ՀՅԴ-ն պետք է զատվի Քոչարյանից եւ փոխի մարտավարությունը

ՀՅԴ-ն պետք է զատվի Քոչարյանից եւ փոխի մարտավարությունը

ՀՅԴ-ականներրից շատերը, հավանաբար, հիմա մտածում են, որ 133-ամյա փորձառու դաշնակցությունը որեւէ մեկի խորհրդի կարիքը չունի: Բայց քանի որ արդեն ակնհայտ է, որ Դիմադրության շարժումը, որի կորիզը, շարժիչ ուժը դաշնակցությունն էր, չհասավ գլոբալ արդյունքի, ուրեմն ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է եղել ու պետք է փոխել մարտավարությունը… 

Ռոբերտ Քոչարյանն` իշխանության գալով, չուներ իր անձնական կուսակցությունը` այնպես, ինչպես Սերժ Սարգսյանը, ով ՀՀԿ-ն աստիճանաբար դարձրեց իր անձնական օգտագործման կուսակցությունը, Գագիկ Ծառուկյանը՝ իր ստեղծած կուսակցությունը, եւ այլն: Ուստի, Քոչարյանն իր համար որպես քաղաքական դաշնակից եւ հենարան ընտրեց Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք փակված ՀՅԴ-ն, որը երբեւէ չի եղել ու չի կարող լինել որեւէ մեկինը, քանի որ համահայկական, ազգային գաղափարական կուսակցություն է:  Քոչարյանի ընտրությունը ճիշտ էր: ՀՅԴ-ն եւ Քոչարյանը միասին լավ աշխատեցին` հնարավոր չէ ուրանալ նրանց համատեղ աշխատանքի տարիների ձեռքբերումները: Դրանք եղել են Հայաաստանի Հանրապետության զարգացման տարիները: Իհարկե, եղել են նաեւ սխալներ, երբեմն՝ շատ կոպիտ: 

Քոչարյանը կառչած չէր աթոռին եւ արժանապատվորեն այն հանձնեց հաջորդին: Նա, հավանաբար, երբեւէ չվերադառնար քաղաքականություն, եթե Հայաստանը չհայտնվեր այս անդունդի եզրին, եւ եթե Փաշինյանը նրա նկատմամբ քրեական գործեր հարուցելով, ինչպես ասում են, զոռով տնից չհաներ` բերեր քաղաքականություն: Որպես Հայաստանի ու Արցախի վրա «ամագ» ունեցած ղեկավար, սխալ կլիներ նրա՝ Հայաստանի համար այս ծանրագույն ժամանակաշրջանում քաղաքականություն չվերադառնալը:

Երբ սկսվեց Դիմադրության շարժումը, «Էպիկենտրոնում» էին նաեւ նախկին երկու նախագահները՝ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը: Սակայն, իմանալով ՀՅԴ-ի ու Քոչարյանի սերտ կապվածությունը, ակնհայտ էր, որ շարժումը նրանք են առաջ տանում: Սա ուներ իր եւ՛դրական, եւ՛ բացասական կողմը: Հասարակության մի մասը, տրվելով Քոչարյանի նկատմամբ տարիներ ի վեր իրականացված սեւ քարոզչությանը, չէր միանում շարժմանը: Իսկ երբ քայլերթում հայտնվում էին նաեւ Լիսկաները, Սաշիկներն ու Գոնսալեսները, ապա հասարակությունը վերջնականապես հիասթափվում էր. պատկերացնելով նրանց հնարավոր վերարարձի մղձավանջը: 

Իհարկե, շարժումն անպտուղ չեղավ. գոնե առժամանակ հետաձգվեց Արցախի հանձնումը: Սակայն այն աստիճանաբար մարեց: Գուցե՝ ժամանակավորապես: Շարժումը դուր չէր գալիս նաեւ պաշտոնական Կրեմլին: Հազիվ է Փաշինյանի նման կամակատար ղեկավար հայտնվել Հայաստանում, ինչի «շնորհիվ» Ռուսաստանն իր աշխարհաքաղաքական առեւտուրն է անում Հայաստանի ու Արցախի հաշվին: Ու, քանի որ Քոչարյանը համարվում է Ռուսաստանի «մարդը» եւ Պուտինի ընկերը, նրա միջոցով էլ, հավանաբար, շարժման գործողությունների մեջ սահմանափակումներ էին դրվում: Շարժումը ինչ-որ չափով կաշկանդված էր իր գործողություններում…Դա ինչ խոսք, բացասաբար ազդեց: Հիմա էլ Քոչարյանը ինչ-ինչ պատճառներով պասիվացել է: 

Ակնհայտ է, որ մեր խնդիրները չեն լուծելու ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Արեւմոտքը: Մեր խնդիրները մենք պետք է լուծենք, ունենալով ազգային ու գրագետ ղեկավարություն: Դրա կորիզը կարող է դառնալ ՀՅԴ-ն, որն ունի ազգային գաղափարախոսություն, մարդկային ռեսուրսներ` թե՛ Հայաստանում, թե՛ հատկապես սփյուռքում: Նա պետք է իր շուրջը հավաքի ոչ թե ընդգծված ռուսական կամ արեւմտյան կողմնորոշում ունեցող մարդկանց, որոնք կամա-ակամա ենթարկվում են այդ կենտրոնների թելադրանքին, այլ զուտ ազգային, անկախ գործիչների: անհատների՝ անկախ կուսակցական պատկանելությունից, անկախ այն բանից՝ ՀՅԴ-ի համակիրն են, թե քննադատը, ՀՅԴ-ից հեռացած են, թե հեռացված: Սփյուռքում շատ են դժգոհությունները, որ կուսակցությունն իր դռները փակ է պահում անհատների առջեւ, նրանց հետ չի շփվում, հարցերը եւ անելիքները քննարկում է միայն իր կուսակցականների հետ: Ի վերջո, կան նաեւ ՀՅԴ-ից հեռացած կամ հեռացված գործիչներ, որոնք կարող են իրենց գաղափարներով ու մտքերով օգնել կուսակցությանը: Սփյուռքում եւ Հայաստանում շատ կան նման մարդիկ, ում պետք է համախմբել: Հիմա կուսակցական «ամբիցիաներով» ու էգոյով առաջնորդվելու ժամանակը չէ, թե՝ ով դաշնակցական չէ կամ քննադատում է մեզ, ուրեմն նա մեզ հետ չէ կամ մեր թշնամին է::  

Եթե կորցնենք Արցախը, այնուհետեւ՝ Հայաստանի սուվերենությունը, այլեւս անիմաստ կդառնա թե ՀՅԴ-ի հետագա գործունեությունը, թե կուսակցական գաղափարախոսությունը: