Հայրենիքում

Հայրենիքում

Երբ կրակում են թնդանոթները, մուսաները լռում են: Եթե խմբագրենք այս հայտնի խոսքը, կստացվի` պատերազմի ժամանակ մուսաները դառնում են սեր առ հայրենիք, գուցե լուռ, զուսպ, սակայն ամբողջական ու կատարյալ: Իսկ «Հայրենիքում» խորագիրն ամփոփում է Հայաստանի Հանրապետություն, Արցախի Հանրապետություն եւ Պատմական հայրենիք: Էջը կազմել ենք համեմատաբար քիչ շրջանառված բանաստեղծություններ ընդգրկելու սկզբունքով, սակայն որոնցով հնարավոր լինի արտահայտել սերը, ոգին, անձնազոհությունը հավերժող երկրի եւ մարդու` հողի տիրոջ նկատմամբ: Տեւական ժամանակ է անհրաժեշտ նման բանաստեղծական էջ կազմելու համար, թերեւս այդ դեպքում էլ լավագույնը վիճելի կլիներ: Շրջանցել ենք շատ ընտիր գործեր, որոնք, առանց այդ էլ, անգիր գիտենք, խուսափել ենք նաեւ ժամանակակից հեղինակների գործերից, որոնցից մեր ընթերցողը հերսոտում է: Այդուհանդերձ, ձեր ներողամտությունը հայցելով՝ մեջբերեմ ապրող հեղինակ Վահագն Աթաբեկյանի Արցախյան ազատամարտին նվիրված այս տողերը.

Ճակատագիրն ահա՝ իր մատներով հողե
հեքիաթներից ծանոթ դեւի նման
մեր կոկորդը սեղմած՝ պահանջում է զոհեր
մի կում ջրի, մի կում հողի համար...


ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ. ԲԵՐԱՆՆ ԱՐՆՈՏ ՄԱՐԴԱԿԵՐԸ

Բերանն արնոտ Մարդակերը էն անբան
Հազար դարում հազիվ դառավ Մարդասպան.
Ձեռքերն արնոտ գնում է նա դեռ կամկար,
Ու հեռու է մինչեւ Մարդը իր ճամփան:


ՄԻՔԱՅԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. ԶՎԱՐԹ ԵՐԳ 

Ինչ որ լա՜վ է այս աշխարհում՝ 
Բոլորն էլ կա՛ Ղարաբաղում, 
Բոլորն էլ կա, եւ՝ ավելին, 
Սա՛ր չի հասնի մեր սարերին... 
Ինչպես մայրն իմ՝ ողջ աշխարհի 
Մայրերից էլ լա՛վ է, բարի՛, 
Այնպես հողն իմ Ղարաբաղի՝ 
Քա՛ղցր է, եւ թող Աստված պահի, 
Եվ կպահի, մի՛ կասկածի, 
Աստված էլ է ղարաբաղցի...

 

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ. ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն -
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին…

 

ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ. ԻՆՉՊԵ՞Ս ՉՍԻՐԵՄ...

Ինչպե՞ս չըսիրեմ, երկիր իմ կիզված,
Պարզված վերըստին սրերին սուրսայր.
Ինչպե՞ս չըսիրեմ - հեզությամբ լցված
Դու յոթնապատիկ խոցված Տիրամայր։

Որքան որ ելան արյունիդ ագահ,
Դու կամավոր զոհ - բոլորը տվիր.
Դու հավետ եղար անարատ վըկա -
Չարերի կոխան, խաչված իմ երկիր։

Հրկեզ քո հոգին, որպես առատ խունկ,
Աշխարհի համար պարզեցիր անպարտ,
Հեզ ընդունեցիր երդում ու երկունք,
Դու արքայաբար վեհ ու անհպարտ։

Ժամ է, ե՛լ նորից, իմ ծիրանավառ,
Զրահավորվիր խանդով խնդագին,
Վառիր երկունքի գիշերում խավար
Հրով մկրտված նաիրյան հոգին...

