Բարով գնաս...

Բարով գնաս...

Զարմանում եմ, թե ինչու է Տաթևիկ Ռևազյանը հրաժարական տվել ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի (ՔԱԿ) ղեկավարի պաշտոնից: Մարդը լավ էլ համապատասխան էր թե՛ իր պաշտոնին և թե՛ Փաշինյան Նիկոլի կառավարության ոգուն: Մարդ, որ ավիատոմսերի վաճառքի միջակ մակարդակի մենեջերից մի ցատկով դարձել էր նման պատասխանատու ոլորտի առանցքային պաշտոնյա: Եթե Նիկոլի իշխանության մի քանի նախկիններին բացառենք, ապա դրա նմաններին այսօր կարելի է հանդիպել ամենուրեք:

Դրանք լավ էլ «գործ են անում»՝ վայելում են պաշտոնից բխող արտոնությունները: Միաժամանակ, տապալում են իրենց հանձնված բնագավառները: Այնպես որ, կարծում եմ, լրիվ անարդարացիորեն է նախկին «սիրուն աղջիկ» տիկինը հրաժարական ներկայացրել: Ինչ մնում է արաբական կապիտալով ազգային ավիափոխադրող ունենալուն, ապա դա պետք է որ բնական երևույթ լինի այդ բնագավառում: Ինչպե՞ս կարող է մեզ նման աղքատ երկիրն ունենալ սեփական կապիտալով սեփական ավիափոխադրող: Իհարկե, կարող էր պետական ընկերություն հիմներ ու 120 միլիոն ԱՄՆ դոլարով մի քանի բավական թարմ ինքնաթիռներներ վարձակալեր: Իսկ գործարկելուց հետո բաժնետոմսերի մի մասը օտարեր: Բայց դրա փոխարեն ունեցանք Հայաստանի համար բացարձակ անպետք, սակայն աննախադեպ ռազմական ՍՈՒ-30 4 կործանիչ: Չէ, ներողություն, դրանք պետք էին, որպեսզի Նիկոլն օդաչուի խցիկում նստած սելֆի աներ:

Կարծում եմ, որ թե՛ իշխանավոր ու իշխանամետ և թե՛ ընդդիմադիր հայաստանցիները պետք է մի մարդու նման դիմեն Տաթևիկ Ռևազյանին, որպեսզի վերջինս հետ վերցնի հրաժարականի դիմումը և շարունակի «փորձություններով և հաջողություններով լի ևս մի քանի տարի ծառայել ավիացիայի ոլորտին»: Կարծում եմ, որ նրա բացակայությունը կարող է բացասականորեն ազդել «մեր երկնքի անվտանգության ապահովման» առումով: Եվ կարող է ստացվել այնպես, որ նրա բացակայության պատճառով «առաջիկայում հստակորեն տեսանելի չլինեն նաև անվտանգության բարելավմանն ուղղված քայլերի արդյունքները»: Չնայած որպես ՀՀ քաղաքացի չգիտեմ թե անվտանգության առումով ինչ բարելավումների մասին է խոսում տիկին Ռևազյանը: Սակայն հիշում եմ, որ իր օրոք և բնականաբար իր ղեկավարման պատճառով ուղիղ երկու տարի առաջ Հայաստանի ՔԱԿ-ն ընկավ եվրոպական պատժամիջոցների տակ:

Հիշեցնեմ՝ խոսքը գնում էր հայկական 2 ավիաընկերության՝ դեպի Եվրոպա թռիչքներ կատարելու իրավունքից զրկվելու մասին: Այնուհետև Եվրոպական Միության գործադիր մարմնի՝ Եվրահանձնաժողովի կողմից ԵՄ ավիացիոն թարմացված «սև ցուցակում» Հայաստանի՝ իր բոլոր ավիափոխադրողներով հանդերձ, ընդգրկվելու մասին:

Այդ ամենը, բնականաբար, արտացոլված չէ հրաժարականի վերաբերյալ տիկին Ռևազյանի տեքստում: Ընդհակառակն, այնտեղ խոսվում է ՔԱԿ-ի կողմից «շատ լուրջ բարեփոխումների և արդիականացման գործընթացների» մասին: Ինքնագովության ահագին լիցքով հագեցած այդ տեքստում խոսվում է «միջազգային բարձր որակի ստանդարտներին հասնելու առումով ավիացիոն իշխանությունների ճիշտ ուղու վրա» լինելու մասին: Հիշեցի Նիկոլի 2020 թվականի աշնանային (նախքան պատերազմը) գրառումը. «Սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ»: Ինչ էլ նման են, չէ՞, սրանք իրար: Ինչևիցե, անձամբ եմ կարդացել ոլորտի մասնագետներից մեկի կարծիքը, որ տիկնոջ երեխայի (կարծեմ՝ երկրորդ) ծնվելու կապակցությամբ նրա բացակայության պայմաններում հնարավոր է եղել որոշ չափով կարգավորել այն խառնաշփոթը, որ գեներացվել էր նրա կառավարման շնորհիվ:

Տիկին Ռևազյանի հրաժարականի տեքստից իմանում ենք, որ իր «գլխավոր նպատակն էր Հայաստանը դարձնել ներդրողների համար գրավիչ ուղղություն»:  Եվ եթե դրան չխանգարեր համավարակը, ապա «ուղևորահոսքերի ակնկալվող աճի տեմպերը ՀՀ-ն կդասեին աշխարհում աճի ամենաբարձր ցուցանիշներն ունեցող երկրների ցանկում»։ Որքան հիշում եմ, տիկնոջ ջանքերի շնորհիվ Հայաստանում հայտնվեցին երկու` տոմսերի գնային առումով ցածրարժեք (low cost carrier operator) եվրոպական ավիաընկերություններ: Բայց դրանցից մեկը շատ արագ փոխեց գնային իր քաղաքականությունը, իսկ մյուսը վստահաբար հետևելու էր առաջինին՝ եթե նույնիսկ չլիներ կորոնավիրուսը: Վիրուսի համավարակն ընդամենը քողարկեց ավիաընկերության հեռանալու գործընթացը: 

Վերադառնալով արաբական կապիտալով «Ֆլայ Արնա» ավիաընկերության մրցունակության խնդրին՝ արձանագրեմ, որ հենց Պարսից ծոցի արաբական երկ8րների օդանավակայաններն են վաղուց դարձել տարածաշրջանի ավիացիոն հանգույցները (այսպես կոչված հաբերը): Եվ չեմ կարծում, թե Էմիրաթների «low cost carrier operator» «Էյր Արաբիա Գրուպի» և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF) համատեղ զավակ «Ֆլայ Արնան» (Հայաստանի ազգային ավիաընկերությունը) խնդիր է ունենալու մրցակցել իր մայր կազմակերպության հետ: Իսկ թե առանց դրա ինչպես է օգտագործվելու «աշխարհի ամենաանվտանգ և ամենամրցունակ ավիաընկերություններից մեկի knowhow-ն»՝ կիմանա երևի ՔԱԿ-ի արդեն նախկին ղեկավարը: Ինչ մնում է «հայկական ավիացիայի լուսավոր ապագային», ապա չեմ կարծում, թե Փաշինյան Նիկոլի վարչապետության օրոք որևէ բնագավառ Հայաստանում կարող է ունենալ լուսավոր ապագա: Որպեսզի ինչ-որ մեկն էլ փորձի «ամեն կերպ աջակցել դրան հասնելու գործին»: