Ցեղասպանություն իրականացնում էր Ադրբեջանը

Ցեղասպանություն իրականացնում էր Ադրբեջանը

Փետրվարյան այս օրերին հակառակորդի քարոզչությունը վերստին շրջանառության է դնում Խոջալուի «ցեղասպանության»  թեման: Բրյուսելում մի խումբ ադրբեջանցիներ ցույց են անցկացրել եւ հանրագիր հղել Եվրախորհրդարանին՝ Խոջալուի «ցեղասպանությունը ճանաչելու եւ դատապարտելու պահանջով» : Թեման արծարծվել է Թուրքիայի խորհրդարանում: Ի՞նչ է տեղի ունեցել Խոջալու գյուղում 27 տարի առաջ: Արցախի ինքնապաշտպանության ուժերն իրականացրել են ադրբեջանական կրակակետերը ոչնչացնելու, արտաքին աշխարհի հետ միակ կապն ապահովող օդանավակայանն ապաշրջափակելու ռազմագործողություն:

Այդ մասին հակառակորդն իրազեկվել է նախօրոք, հայտնի է եղել, որ գյուղում դեռեւս մնացած խաղաղ բնակչության տարհանման համար թողնվում է մարդասիրական միջանցք: Փետրվարի լույս 26-ի գիշերն այդ միջանցքով հեռացել են խաղաղ մարդիկ: Խոջալու գյուղի տարածքում ոչ մի խաղաղ բնակիչ չի զոհվել: Մարդիկ սպանվել են Խոջալուից ավելի քան 18 կիլոմետր հեռավորության վրա գտնվող տեղանքում, որը գտնվել է հակառակորդի զինված խմբավորումների վերահսկողության տակ: Այդ ամենի պատասխանատվությունը կրում են Ադրբեջանի իշխանությունները եւ ընդդիմությունը, որոնց քաղաքական մրցակցությունը պատճառ է դարձել Խոջալուի խաղաղ բնակչության շրջանում մարդկային զոհերի:

Իրականում ցեղասպանություն ծրագրվել էր արցախահայության նկատմամբ եւ հետեւողականորեն կիրականացվեր, եթե Ադրբեջանը չհանդիպեր զինված ինքնապաշտպանության ելած ժողովրդի համառ դիմադրությանը: Փաստերն, ինչպես ասում են, համառ են: Իրավիճակի վրա լույս է սփռում պատմական փաստաթուղթը՝ Ադրբեջանի անվտանգության խորհրդի նիստի արձանագրությունը, որտեղ կարդում ենք նախագահ Մութալիբովի ելույթն այն մասին, որ հարկավոր է ամբողջ ուշադրությունը կենտրոնացնել Շուշիի վրա, այնտեղ տեղափոխել ողջ ծանր տեխնիկան, հրետանային կայանքները:

 «Ի դեպ,- ՆԳ նախարարին հարցում է Մութալիոբովը- Խանքենդիի(Ստեփանակերտի) բնակֆոնդի ո՞ր մասն է արդեն ոչնչացված» :

-Մեկ երրորդը,- հետեւում է պատասխանը:

-Այժմ հարկավոր է աշխատել այդ ուղղությամբ, ինձ զեկուցել են, որ Ղարաբաղի հայ բնակչության շրջանում աճում է տագնապը, հարկավոր է զարգացնել հոգեբանական ազդեցությունը:

Դուք հասկանում եք՝ ինչ նկատի ունեմ: Եկեք սրանով էլ ամփոփենք,- վերջակետ է դնում Մութալիբովը: Սա ադրբեջանական բաց աղբյուրից քաղած տեղեկություն է: Իսկ թե ի՞նչ գաղտնիքներ կան պետական մարմինների կողմից այդ շրջանում ընդունված որոշումներում՝ կարելի է միայն ենթադրել: Բայց մեջբերվածն էլ բավական է, որպեսզի վստահաբար պնդենք, որ 1992թ. հունվար-փետրվար ամիսներին Ադրբեջանում ծրագրվել է գրավել Ստեփանակերտը, իրականացնել հայ բնակչության զանգվածային կոտորած եւ բռնատեղահանություն՝ վերջնականապես լուծելու ԼՂ հարցը: Այդ ծրագրի տապալումից է ադրբեջանական քարոզչությունը մոգոնել Խոջալուի «ցեղասպանության»  թեման: