Գազը կթանկանա, բայց ո՛չ ՀՀ քաղաքացիների համար

Գազը կթանկանա, բայց ո՛չ ՀՀ քաղաքացիների համար

Երեկ հայկական լրատվամիջոցներում ռուսական ԶԼՄ-ներին հղում անելով՝ տեղեկություն տարածվեց, թե հուլիսի 1-ից գազը 1․4 տոկոսով թանկանալու է։ Ավելի ուշ, սակայն, պարզվեց, որ դա մեզ չի վերաբերում․ խոսքը Ռուսաստանի ներքին շուկայի մասին է։ Եվ այդ մասին պարզ գրված էր ռուսական ԶԼՄ-ներում։ Ավելի ուշ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից էլ հերքեցին սա՝ նշելով, որ «Գազպրոմ Արմենիան» դրա հետ կապ չունի, այս պահին թանկացումը նախատեսված է Ռուսաստանի շուկայի համար, եւ իրենք «Գազպրոմ-Արմենիայից» գազի թանկացման հայտ չեն ստացել։ Այդուհանդերձ նկատենք, որ Հայաստանում գազի թանկացումը սարերի հետեւում չէ։

Հունվարի 1-ից սահմանին գազի գինն արդեն բարձրացել է 15 դոլարով՝ դառնալով 165 դոլար 100 խմ-ի դիմաց, բայց վեց ամիս է՝ սպառողը այդ թանկացումն իր վրա չի զգում։ Գազի սակագնի պոտենցիալ ավելացումն առայժմ իր վրա է վերցնում «Գազպրոմ-Արմենիան»՝ բացառապես իր ներքին խնայողությունների եւ շահույթի հաշվին։

Դա տեղի է ունեցել կառավարության եւ «Գազպրոմի» բանավոր պայմանավորվածության արդյունքում։ Բայց սա երկար տեւել չի կարող։ Մեր տեղեկություններով՝ չի բացառվում, որ մոտ ժամանակներս «Գազպրոմ-Արմենիան» հրաժարվի իր վրա վերցնել գազի թանկացման բեռը, ու աշնանն արդեն գազը թանկանա նաեւ հայաստանյան սպառողի համար։ Այս ամիսներին կառավարությունն ու «Գազպրոմն» ակտիվ բանակցություններ են վարում այս հարցի շուրջ, որպեսզի կարողանան ոչ միայն այսօրվա, այլեւ հետագա գնագոյացման հստակ մեխանիզմ որոշել՝ բնականաբար, ոչ թանկացման ակնկալիքով։