

• Փիլիսոփա Ֆրիդրիխ Հեգել. «Միայն մեկ մարդ է ինձ հասկացել իմ ամբողջ կյանքում, ապա մի փոքր լռելով՝ ավելացրել է, - իրականում, սակայն, նա էլ ինձ չէր հասկացել…»։

• Թագուհի Մարիա Անտուանետան մահապատժից առաջ միանգամայն հանգիստ էր՝ կառափնարան բարձրանալիս նա անփութորեն կոխ տվեց դահճի ոտքը․ «Մսյո, խնդրում եմ ներեք ինձ, դա պատահաբար ստացվեց…»։

• Հռոմի կայսր Ներոն. «Ինչպիսի՜ մեծ դերասան է մահանում…»։

• Գարիբալդին, Անատոլ Ֆրանսը, Ջորջ Բայրոնը մահվանից առաջ արտաբերել են նույն բառը՝ «Մայրիկ…»։

• Երբ վերջին պահերն է ապրելիս եղել Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ I-ը, սուրբ հայրը սկսել է աղոթքը, եւ երբ նա արտասանել է՝ «մերկ եմ եկել այս աշխարհ եւ մերկ էլ հեռանում եմ…», Ֆրիդրիխը ձեռքով հրել է նրան եւ գոռացել. «Չփորձեք ինձ թաղել մերկ վիճակում՝ առանց շքահանդեսի հագուստի»:

• Մահացող Օնորե Դը Բալզակը վերջին պահին հիշել է իր պատմվածքներից մեկի հերոսին՝ բժիշկ Բիանչոնին․ «Իսկ նա ինձ կփրկեր…»:

• Իր մահվանից առաջ հանճարեղ Լեոնարդո Դա Վինչին բացականչել է․ «Ես վիրավորանք հասցրի Աստծուն եւ մարդկանց: Իմ ստեղծագործությունները չհասան այն բարձունքին, որին ես ձգտում էի…»:

• Միխայիլ Ռոմանովը մահապատժից առաջ դահիճներին տվել է իր ճտքակոշիկները. «Օգտվեք, տղաներ, ինչքան չլինի՝ ցարական են…»:

• Լրտես պարուհի Մաթա Հարին, իր վրա զենքերն ուղղած հրացանակիրներին օդային համբույր ուղարկելով, գոչել է․ «Ես պատրաստ եմ, տղանե՛ր»:

• Փիլիսոփա Էմանուել Կանտ. «Das ist gut» (դա լավ է):

Միսակ Նազարյան