Բլինքենին ասեք՝ էլ ստեղ չզանգի

Բլինքենին ասեք՝ էլ ստեղ չզանգի

Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցները նկատելիորեն հաճախացել են, ինչը, բնականաբար, վատ նշան է: Ի դեպ՝ Բլինքենը մեղք չունի այստեղ: Խնդիրը Փաշինյանն է: Որտեղ իր անունը հոլովվում է, կամ ինքը ներկա է՝ մեզ համար արդեն վատ նշան է… Արձակուրդում չէ՞ր: Ինչո՞ւ է զանգել Բլինքենին: Իսկ եթե Բլինքենն էր զանգել՝ ինչո՞ւ է իրեն գցել հեռախոսի վրա ու երկար-բարակ գյալաջի արել: Իսկ դուք բացառո՞ւմ եք, որ Նիկոլը՝ արձակուրդի մեջ մարդ, կարող էր այդ պահին խմած լինել: Ենթադրենք, սակայն, որ Փաշինյանը լուրջ է եղել: Եվ ուրեմն ինչո՞ւ է մի այնպիսի հաղորդագրություն տարածել այդ հեռախոսազրույցի մասին, որ բացարձակապես կապ չունի Բլինքենի թվիթերյան գրառման հետ: Բլինքենն ընդամենը հետևյալն է գրել.

«Լավ քննարկում եմ ունեցել Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու Հայաստանի և Ադրբեջանի պատմական հնարավորության շուրջ։ Ես ողջունում եմ Հայաստանի դրական քայլերն Ադրբեջանին և Թուրքիային ընդառաջ։ Տարածաշրջանի երկրների միջև քննարկումներն առանցքային են Հարավային Կովկասում կայուն խաղաղության համար»:

Իսկ հիմա տեսեք, թե ինչ ճոռոմ հայտարարություն է տարածել Փաշինյանի գրասենյակը.

«Քննարկման առարկա  են  դարձել, մասնավորապես, Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցություններին, ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, գերիների վերադարձին, անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանմանը վերաբերող հարցեր: Պետքարտուղար Բլինքենն ԱՄՆ պատրաստակամությունն է հայտնել որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող աջակցելու նշված բոլոր հարցերի  լուծումներին: Վարչապետ Փաշինյանը վերահաստատել է խաղաղության օրակարգին իր նվիրվածությունը և ընդգծել, որ Հայաստանի հանրությունն աջակցում է այդ ուղեգիծը: Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-Թուրքիա հարաբերություններում տեղի ունեցող գործընթացները: Պետքարտուղարը ողջունել է Հայաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահի ս/թ հուլիսի 11-ին տեղի ունեցած հեռախոսազրույցը և ԱՄՆ պատրաստակամությունն արտահայտել աջակցելու երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը: ՀՀ վարչապետն ու ԱՄՆ պետքարտուղարը գոհունակություն են հայտնել Հայաստան-ԱՄՆ բարձր մակարդակի շփումների առիթով և պայմանավորվել շարունակել երկխոսությունը»:

Նկատենք, որ Բլինքենը ոչ մի խոսք չի ասում այն մասին, որ Փաշինյանի հետ քննարկել է, ուշադրություն, «ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, գերիների վերադարձին, անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանմանը վերաբերող հարցեր»: Այս մասին հիշատակություն չկա նաև Պետդեպի տարածած հայտարարության մեջ: Եվ ուրեմն ինչո՞ւ է Փաշինյանի գրասենյակը խայտառակում Բլինքենին՝ թե նա դեռ քննարկում է ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցը: Բլինքենի համար այդ հիմնախնդիրը վաղուց է լուծվել, հենց այն օրը, երբ Փաշինյանը հրաժարվել է Արցախից և համարել, որ Արցախը մնալու է Ադրբեջանի կազմում: Իսկ ինչ վերաբերում է ռազմագերիներին կամ անհետ կորածներին, ապա Բլինքենի համար նման հարց ևս գոյություն չունի, քանզի նրանք արդեն Ադրբեջանի «ներքին գերիներ» են և «ներքին անհետ կորածներ»:

Փաշինյանի գրասենյակը կարո՞ղ էր, արդյոք, որևէ կերպ իր վերաբերմունքն արտահայտել Բլինքենի հետևյալ ձևակերպմանը. «Ես ողջունում եմ Հայաստանի դրական քայլերն Ադրբեջանին և Թուրքիային ընդառաջ»: Իհարկե, կարող էր, բայց Փաշինյանի գրասենյակը ծպտուն անգամ չի հանել, թե այդ ի՞նչ դրական քայլեր է արել Թուրքիային և Ադրբեջանին ընդառաջ՝ չհաշված միակողմանի զիջումները ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանի սուվերեն տարածքում: Փոխարենը Փաշինյանի գրասենյակն ընկել է պեչենու բաղերը, թե Բլինքենի հետ քաննարկել ենք հայ-ամերիկյան երկկողմ օրակարգի կարևոր հարցեր: Իսկ ամենածիծաղելին էլ այն է, որ Փաշինյանի գրասենյակը մեզ համոզում է, թե Փաշինյանն իբր «վերահաստատել է խաղաղության օրակարգին իր նվիրվածությունը և ընդգծել, որ Հայաստանի հանրությունն աջակցում է այդ ուղեգիծը»: Շատ ներողություն, իհարկե, բայց ես չեմ հավատում, որ Բլինքենը Փաշինյանից հետաքրքրված լինի՝ իսկ ՀՀ պողոսներն ի՞նչ են ասում Ադրբեջանին և Թուրքիային ընդառաջ ձեր քայլերի մասին: Ընդամենը երկու օր առաջ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն իր պողոսներին հորդորում էր զգույշ լինել Հայաստանում, հեռու տեղեր չգնալ, վտանգավոր է: Եվ հիմա հանկարծ Բլինքենը հետաքրքրվեց մեր պողոսներո՞վ: Չեմ հավատում:

Փաշինյանի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ ծիծաղելի ուրիշ բաներ էլ կան: Օրինակ, նշել են, որ պետքարտուղար Բլինքենը ողջունել է Հայաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահի ս/թ հուլիսի 11-ին տեղի ունեցած հեռախոսազրույցը: Այո, դա այն հեռախոսազրույցն է, որի ժամանակ Նիկոլն ու Էրդողանը միմյանց շնորհավորել էին Կուրբան Բայրամի և Վարդավառի կապակցությամբ: Ճիշտն ասած՝ ես Բլինքենի մասին նախապես ավելի մեծ կարծիքի էի քան հիմա, երբ Փաշինյանի գրասենյակն ինձ պատմում է, թե ինչպիսի հիմար բաներ կարող է ողջունել ԱՄՆ պետքարտուղարը:

Մի ուշագրավ նախադասություն էլ կա ԱՄՆ պետդեպի հայտարարության մեջ, որ տեղ չի գտել հայկական կողմի «աչքալուսանքում».

«Պետքարտուղարն առաջարկել է Միացյալ Նահանգների օգնությունը տարածաշրջանային տրանսպորտային և հաղորդակցության կապերը հեշտացնելու համար»: Այստեղ մի մութ բառ կա՝ «հեշտացնել», որ ամենայն հավանականությամվ պետք է լիներ «դյուրացնել»:

Հարց է առաջանում՝ ԱՄՆ-ը, կոնկրետ, ի՞նչ պետք է անի, որ հաղորդակցության ուղիները «դյուրացվեն»: Չլինի՞ միջանցքի(ների) մասին են ակնարկում: Փաշինյանի գրասենյակը լռում է այդ մասին ու հենց այդ լռությունն էլ վտանգավոր է դարձնում Փաշինյանի մասնակցությամբ այս հեռախոսազրույցը: Ընդամենը մի քանի օր առաջ Թեհրանում շատ կարևոր քեռիներ Էրդողանին ու Ալիևին հասկացրին, որ թույլ չեն տալու թուրք-ադրբեջանական վերահսկողությամբ միջանցքներ բացվեն Հայաստանում, մինչդեռ պետքարտուղար Բլինքենը Թուրքիային և Ադրբեջանին ընդառաջ՝ Նիկոլի քայլերն է ողջունում և ԱՄՆ-ի օգնությունն առաջարկում ճանապարհների բացման հարցում: