Հայաստանի հավաքականը առաջին մարզումն է անցկացրել Շվեյցարիայում

Հայաստանի հավաքականը առաջին մարզումն է անցկացրել Շվեյցարիայում

Հայաստանի ազգային հավաքականն Աշխարհի առաջնության ընտրական փուլում Լիխտենշտեյնի ընտրանու դեմ խաղից առաջ իր առաջին մարզումն է անցկացրել Շվեյցարիայում: 

«Խաղադաշտի որակն այնքան լավը չէ, բայց պետք է ադապտացվենք»,- ասել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հավաքականի մարզումից առաջ:

Հավաքականի մարզմանը մասնակցել է 25 ֆուտբոլիստ: Չվերթների ուշացման պատճառով Գևորգ Ղազարյանը և Հովհաննես Համբարձումյանը չեն հասցրել ժամանել Սեն Գալեն մինչև մարզումը:

Մնացած ֆուտբոլիստները մասնակցել են թիմային մարզմանը, բայց նրանցից 3-ը՝ Վբեյմար Անգուլոն, Նորբերտո Բրիասկո Բալեկյանը և Հակոբ Հակոբյանը, մարզման տարբեր ժամանակահատվածներում աշխատել են անհատական ծրագրով ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոյի և ֆիզիոթերապևտ Պաբլո Լյանեսի վերահսկողությամբ:

Հակոբ Հակոբյանը և Վբեյմար Անգուլոն մի քանի օր առաջ են ապաքինվել վնասվածքից, իսկ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը երկարատև թռիչքից հետո մարզվել է ավելի խնայողական ռեժիմով:
Մարզումից հետո կայացած երկկողմանի հանդիպման ժամանակ մի շարք ֆուտբոլիստներ փորձարկվել են տարբեր դիրքերում, մարզիչները դիտարկել են տակտիկական տարբեր սխեմաներ:
Մարտի 23-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ևս մեկ մարզում Ուցվիլի խաղադաշտում:

Լիխտենշտեյն -Հայաստան հանդիպումը, հիշեցնենք, տեղի է ունենալու մարտի 25-ին, Երևանի ժամանակով 23։55-ին։