Գեորգի Վանյանը միշտ թիրախավորվում էր, իսկ վերջում տաքսի էր վարում

Գեորգի Վանյանը միշտ թիրախավորվում էր, իսկ վերջում տաքսի էր վարում

Ես Գեորգի Վանյանին ճանաչել եմ 90-ականներից։ Այդ ժամանակներից ենք սկսել շփվել։ Ինքը այն ժամանակ շատ ակտիվ էր, Բլեյանի հետ կազմակերպություն ունեին, ակտիվ էր նաև թատերական իր էությամբ։ Ավելի շատ մեր շփումները սկսեցին խորանալ այն ժամանակ, երբ ինքը սկսեց մասնակցել հայ-ադրբեջանական այդ երկխոսությանը՝ իր այդ խաղարար ծրագրերով։ Նա, համենայն դեպս, փորձում էր ինչ-որ բան անել այդ բնագավառում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 18-ին, հրապարակոս, հասարակական գործիչ Գեորգի Վանյանի հոգեհանգստի արարողության ժամանակ «Հրապարակի» հետ զրույցում ասաց իրավապաշտպան, հասարակական գործիչ Վարդան Հարությունյանը։

«Տպավորությունս իրենից միայն դրական է։ Ինքը փորձում էր անել մի գործ, որը մեր տարածաշրջանում համենայն դեպս հենց սկզբից դատապարտված է անհաջողության։ Բայց ինքը փորձում էր , ձգտում էր, կռվում էր։ Ամեն ինչ անում էր մի խոսքով, որ մի բան ստացվի։ Այո, մի շրջան կար, երբ ֆինանսավորում ստացավ ծրագրեր իրականցնելու, բայց հետո այդ ֆինանսավորումը դադարեց, այսինքն՝ ոչ թե նա վերջին շրջանում է ֆինանսական խնդիր ունեցել, այլ, կարելի է ասել, միշտ ունեցել է նա այդ խնդիրը։ Նա գումար էր վաստակում տաքսի վարելու ճանապարհով։ Եթե մամուլը թերթեք, հետ գնաք մի քիչ, կտեսնեք, որ նա միշտ թիրախավորվում էր։ Թիրախավորվում էր իր այդ խաղարար ծրագրերի հետ կապված։ Նա իր գիծը սակայն մինչև վերջ պահեց, միշտ դա պահում էր, նա հենց այդպես էլ գնաց փաստորեն»,- ասաց Հարությունյանը։


Հիշեցնենք՝ Վանյանը 58 տարեկան էր։ Հոկտեմբերի 9-ին՝ քովիդ-ախտորոշմամբ, նա հոսպիտալացվել էր Թբիլիսիի հիվանդանոց։ Գրեթե անմիջապես՝ հայտնվել վերակենդանացման բաժանմունքում։ Վանյանը վերջին տարիներին ապրում էր Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Ծաղկավան գյուղում, Թբիլիսի էր գնացել մի քանի օրով։ Գեորգի Վանյանը ծվել է 1963 թվականին՝ Ադրբեջանի ԽՍՀ-ի Շահումյանի շրջանի Քարաչինար գյուղում։ 1991-ին ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը։ Մինչև 1994 թվականը՝ թատրոնի և կինոյի դերասան, 1992-1994՝ «ԱՐ» թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, 1993-1997՝ «Արար» ամսագրի հիմնադիր և գլխավոր խմբագիր։ 1997-ից մինչև 2005՝ Երևանի №61 դպրոցի տնօրեն։ 1989 թվականից մինչև 2004-ը զբաղվել է անապաստան երեխաների, փախստականների և սահմանափակ հնարավորություններով երեխաների խնդիրներով։ 2002 թվականին հիմնել է «Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնը»։ 2011-ն՝ ադրբեջանցի, հայաստանցի և վրացի ակտիվիստների հետ միասին, նախաձեռնել է «Թեքալիի գործընթացը»՝ խաղաղարար նախաձեռնություն վրացական համանուն գյուղում, որը գտնվում է երեք հարավկովկասյան երկրների սահմանին։ Թեքալիում հասարակական ուղիղ բանակցությունների համար պարբերաբար հավաքվում էին Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ գյուղերի բնակիչները, քաղաքական և հանրային գործիչներ։ Ադրբեջանական ֆիլմերի փառատոնին հաջորդած ազգայնական արշավից հետո ստիպված փակել է Կենտրոնը և լքել Երևանը՝ տեղափոխվելով Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Ծաղկավան գյուղ։ 2020 թվականի 44-օրյա պատերազմից երկու շաբաթ առաջ Վանյանը ադրբեջանցի գործընկերոջ՝ Զարդուշտ Ալիզադեի հետ, հրապարակել է «Ընկերների հայտարարությունը», որում խոսվում էր լայնամասշտաբ ռազմական էսկալացիայի վտանգի և խաղաղարար գործողությունների դեմոնիզացման մասին։ Պատերազմի օրերին և հետպատերազմական շրջանում հրապարակավ հանդես է եկել ուղիղ՝ չմիջնորդավորված բանակցություններ անհապաղ սկսելու, սահմանները Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիների ազատ տեղաշարժի համար բացելու օգտին։ Գրեթե մշտապես թիրախավորված էր պատերազմի քաղաքականությունը և հաշտության առկախումը խիստ քննադատելու համար։