Նոր վիրուս է հայտնաբերվել Android-սմարթֆոնների մեջ

Նոր վիրուս է հայտնաբերվել Android-սմարթֆոնների մեջ

Պարզվում է, որ ցանցահենները վիրուսներ են ներդրել Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների վրա, դեռեւս դրանց շուկա հանելուց ավելի առաջ։ Այս մասին տեղեկացնում է Google ընկերության բլոգը։

Խոսքը վերաբերվում է Triada ընտանիքին պատկանող ծրագրերին, որոնք նախատեսված են գովազդի տեղադրման համար։ Հենց այդ ծրագրերում էլ նախապես տեղադրված են եղել Android-տրոյանյան վիրուսները։ Հրապարակման մեջ նշվում է, որ այդ տիպի հարձակումները իրականացվում են ծրագրային ապահովումն իրականացնող հարակից մատակարարների միջոցով, որոնք օգնում են հիմնական արտադրող ընկերություններին ավարտին հասցնել ֆունկցիոնալության հետ կապված ծրագրային մշակումները կամ էլ պատրաստի պրոդուկտ են տրամադրում։ Մեծ թվով կազմակերպություններ օգտնվում են նրանց ծառայություններից։

Google-ն ամբողջությամբ չի բացահայտում, թե ինչպես են հաքերները խաբում սոֆթ մշակողներին եւ վիրուսը տեղադրում Android-ում։ Նշվում է միայն, որ նրանք կարող են քողարկված վիրուս ներդնել ոչ միայն սմարթֆոնի արտադրման, այլ նաեւ հետո՝ թարմացումներ կատարելու ժամանակ։ Չի նշվում նաեւ, թե որ սմարթֆոն արտադրողներն են ենթարկվել նման հարձակման։