«Խաղաղության» քարոզ՝ ցինիզմի լեզվով․ ի՞նչ է ասել ադրբեջանցի պաշտոնյան

«Խաղաղության» քարոզ՝ ցինիզմի լեզվով․ ի՞նչ է ասել ադրբեջանցի պաշտոնյան

Խաղաղ գործընթացին խոչընդոտում է Հայաստանի ապակառուցողական դիրքորոշումը, որը հրաժարվում է Ադրբեջանի հետ ուղիղ բանակցություններից և ցանկացած պատրվակ օգտագործում խաղաղ գործընթացից խուսափելու համար։ Այս մասին France 24-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի առաջին փոխնախագահի օգնական Էլչին Ամիրբեկովը։

Պատրվակներից մեկը, որը Հայաստանը օգտագործում է խաղաղ գործընթացից խուսափելու համար, Լաչինի ճանապարհին տիրող իրավիճակն է, նշել է նա։

«Ադրբեջանն առաջարկել է Հայաստանի հետ կնքել խաղաղության պայմանագիր՝ հիմնված միջազգային իրավունքի հիմնարար նորմերի և սկզբունքների վրա։ Այդ սկզբունքներից մեկը միմյանց միջազգայնորեն ճանաչված սահմանների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և անձեռնմխելիության հարգումն է։ Մի քանի ամիս է, ինչ Հայաստանի իշխանությունները ԶԼՄ-ների և Սփյուռքի օգնությամբ մոլորության մեջ են գցում միջազգային հանրությանը և խոչընդոտում խաղաղ գործընթացին՝ ցուցադրելով ապակառուցողական դիրքորոշում»,- ալիևյան ռեժիմի հայտնի հակաթեզն է պնդել Ամիրբեկովը։

Այդուհանդերձ, պաշտոնյան կարծիք է հայտնել, որ խաղաղությունն այլընտրանք չունի և վաղ թե ուշ երկու ժողովուրդները պետք է շրջեն թշնամանքի էջը, փորձեն նորմալ և բարիդրացիական հարաբերություններ կառուցել՝ հիմնված միջազգային իրավունքի հարգանքի վրա։ 

Ամիրբեկովը ոչ միայն շարունակել է հերքել Լաչինի միջանցքի շրջափակման փաստը, այլև հերթական անգամ մեղադրել հայկական կողմին, թե Հայաստանն, իբր, իր զորքերը դեռևս դուրս չի բերում Ղարաբաղից։