Արտաշատում ընտրական լուսաբացը խաղաղ էր

Արտաշատում ընտրական լուսաբացը խաղաղ էր

Արարատի մարզի Արտաշատ խոշորացված համայնքի ղեկավարի և ավագանու ընտրություններին մասնակցում է 6 կուսակցություն և դաշինք: Չնայած այս հանգամանքին` տեղամասերի բացվելուց հետո ընտրական եռուզեռ չի նկատվում: Ընդդիմադիր ՀՅԴ-ի ցուցակը գլխավորող Բերքանուշ համայնքի ղեկավար Մանվել Հայրապետյանը մեզ հետ զրույցում դա բացատրեց ամպամած, ոչ այնքան տրամադրող եղանակով: Մյուս կողմից էլ, ըստ նրա, դեռ վաղ է մասնակցության մասին պատկերացում կազմելու համար, ընտրատեղամասերն ընդամենը 2 ժամ առաջ են բացվել: 

Նա նաև հավելեց, որ նախընտրական պայքարում այստեղ ֆավորիտ չի ձևավորվել և ընդգծված առաջատար չկա: Մասնակից ուժերից ամեն մեկն էլ ունի իր ընտրազանգվածը, իսկ թե ինչ արդյունքներ կգրանցվեն, կախված կլինի ընտրողների` իրենց քաղաքացիական պարտքը կատարելու պատրաստակամությունից:

Մեր հարցին` իսկ գուցե ներքին լարվածությո՞ւնն է պատճառը, որ մարդիկ չեն շտապում ընտրությունների, Մանվել Հայրապետյանը պատասխանեց, որ լարվածության մասին խոսք չի կարող լինել, նախընտրական փուլն անցել է հանգիստ, բոլոր ուժերն էլ իրենց քարոզչությունն անցկացրել են փոխադարձ հարգանքի ու հանդուրժողության մթնոլորտում: