Ո՞վ է մեղավոր, որ ռուսական TV-ով ադրբեջանամետ ռեպորտաժներ են ցուցադրվում

Ո՞վ է մեղավոր, որ ռուսական TV-ով ադրբեջանամետ ռեպորտաժներ են ցուցադրվում

Զարմանալի օրինաչափությամբ, որքան ավելի հաճախակի են ադրբեջանական մամուլով կամ սոցկայքային ադրբեջանական սեգմենտում հայտնվում հակառուսական հայտարարություններ, հակառուսական տրամադրություններ, այնքան ավելի ընդգծվում է ռուսների՝ ադրբեջանցիների հանդեպ դրական վերաբերմունքը։ Հարցն այն չէ, որ «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը նախ հարցազրույց է վերցնում Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանից, ապա, Բաքվի համապատասխան «վերաբերմունքից» հետո, այն հանում լրատվական գործակալության կայքից։ Ամենաթարմ օրինակը հունիսի 19-ին էր, երբ ռուսական պետական գլխավոր հեռուստատեսությունը Դմիտրի Կիսելյովի շաբաթվա ամփոփումը ներկայացնող լրատվական-վերլուծական հեռուստահաղորդաշարի ընթացքում բավականին ընդարձակ ռեպորտաժ նվիրեց Ադրբեջանին, որտեղ բավական ցցուն կերպով ներկայացված էին նաեւ հատվածներ Ղարաբաղի, ավելի կոնկրետ՝ «Ղարաբաղի վերականգնման», Շուշիի (հաղորդման ընթացքում հնչեց ադրբեջանական «Շուշա» տարբերակը) հետ կապված։

Այնպիսի տպավորություն էր, ասես ոչ միայն լրագրողն է համամիտ, որ Ադրբեջանը վերջապես «ազատագրել է իր հողերը», ու, ի վերջո, «Ղարաբաղում խաղաղ կյանքն» է վերականգնվում, այլ նաեւ Կիսելյովն ինքն էլ համակարծիք է, թեեւ, որքան հիշում ենք, նա արցախյան ազատամարտի սկզբնական փուլում, որպես ռուսական կենտրոնական հեռուստատեսության լրագրող, եղել է Ղարաբաղում եւ ռեպորտաժներ պատրաստել նաեւ արցախահայության կրած զարհուրելի տառապանքների մասին։ Ինչպես ասում են՝ կա՛մ ամեն ինչ մոռացվել է, կա՛մ հիշվում է ըստ Կրեմլից եկած հրահանգի, ըստ քաղաքական նպատակահարմարության։ Իսկ առայժմ կարեւորը Շուշին որպես «Շուշա» ներկայացնելն է, որտեղ Սուրբ Ղազանչեցոցի, Շուշիի քրիստոնեական հետքի մասին ոչինչ չխոսվեց, բայց Փոլադ Բյուլբյուլօղլու հոր՝ ադրբեջանցի հայտնի երգիչ Բյուլբյուլի մասին հիշատակվեց համապատասխան «երկրպագումներով» եւ ռեւերանսներով։ 

Իհարկե, այս ամենը կարելի է հազար ու մի ձեւով բացատրել, փորձել գտնել հիմնավորումներ կամ արդարացումներ ռուսների այս պահվածքի համար, սակայն հարցն այն է, որ ադրբեջանական կողմը բավական լավ լոբբիստական աշխատանք է կատարում ու կարողանում է պետք եղած պահին այնպես անել, որ ինչը հարկ է, ըստ իր դիտակետի ներկայացվի ռուսական մամուլում։ Թեեւ կարծես թե Ռուսաստանում, գոնե մեդիատիրույթում, հայերի պակաս չկա։ Հայկական համայնքն էլ քիչ թե շատ կայացած ու կազմակերպված է։ Տոնական, հանդիսավոր միջոցառումների ժամանակ հավաքվում են «մանրահատակի վրա սիգաճեմելու» ու իրենց ցուցադրելու «ռուսահայոց ազգային եւ կրոնական ջոջերը», մեծ-մեծ խոսում են հայրենիքից ու հայրենասիրությունից։ Սակայն նման դեպքերում տանուլ են տալիս, պարտվում ադրբեջանական լոբբիին։ Չեն կարողանում հակազդող քայլեր ձեռնարկել։ Ու արդյունքում լինում է այն, որ ռուսական կենտրոնական հեռուստատեսությամբ ցուցադրվող ռեպորտաժում նույնիսկ էթնիկ ռուսն իրեն անվանում է ադրբեջանցի ․․․ ու դա մարսվում է թե՛ Կիսելյովի, թե՛ ռուսական լսարանի համար։ 

Նմանատիպ իրավիճակներում սովորաբար մեղադրում ենք ռուսներին, որ ադրբեջանասեր են։ Սխալ է։ Ռուսները նախեւառաջ իրենց շահերն են սպասարկում, ինչպես ամերիկացիները՝ իրենցը։ Ու այստեղ արդեն, ինչպես ընդունված է գերտերություններում, ամեն ազգային համայնք իր լոբբիզմով փորձում է իր, իր ժողովրդի, իր պետության համար նպաստավոր դիրքեր ապահովել, եթե, իհարկե, կա «թասիբ» կոչվածը։ Ամերիկահայությունը շատ է հաջողել այդ ասպարեզում։ Ամերիկյան հայկական լոբբին հզոր է ու ազդեցիկ։ Սակայն Ռուսաստանում, որտեղ ավելի շատ հայություն կա, քան ԱՄՆ-ում, դեռ շատ թերացումներ, շատ բացեր կան, ու ռուսահայկական լոբբին բավականին թույլ է։