Ինչ խնդիրներ կարող են առաջանալ ժամկետանց դեղորայքի գործածության դեպքում

Ինչ խնդիրներ կարող են առաջանալ ժամկետանց դեղորայքի գործածության դեպքում

Մասնագետները հորդորում են ժամանակ առ ժամանակ կանոնավոր ստուգել դեղատուփում եղած դեղորայքի պիտանելիության ժամկետները, մինչդեռ մարդիկ հազվադեպ են հետևում այս խորհրդին, ինչի պատճառով էլ երբեմն սխալմամբ ժամկետանց դեղամիջոցներ են ընդունում, գրում է Рамблер պորտալը՝ վկայակոչելով թերապևտ, ներզատաբան, սրտաբան Ալեքսեյ Ժիտոյին։

Բժշկի խոսքով՝ ժամկետանց դեղորայքի ընդունումը որպես կանոն որևէ բարդություն կամ պաթոլոգիա չի առաջացնում, սակայն այս դեպքում ամեն ինչ կախված է նրանից, թե երբ է սպառվել դեղամիջոցի պիտանելիության ժամկետը։

«Հասկանալի է, որ որքան շատ ժամանակ է անցել պիտանելիության ժամկետից, այնքան ավելի վատ։ Շատ բան էլ կախված է նրանից, թե որտեղ է պահվել դեղամիջոցը», - նշել է մասնագետը՝ շեշտելով, որ եթե այն սխալ է պահվել, ապա կարող է թունավորման կամ կյանքի համար վտանգավոր ռեակցիայի պատճառ դառնալ, մինչդեռ ճիշտ պահվելու դեպքում ժամկետանց դեղամիջոցը որևէ բացասական հետևանք չի ունենա։ Նման դեպքերում դեղամիջոցն առհասարակ արդյունք չի տա, ինչն էլ կարող է վտանգավոր լինել որոշ դեպքերում։ 

«Մի բան է, եթե դրանք վիտամիններ են, մեկ այլ բան՝ եթե հակաբիոտիկներ, զարկերակային գերճնշման դեմ դեղամիջոցներ կամ արյան մեջ շաքարի մակարդակը նվազեցնող դեղեր: Նման դեղերի դեպքում ազդեցության բացակայությունը կարող է հանգեցնել բացասական հետևանքների», - նախազգուշացրել է մասնագետը։

Նրա խոսքով՝ ժամկետանց դեղամիջոց ընդունելու դեպքում կարելի է արհեստական փսխում առաջացնել ու դատարկել ստամոքսի պարունակությունը։ Բացի այդ, կարելի է նաև ակտիվացրած ածուխ ընդունել, որը կկլանի բոլոր տոքսիկ նյութերն ու դեղի ակտիվ բաղադրիչները։ Եթե խոսքը ներերակային կամ միջմկանային ներարկման միջոցով ստացած դեղամիջոցի մասին է, ապա հարկավոր է դիմել բժշկին։

Նա նաև հավելել է, որ եթե ժամկետանց դեղամիջոցն ընդունվել է որևէ լուրջ իրավիճակում, երբ հարկավոր է արագ արձագանքել, օրինակ՝ հիպերտոնիկ կրիզի դեպքում, ապա անհրաժեշտ է անհապաղ ընդունել նաև պիտանելիության ժամկետի մեջ գտնվող դեղամիջոց, որից հետո կապվել բժշկի հետ ու մնալ նրա հսկողության տակ։