 

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ. ՎԱՆԱ ԼՃԻՆ

Օ՜, Վանա լիճ, դու ներքին ծով հայրենիքի իմ սգավոր,
Հայրս է նայել կսկծացող իր աչքերով քեզ ակնդետ,
Մեր սրտերն արդ մեկ են դառնում որդիական աղոթքիս հետ։
Նրա արյունն իմ արյան մեջ վեր է հանում պահն ահավոր
Երբ հայրենի ափին նա իր հրաժեշտը տվեց վերջին -
Հեղձամղձուկ ու անողոք պարտադրված մի հրաժեշտ։
Օ՜, Վանա լիճ, խորհրդանիշ դու մեր վշտի, ախ, այնքան հեշտ
Շարունակում են նրանք հեգել իրենց ժխտումն ամեն ինչի։

Նրա ոգու երկրից էր այդ բաժանումը երկարատեւ
Ու երկնքից, ուր լեգենդն էր նրա կյանքի ուժ ստանում,
Եվ չնայած մահկանացուն նա իր կնքեց հեռու երկրում,
Նրա ջահել ուրվականը մնաց քո պաղ սուգից վերեւ,
Ողբ ու արցունք՝ մշուշի մեջ ու հորդառատ անձրեւների,
Օ՜, Վանա լիճ, դու ավազան մահու չափ խոր քո ցավերի:

Թարգմանությունը՝ Մուշեղ ԲԱԴԱԼՅԱՆԻ

 

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ. ԵՐԳ ԵՌԱՁԱՅՆ
(Հատված)

Ա՛խ, իմ հայրենի՜ք... 
 
Դու՝ 
            Հազարամյա իմ ազգանո՜ւնը, 
Ես - 
            այնպե՛ս ապրել կարողանայի, 
Որ ինձ ազգանուն բաշխելուդ համար 
Դու երբեւիցե անհարմար չզգաս... 
 
Ապրելու կեսն էլ պատվով մեռնելն է։ 
Ա՛խ, երանի՜ թե ես այնպե՛ս մեռնեմ, 
Որ դու... ինձ սգաս։

 

ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ. ՊՈԵՄ

Գիշերվա մի ուշ ժամի 
Արեւ էր, երդիկից կաթեց. 
Իմ «անհայտ կորած» հորից 
Նամակ էր, մայրիկս բացեց.
- «Լցվել եմ, լալ չեմ կարող»... 
Այդ ե՞րբ է հաղթողը լալիս: 
Համբույրներ: Դու համբուրիր 
Հայրիկին, նանին, տղայիս:- 
Տատիկը ճչաց, հանգավ, 
Պապիկը գլուխը կախեց: 
Գիշերվա մի ուշ ժամի 
Մեր տունը սեւ ու սուգ կապեց: 
Գիշերվա մի ուշ ժամի 
Ողջ գյուղը մեր տուն էր գալիս, 
Ասում էր. «աչքներդ լույս» 
Եվ հետո նստում ու լալիս:


ՊԱՏՎԱԿԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆ

Հայաստանը
Իմ անունն է,
Ազգանունն է,
Ինձ ուժ տվող զորությունն է,
Իմ հինը եւ նորությունն է,
Իմ լեզուն է, այբուբենը,
Ուրիշ խոսքով՝ այն ամենը,
Որ կոչվում է հայրենի տուն…
Եվ այն տունն է,
Որ շինել է պապիս պապը
Անդուլ ջանքով
Ու տանջանքով․
Քար է դրել քարի վրա,
Դար է դրել դարի վրա
Եվ քրտինքը թուխ ճակատին՝
Ձուլել է նա պատը պատին։
Էլ ոչ մի հուր,
Էլ ոչ մի սուր
Չի մտնելու իմ նոր տունը,
Չի ջնջելու իմ անունը,
Ազգանունը,
Իմ լեզուն ու այբուբենը,
Ուրիշ խոսքով՝ այն ամենը,
Ինչը ամուր սյունն է իմ տան
Եվ միասին կոչվում է հայ
Ու Հայաստան։
Եվ ես հիմա իմ տան պատին
Նոր-նոր քարեր պիտի դնեմ,
Նոր-նոր դարեր պիտի դնեմ,
Որ գնալով հզորանա,
Ծլարձակի ու նորանա,
Որ միշտ պահի իմ անունը,
Ազգանունը,
Իմ մայր լեզուն, այբուբենը,
Ուրիշ խոսքով՝ այն ամենը,
Ինչը կյանքն ու խորհուրդն է տան
Եվ միասին կոչվում է հայ
Ու Հայաստան։


ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ. ՔԵԶ ՀԵՏ ԵՎ ՔԵԶ ՀԱՄԱՐ
(Հատված)

Ես այս երգը երգում եմ կանգնած,
որովհետեւ դու նա ես,
ում խաղաղության համար զոհվում են առանց կասկածելու,
որովհետեւ դու նա ես.
ում համար կռվի են ելնում առանց հրամանի,
որովհետեւ դու նա ես,
հենց նա, որին ասում են միակ,
որին կարոտում են հեռվից,
որի համար արտասվում են օտար սրճարաններում
եւ նավերի վրա:

Ես այս երգը երգում եմ սկզբից,
որովհետեւ դու նա ես, որին կորցնելուց հետո
էլ ոչինչ չենք ունենա կորցնելու,
որովհետեւ առանց քեզ անձրեւը ջուր է սովորական,
լեռները` քարերի կուտակում,
սերը` շքեղություն ավելորդ
եւ որդի ծնելը` հանցագործություն:
 

ԴԱՎԻԹ ՀՈՎՀԱՆՆԵՍ. ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՀԱՅԸ
(Հատված)

Ահա ե՛ս եմ, Հավերժական Հայը, կանգնած Եղեռնի ու Երկրաշարժի մեջտեղում, արնամած աչքերս հառած Մասիս սարին,
Եվ ինձ խփում են - տարերքը տակից, Աստված վերեւից, թշնամին դեմից, բարեկամը մեջքից, Արեւմուտքը աջից, Արեւելքը ձախից,
Բայց ես չեմ վերջանում,
Ես տեսնում եմ արդեն Ահեղ Դատաստանի օրը,
Բայց ես Հայաստանն եմ, եւ ինձ սպանել հնարավոր չէ, որովհետեւ ես ամեն ինչ եմ, ամենուր ու անվախճան...


ՇՈՒՇԱՆԻԿ ԿՈՒՐՂԻՆՅԱՆ. ՄԻ ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

Ո՛չ խաչ, մահարձա՛ն… անշուք հողակույտ
Ամայի դաշտում լո՜ւռ առանձնացած
Ընկած է անփույթ։

Անթիվ վերքերով վիրավոր կրծքում
Վեհ գաղափարի անհաղթ փոթորիկ
Էլ չի աղմկում։

Հոգնած գլուխը մայր հողի կրծքին՝
Ցավոտ աշխարհի լացը չի լսում-
Քնա՜ծ է հոգին։

Աստղերը-կանթեղ, ցոլքով հրավառ
Շիրմին լույս տալիս. բույսը բուրմունքով-
Խնկարկում բուրվառ։

Քամին թեւերով գգվում է, դողում-
Ու մահասարսուռ ձայնով վշտացած
Ողորմի՜ ասում։

Ո՛չ խաչ, մահարձա՛ն… կյանքի խաչը նա
Այնպե՜ս անվեհեր, ամենքի համար
Տարավ Գողգոթա…

 

Կազմեց եւ ներկայացրեց բանաստեղծ ՀՈՒՍԻԿ ԱՐԱՆ
«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