Հակոբ Ավետիքյանը հնարավոր է հրաժարական տա

Հակոբ Ավետիքյանը հնարավոր է հրաժարական տա

Սեպտեմբերի 21-23-ին Երեւանում հրավիրվել է ՌԱԿ հայաստանակենտրոն կուսակցության հանրապետական ընդհանուր պատգամավորական հերթական ժողովը: Ժողովի օրակարգը, քննարկվելիք հարցերն ու կարեւոր հիմնադրույթները կներկայացվեն մոտ ապագայում: Մենք զրուցեցինք ՌԱԿ կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Ավետիքյանի հետ Ընդհանուր պատգամավորական ժողովի օրակարգի, անելիքների ու կուսակցության ռեբրենդինգի մասին։

ՌԱԿ ատենապետն ասում է, որ հիմա զբաղված են կուսակցության քաղաքական նոր պլատֆորմը պատրաստելով․ «Իսկ սեպտեմբերին նախատեսվող համագումարի ընթացքում ունենք որոշակի փոփոխություններ, այնուհետեւ ունենք վարչության ընտրություն։ Զանազան հարցեր, որոնք ընթացիկ հարցեր են։ Ա՛յս է մեր անելիքը»։ Նրա խոսքով՝ վերջին 3 օրերին, ամեն օր կենտրոնական վարչության նիստեր են գումարում, որին ներկա են լինում նաեւ սփյուռքի ընկերներից ներկայացուցիչներ։ Հակոբ Ավետիքյանն այս հավաքները նկարագրեց հետեւյալ կերպ․ «Ուղեղների փոթորկում է տեղի ունենում»։

ՌԱԿ կենտրոնական վարչության ատենապետն ասում է, որ սեպտեմբերին տեղի են ունենալու նոր ընտրություններ, եւ վարչության կազմը պետք է թարմացվի։

«Գլխավոր խնդիրը հենց սերնդափոխությունն է, նոր մարդիկ, նոր անդամներ են միացել կուսակցությանը, հատկապես երիտասարդներն են բավականին շատ, եւ պետք է պատրաստենք նրանց՝ ստանձնելու կուսակցության ամբողջական պատասխանատվությունը»,- ասում է Ավետիքյանը։

Իսկ ինքը չի՞ պատրաստվում հրաժարական տալ ատենապետությունից։ «Այո, ես ցանկանում եմ, որ փոփոխվի, այլապես ինքս կհակասեմ»։ Հակոբ Ավետիքյանը, ի վերջո, ավելացնում է․ անկեղծ ասած՝ ուզում եմ հրաժարվել։

Հարցին, թե ում է տեսնում փոխարինող, ասում է՝ չգիտեմ։