Տասը դրամանոց հանգանակությունն առաջին հասցեատերն ունի

Տասը դրամանոց հանգանակությունն առաջին հասցեատերն ունի

Մոտ մեկ ամիս առաջ անդրադարձել էինք Իսպանիայի «Արարատ հայկական միության» նախագահ Արարատ Ղուկասյանի նախաձեռնությանը: Նա որոշել էր հանգանակություն կազմակերպել եւ օգնել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հայաստանյան ընտանիքներին։ Ծանրոցի մեջ կլինեին առաջին անհրաժեշտության ապրանքներ՝ հագուստ, սնունդ, գրենական պիտույքներ, խաղալիքներ եւ այլն, եթե գումար ավելանար, նաեւ՝ գումար։ «Եթե աշխարհի 10 միլիոն հայ ամիսն ընդամենը 10 դրամ հանգանակություն անի, մեր ծրագիրն իրականություն կդառնա»,- նշել էր միության նախագահը:

Մեկ ամիս անց առաջին ծանրոցն արդեն հասցեատեր ունի: «Մի քանի օր առաջ 20 կգ-անոց առաջին ծանրոցն ուղարկեցինք Սպիտակ քաղաք։ Պարունակությունը՝ հագուստ, սնունդ, խաղալիքներ, գրենական պիտույքներ, հիգիենայի պարագաներ։ Մասնակցողները 27 հոգի էին, մեծամասամբ 1 եվրոյով։ Ես ինքս չեմ թողել, որ ավել հանգանակեն։ Ով ցանկացել է ավել տալ, ասել եմ՝ ուրիշ անուն գրեք և կողքը նշեք՝1 եվրո: Նպատակս է, որ մասնակիցները շատ լինեն, ու կարողանանք ապացուցել, որ միասնական ենք: Հաջորդ ծանրոցը Հայաստան կուղարկենք օգոստոսին»,- hraparak.am-ին պատմեց Արարատ Ղուկասյանը: Իսկ թե ինչպես են ընտրվում շահառուները, զրուցեցինք Հայաստանում այդ ծանրոցները ստացող եւ հասցեատերերին հասցնող Հայկուհի Խաչատրյանի հետ, ում լիազորված է այդ սուրբ պարտականությունը:

«Բազմաթիվ դիմորդներ ունենք, բայց ծանրոցի փոխադրումը ամսական 20-25 կգ է լինելու։ Կարծում եմ, որ մի փոքր կթեթևացնենք կարիքավոր ընտանիքների բեռը։ Բարություն անելու համար պետք չէ մեծահարուստ լինել, կարելի է միայն ցանկություն ունենալ։ Մենք գործելու ենք թափանցիկ և արդար։ Մեր պաշտոնական էջերում հրապարակելու ենք բոլոր մանրամասները։ Թեև ծանրոցները ստանալու իրավունքն ինձ է վերապահված, բայց ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ծանրոցը բացելու է դիմորդը, և համապատասխան նկարները և տեսագրությունը ևս տեղադրվելու են կայքում։ Համայն հայությանը կոչ եմ անում միավորվել և մի բռունցք դարձած՝ օգնել մեր հայրենակիցներին։ Առաջին ուղեբեռի հասցեատերը Սպիտակ քաղաքից Աննա Սահակյանն է։ Հաջորդը հերթականությամբ կլինի Գառնիկ Արզումանյանը՝ Աբովյանից»,- ասաց մեր զրուցակիցը՝ պատմելով, որ «Արարատ հայկական միության» նախագահի հետ ծանոթացել է «Մի կտուրի տակ» նախաձեռնության շրջանակներում, որի միակ լուսավոր կետերից էր հոգեհարազատ մարդկանց հետ ծանոթանալը և հետագա գործունեություն ծավալելը։ Հայկուհին նաև «Արարատ հայկական միության» պատվավոր անդամ է: