Երբ զգացի, որ խղճիս դեմ կգնամ, հրաժարական կտամ

Երբ զգացի, որ խղճիս դեմ կգնամ, հրաժարական կտամ

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու է առաջադրել Արթուր Վաղարշյանին։ Վերջինիս թեկնածությունը Արմեն Սարգսյանն առաջադրել էր մեկ տարի առաջ, սակայն խորհրդարանը 2019-ի մայիսի 29-ին մերժեց նրան։ Զրուցեցինք Վաղարշյանի հետ, ով անակնկալի եկած, հայտնեց, որ նոր է իմացել, որ իր թեկնածությունն է առաջադրվել․«Անակնկալ էր, որ այս պահին է եղել առաջադրումը, ու ես ձեզանից իմացա, բայց որ հավակնորդների ցուցակում կայի, այդ մասին գիտեի», -ասաց նա։

-Պարոն Վաղարշյան, Դուք համաձա՞յն եք այս առաջադրման հետ, եւ Ձեր կարծիքով՝ ի՞նչ ակնկալիքով է նախագահը Ձեզ առաջադրել՝ հաշվի առնելով, որ անցած տարի խորհրդարանը մերժեց Ձեր թեկնածությունը։ Ի՞նչ է փոխվել մեկ տարվա ընթացքում։

-Այո, համաձայն եմ, ինձ համար ոչինչ չի փոխվել, ես նույն մարդն եմ։ Թե ուրիշների համար ինչ է փոխվել, դա չգիտեմ։

-Իսկ հնարավո՞ր է՝ այս անգամ էլ մերժվեք։

-Կարծում եմ՝ ողբերգություն չէ, մերժեցին, մերժեցին։

-Պարոն Վաղարշյան, Սահմանադրական դատարանի հետ կատարվածը մասնագիտական համայնքի գերակշիռ հատվածը գնահատել է հակասահմանադրական, շատերը բարձրաձայնեցին, որ անպատվաբեր է մտնել այս գործընթացի մեջ եւ առաջադրվել թեկնածու, քանի որ վաղ թե ուշ գործընթացը միջազգային ատյանների կողմից հակասահմանադրական է ճանաչվելու։ Կարո՞ղ ենք ասել, որ Դուք այս ամենը հակաօրինական չեք գնահատում։

-Դուք գիտեք, որ գնահատականները հակասական են։ Ես մամուլով չեմ ուզում գնահատական հնչեցնել, որովհետեւ ըստ էության հանրային ծառայողի թեկնածու եմ արդեն։ Եթե Ազգային ժողովում նման հարցադրում լինի, ուղիղ կլսեք պատասխանը։

-Հարցադրումն արդեն կա եւ կխնդրեի պատասխանեք։

-Ես որպես թեկնածու նախապես չեմ ուզում իմ տեսակետը հայտնել, եթե ինձ առաջադրել են, ես արդեն հանրային ծառայողի թեկնածու եմ, իրավունք ունեմ զսպվածություն դրսեւորել, ընդամենը դա։ Երբ հարցադրումը եղավ ԱԺ-ում, կպատասխանեմ։

-Կարո՞ղ ենք արձանագրել, որ եթե կա Ձեր համաձայնությունն առաջադրվելու, արդեն իսկ նշանակում է, որ ՍԴ-ի հետ կատարվածը հակասահմանադրական չեք համարում։

-Այո։

-Ի՞նչ առաքելությամբ եք գնալու ՍԴ։

-Իմ նախորդ բոլոր ելույթներն ուժի մեջ են, ես ոչինչ չեմ կարող ավելացնել, արդար, անաչառ դատավոր դառնալու համար եմ գնալու՝ ի փառս Հայաստանի Հանրապետության։

-Ի փառս Հայաստանի Հանրապետությա՞ն, թե՞ իշխանության։ Տեսակետ կա, որ բարձր դատարանը կազմալուծելու իշխանական ծրագրով մեկ նպատակ է հետապնդվում՝ ունենալ կամակատար դատարան։

-Իմ առաջադրման գործընթացից ելնելով չեմ մտածում, որ պայմանավորվածություններ կան, մեխանիզմներ, որոնցով ազդել են իմ վրա, կամ մի խոսքով։

-Հետո՞ էլ չեն կարող ազդել Ձեզ վրա։

-Երբ զգացի, որ խղճիս դեմ կգնամ, համոզված եղեք՝ հրաժարական կտամ։

- Դուք կարծում եք, որ Ալվինա Գյուլումյանը, Թոխյանը, Նազարյանը կամային դատավորնե՞ր չէին եւ նրանց լիազորությունների դադարեցումն օրինակա՞ն էր։

-Կլինի մի քիչ հետաձգենք այս խոսակցությունը, ես փաստաթղթեր պետք է հավաքեմ։