Անցյալ տարվա պատմությունը չեն մոռացել.նախագահն ու վարչապետը հրավիրված են Գյումրի

Անցյալ տարվա պատմությունը չեն մոռացել.նախագահն ու վարչապետը հրավիրված են Գյումրի

Ինչպես արդեն տեղեկացրել ենք , այս կիրակի Գյումրին տոնում է քաղաքի օրը: Գյումրեցիների համար օրը յուրահատուկ է. սպասում են անհամբեր, տոնում են մեծ շուքով: Ամեն տարի ընտրվում է խորագիր: Միջոցառումներն այս տարի կանցկացվեն «Վարպետների քաղաք» խորագրի ներքո: Տոնի առթիվ օգոստոսի 25-ին Հանրապետության երկրորդ քաղաք են հրավիրված ՀՀ նախագահն ու վարչապետը: Գյումրեցիները չեն մոռացել անցյալ տարվա պատմությունը, երբ երկար սպասումներից հետո Գյումրի այցելեց միայն փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: Պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչու Նիկոլ Փաշինյանը չեկավ Գյումրի, Միրզոյանը մատնանշեց վարչապետի զբաղվածությունը, ապա ավելացրեց. «Նիկոլ Փաշինյանը շատ է սիրում Գյումրին, խնդրել է իր սերը փոխանցել ու շնորհավորանքը….» ։ Մինչդեռ վարչապետը նույն օրը երեկոյան՝ հեծանվային զբոսանքից հետո, իր Ֆեյսբուքյան էջում շնորհավորեց գյումրեցիներին՝ ասելով, որ նոր է տեղեկանում տոնի մասին։ Վարչապետը կայցելի՞, թե՞ ոչ, թերևս կասկածներ կան, իսկ ահա նախագահ Արմեն Սարգսյանի հարցում գյումրեցիները փոքր-ինչ վստահ են, հատկապես, որ վերջին շրջանում նախագահն ընդգծված վերաբերմունք է դրսևորում Գյումրու հանդեպ: «Ինձի կը թվա, ու մե տեսակ համոզված եմ՝ ինքը կուգա: Վարչապետն էլ էս վերջերս իրար ետևե եկավ-գնաց, չնայած վերջին այցելության ժամանակ քիչըմ տհաճ միջադեպ եղավ, բայց մեր ղեկավարները ըդոր միշտ էլ պատրաստ պըդի էղնեն: Ըդիկ մեր լավ օրից չէ, կարելի է հասկընալ »,-մեզ հետ զրույցում ասաց անցորդ գյումրեցիներից մեկը:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գյումրի վերջին այցի ընթացքում միջադեպ գրանցվեց: Գյումրեցի Մարիամ անունով մի կին մոտեցավ եւ վիրավորեց Փաշինյանին.
«Խաբեբա, խաբեցիր մեզ, սաղ ազգիս խաբեցիր, Սերժից ոչնչով չես տարբերվում, լավ դերասան կլինես, ուրիշ ոչինչ»: Ինչևէ, նախորդի նման այս անգամ էլ լրատվամիջոցներին դեռևս հայտնի չէ, թե իշխանական էլիտայից ովքեր կպատվեն քաղաքն իրենց ներկայությամբ:

Ի դեպ, Գյումրու քաղաքապետարանից տեղեկացնում են, որ այդ  օրը սովորական այցելուների համար, ովքեր Գյումրիում մնալու հնարավորություն չունեն, սակայն ունեն երեկոյան տոնական   համերգին մասնակցելու մեծ ցանկություն, պայմանավորվածություն է ձեռք բերվել «Հարավկովկասյան երկաթուղու» հետ: Միայն օգոստոսի 25-ին Երևան-Գյումրի-Երևան արագընթաց գնացքների չվացուցակում իրականացվել են փոփոխություններ՝ առավոտյան գնացքը երկու անգամ է ժամանելու Գյումրի, վերադառնալու Երևան շատ ուշ ՝ 23․00-ից հետո :

Նշենք,որ Գյումրու օրվա տոնական համերգին հրավիրված են երգելու նաև Նունե Եսայանն ու Իվետա Մուկուչյանը: Չնայած գյումրեցիների քննադատություններին եւ  բարձրացրած աղմուկին , Նունե Եսայանն ինքն է Գյումրի գալու ցանկություն հայտնել, իսկ համայնքի բյուջեից նրան հատկացվող մոտ մլն.դրամը   երգչուհին նվիրաբերելու է Գյումրու թիվ 1 երաժշտական դպրոցին։