Վրաստանը չի կարող կատարել ընդդիմության ծայրահեղ խնդրանքը` դա ինքնասպանություն կլինի

Վրաստանը չի կարող կատարել ընդդիմության ծայրահեղ խնդրանքը` դա ինքնասպանություն կլինի

Ռուս-ուկրաինական պատերազմի 6-րդ օրը Վրաստանի խորհրդարանի ամբիոնից բարձրաձայն դատապարտվեցին Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերը: «Ուկրաինայում պատերազմի հենց երկրորդ օրվանից մարդիկ հավաքվում էին Խորհրդարանի առաջ և փակում Ռուսթավելի պողոտան: Առաջին և երկրորդ օրերին մարդկանց թիվը հասնում էր 30-40 հազարի, հիմա այն դարձել է 15-20 հազար: Ամենօրյա բողոքի ակցիաների ժամանակ մարդիկ դատապարտում են Ռուսաստանին, որը հարձակվել է Ուկրաինայի վրա, որ անմեղ մարդիկ են զոհվում և այլն։ Փողոցներում, նախագահի նստավայրում, Քաղաքապետարանի շենքերի վրա կախված են Վրաստանիև Ուկրայինայի դրոշները։ Սրանով ամեն ինչ ասված է»,- մեզ հետ հեռախոսազրույցի ժամանակ ասաց Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր, երրորդ նախագահի խորհրդական Վան Բայբուրդը:

Նշենք, որ Վրաստանի խորհրդարանը երեկ ընդունեց բանաձև, որով պաշտպանում է Ուկրաինային: Սակայն թե որ երկրից ու ինչից է պաշտպանում Ուկրաինային չի ասվում բանաձևում: «Այո, չի նշվում Ռուսաստանի անունը: Ասվում է, որ օկուպացված է Ուկրաինան։ Եվ ճիշտ են անում, որովհետև սպառնալիքները Ռուսաստանի կողմից` դեպի Վրաստանը շարունակվում են մինչ օրս։ Մինչև օրս բռնազավթած Հարավային Օսեթիայում էլ ամեն օր Ռուսաստանը գալիս է ու քաշում է սահմանը, նրանք լիարժեք տիրապետում են այդ տարածքներին։ Մինչ ռուս-վրացական պատերազմը սկսվելը որ ոք չէր հավատում, որ Ռուսաստանը կպատերազմի Վրաստանի հետ: Բոլորը ինչ-որ թյուրիմացություն, մոգոնած բան էին համարում այդ խոսակցությունները։ Սակայն պատերազմը եղավ»,-ասաց վրացահայ մեր զրուցակիցս:

Բայբուրդն ընգծում է, որ Ռուսաստանն այսօր էլ նույնն է անում: Ուստի Վրաստանը յուրաքանչյուր հարցում պետք է շատ զգույշ վարվի։

«Այսօր, Վրաստանի խորհրդարանի պատգամավորները և աշխատակազմը՝ Ուկրաինայում վիրավորներին օգնելու նպատակով արյուն են հավաքել և կուղարկեն Ուկրաինա: Վրացիներից կազմված գումարտակներ էլ կան, որոնք պատերազմում են ռուսների դեմ։ Հրամանատարներ կան, որոնք հենց առաջին օրվանից պատերազմի են մեկնել Ուկրաինա։ Ռուսաստանի կողմից սպառնալիքները մինչև օրս Վրաստանն ունի։ Եվ այդ մեսիջները, որ գալիս են, նրանք չեն բավարարվում դրանով, որ, ասենք, հասել են Հարավային Օսեթիայի ամենագլխավոր ավտոմայրուղուց մի 10-15 կմ հեռավորության վրա»,-ասաց Վան Բայբուրդը:

Նրա խոսքով, Վրաստանում էլ կան ուժեր, որոնք փորձում են ավելի դրամատիզացնել դրությունը պետության համար։ Ընդդիմությունը պահանջում է իշխանությունից, որպեսզի վերջինս դատապարտի, պատժամիջոցներ կիրառի Ռուսաստանի դեմ: Զրուցակիցս ընդգծեց նաև, որ դա հղի է շատ մեծ բարդություններով և հիշեցրեց նույն Ռուսաստանի կողմից սպառնալիքները Վրաստանի դեմ:

«Ռուսասատանը լավ գիտի, որ Վրաստանի Խորհրդարանն իր ընդունած բանաձևով պաշտպանեց Ուկրաինային, վարչապետն իր ելույթներում ասում է, որ Վրաստանը կանգնած է ուկրաինացիների կողքին և դատապարտում է պատերազմը։ Եվ սա ասում են փաստորեն և նախագահը, և վարչապետը, և Վրաստանի խորհրդարանի նախագահը։ Այսինքն, ամեն ինչը կա, բացի մի բանից, որ չի ընդառաջվում ընդդիմության ծայրահեղ խնդրանքը. այն է՝ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ», ասաց Վան Բայբուրդը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ պաշտոնական Թբիլիսին հայտարարեց, որ չի միանում արեւմտյան երկրների հայտարարած պատժամիջոցներին` ընդդեմ Ռուսաստանի: Վան Բայբուրդի խոսքով, Վրաստանի տնտեսությունը կտուժի դրանից, այն շատ ուժեղ կապված է Ռուսաստանի հետ։ Այդ է պատճառը, որ չի ուզում ռիսկի գնալ:

«Ռիսկի դիմելը ես կարծում եմ ինքնասպանություն է։ Բարոյական տեսանկյունից նման հայտարարություններն ավելի արժեքավոր են, քան կառավարական պատժամիջոցները»,- ասաց զրուցակիցս: