Հեղափոխությունը հույսեր արթնացրեց, որ այլևս օգնելու կարիք չի լինի, սակայն ներկայիս իրավիճակը հակառակն է ապացուցում

Հեղափոխությունը հույսեր արթնացրեց, որ այլևս օգնելու կարիք  չի լինի, սակայն ներկայիս իրավիճակը հակառակն է ապացուցում

Իսպանիայի Արարատ հայկական միությունը՝ հայաստանյան մասնաճյուղի հետ միասին, իրականացնում է «ՕԳՆԵՆՔ ՄԻԱՍԻՆ» բարեգործական նախաձեռնությունը, որի նպատակն է օգնել Հայաստանի և Սփյուռքի մեր հայրենակիցներին ՝ առաջին անհրաժեշտության օգնություն տրամադրելով և հնարավորություններ ստեղծելով դեպի բարեկեցիկ կյանք տանող ճանապարհին նրանց դժվարին պայքարի համար։

«Եթե աշխարհի 10 միլիոն հայ ամիսն ընդամենը 10 դրամ հանգանակություն անի, մեր ծրագիրն իրականություն կդառնա, և մենք կունենանք 0 աղքատություն մեր Հայրենիքում և Սփյուռքում»,-նշված է  հայտարարության մեջ:

Hraparak.am-ի զրուցակիցը Արարատ հայկական միության նախագահ Արարատ Ղուկասյանն է:

-Պարո՛ն Ղուկասյան, ո՞ւմն էր  մտահղացումը հանգանակություն կազմակերպել  ընդամենը 10 դրամով, եւ արդյոք մարդիկ լուրջ կվերաբերեն:

- Մի հիանալի ծրագիր եմ մտածել։ Տեսնենք՝ ի՜նչ արձագանք կստանա։ Մոտ օրերս մի բան փորձեցի իսպանահայության մեջ, ու ստացվեց. մի 12-ամյա երեխայի 530 եվրո էր պետք՝ Իսպանիայի շախմատի առաջնությանը մասնակցելու համար։ Մեր whatsapp -ի խմբում առաջարկեցի՝ 500 հայ ընդամենը 1եվրոյով օգնի, որպեսզի երեխան մասնակցի մրցույթին։ Ու ստացվեց: Պարզ է, որ հանգանակողները 1 եվրոյովով չմասնակցեցին. հանգանակությունները եղան 5-50եվրոյից։ Նաև իսպանացիներ մասնակցեցին։ Մեզ հաջողվեց 560եվրո հավաքել, և երեխայի մասնակցությունն ապահովված է։ Գաղափարն այն է, որ ոչ թե մի հոգին 50եվրո հանգանակի, այլ՝ 50 հոգին՝ 1։ Վալենսիայում ունենք Armexpresse ծառայությունը՝ համագործակցությամբ Մարսելի հայ համայնքի, որով իսպանահայությունը համեմատաբար էժան գներով ծանրոցներ են ուղարկում իրենց հարազատներին։ Վերջիններս դրանք ստանում են հենց տանը, ասել է, թե՝ բյուրոկրատական ոչ մի խոչընդոտի չեն հանդիպում։ Ահա այս ծառայությամբ, մտածում ենք՝ ամեն ամիս մի ծանրոց ուղարկել արդեն հավաքագրված ընտանիքներին և անհատներին, ովքեր ծայրահեղ ծանր վիճակում են։ Ծանրոցի մեջ կլինեն առաջին անհրաժեշտության ապրանքներ՝ հագուստ, սնունդ, գրենական պիտույքներ, խաղալիքներ և այլն։ Եթե գումար ավելանա, նաև՝ այդ գումարը։ Նաև բազմաթիվ դպրոցներ ու մշակութային կենտրոններ կան, որոնք վերանորոգման և գույքի կարիք ունեն։ Ներկայումս մենք մոտ 2 տոննա հագուստ ու խաղալիքներ ունենք, որոնք մոտ ժամանակներս կհասնի Հայաստան։

-Ինչպե՞ս  եք վերահսկելու այդ ամենը, ընտրելու շահառուներին:Գաղտնիք չէ,որ  շատ հիմնադրամներ սկանդալների մեջ են հայտնվել,ի վերջո կոռուպցիոն ռիսկը մեծ է:

 - Դրա համար էլ, չենք ուզում, որ մեծ հանգանակություն լինի, այլ մեծ մասնակցություն: Հայաստանում ունենք ներկայացուցիչ՝ հանձինս Հայկուհի Խաչատրյանի, ով կստանձնի օգնության հանձնումը:Ինձ ամեն օր գրում են, օգնություն խնդրում։ Մեծամասամբ, օգնում եմ, ինչով որ կարողանում եմ։ Այդ չնչինով բավարարվում են, որը ինձ հիմք է տալիս, որ չեն խաբում։ Իսկ եթե խաբեն էլ, մեծ բան չեմ կորցնում։ Ու հետո, եթե խաբեն էլ, գուցե հենց խաբելու՞ կարիք է եղել։ Ես մեծահարուստ չեմ, հարուստ էլ չեմ, աղքատ էլ չեմ։ Վախենում եմ աղքատությունից։ Դրա համար էլ, հասկանում եմ նրանց։ Ամոթ է, որ 21-րդ դարում հայն աղքատ համերկրացի ունի։ Նաև, ամոթ չէ, որ այս հարցը բարձրաձայնվի։ Իսպանիայում 9 միլիոն մարդ կանգնած է աղքատության շեմին։ Նրանցից 3 միլւոնը ծայրահեղ աղքատ են, որոնցից 900.000-ը երեխաներ են։ Եվ մտահոգ իսպանացիները չեն ամաչում և չեն դադարում բարձրաձայնել այս վտանգավոր խնդրի մասին։ Կարծում եմ, որ մենք ևս պիտի չամաչենք, պիտի մտահոգվենք և առերեսվենք այս կործանիչ ու հրատապ հարցին։ Էլի եմ ասում, մեզ պետք չեն մեծահարուստ բարերարներ, որոնք հետո պիտի դոշ ծեծեն ու նույն դոշին իրենք իրենց մեդալ կախեն կամ էլ իշխանություններից ակնկալեն այդ մեդալը։ Մեզ պետք է միասնություն այս ծրագրի շուրջ, որը կարող է վերածվել ազգային գաղափարախոսության և համազգային նպատակի։

-Բայց չէ՞ որ Հայաստանում դրական առումով իրավիճակ է փոխվել.սփյուռքահայերը հաճախ են դա ասում:

-Հեղափոխությունը հույսեր արթնացրեց բոլորիս մեջ, և կարծեցինք, որ շուտով այլևս օգնելու կարիք էլ չի լինի 2 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանում։ Սակայն ներկայիս իրավիճակը հակառակն է ապացուցում։ Սրա հիմնական պատճառը, աթոռն ու իշխանության հասնելու գայթակղությունն է, քանի որ դեռևս չի մեռել այն կարծիքը, որ քաղաքականությամբ կարելի է փող աշխատել։ Իսկ քանի դեռ քաղաքականությունը գայթակղիչ է, ապաքաղաքականներիս մնում է միավորվել և լուծել ամենաառաջնային և հրատապ հարցերը՝ անկախ դրանց չափից ու ծավալից։ Զարգացող տնտեսություն ունեցող Հայաստանի 40%-ը դեռ աղքատ է։ Եվ ու՞մ է պետք այդ զարգացումը։ Աղքատի հեչ պետքը չի տնտեսության զարգացումը, քանի դեռ նա չի զգում դա։ Այդ իսկ պատճառով և որովհետև չկա քաղաքական կամք, կա հասարակական կամք։ Մենք պարտավոր ենք այդ կամքը մշտարթուն պահելու, այլապես կուլ կգնանք աշխարհի քչաքանակ ջոջերին։