ՀՀ ծաղրածուն

ՀՀ ծաղրածուն

Նման համեմատությունից իրեն վատ կզգար ցանկացած մեկը, բայց ոչ նա, ում հասցեագրված է կոչումը: Այս վերնագիրը սույն անձին հույս, հավատ, ուրախություն է ներշնչելու, որովհետեւ ծաղրածուն ընդամենը ծիծաղելի է ընկալվում, երբեմ՝ն դրական կերպար, մինչեւ իսկ՝ սիրված, հիմնականում՝ անմեղսունակ: Ծաղրածուներին չեն դատում, պարզապես ծիծաղում են նրանց վրա եւ անցնում, լինեն փողոցում, շուկայի բակում, թե գավառական հրապարակում: Նրանք ազատ են մեղքից ու մեղավորությունից, պատասխանատվությունից. դատավորները չեն զբաղվում նրանցով: Հոգեբանները նույնպես չեն զբաղվում նրանցով եւ չեն տալիս համապատասխան վկայական, որը կապացուցի նրանց անմեղսունակությունը: Պարզապես հասարակությունն այդպիսիներին ընդունում է որպես խեղկատակ, ինչպես որ կան:

Ծաղրածուին չեն մեղադրում պատերազմ հրահրելու, թշնամուն գրգռելու եւ նախապես նրա ռազմական հանցագործություններն արդարացնելու միջոցներ տալու եւ պատերազմը տանուլ տալու մեջ: Չեն մեղադրում առանց դիմադրության նահանջելով տարածքներ հանձնելու եւ անկրակոց տարածքներ զիջելու, հայրենակիցներին տեղահանելու մեջ: Չեն մեղադրում հայկական բերդաքաղաքը «թուրքական» ասելու մեջ: Չեն մեղադրում հերոսներին դատելու մեջ, եկեղեցու դեմ դուրս գալու մեջ, դասագրքերից կամավորական շարժումը հանելու եւ թրքական ցեղասպան ծրագրին ընդդիմանալու, ինքնապաշտպանվելու ոգին շրջանցելու մեջ: 

Չեն մեղադրում ազգի ինքնությունը, պատմական ու մշակութային արժեքները, գոյության արժանապատվությունը եւ այն ամենը, ինչն ազգային է, ոչնչացնելու մեջ: Պետությունից ու պետականությունից ոչինչ չհասկանալու, ղեկավար չլինելու, կառավարել չկարողանալու մեջ: Եվ վերջապես՝ երկրի անվտանգությունն ու պաշտպանությունը զոհաբերելու մեջ` հանուն եւ ծառայեցնելով սեփական անձի պահպանությանը: 

Ծաղրածուն չի վախենում, բացահայտ է շրջում: Թաքուն, գաղտագողի չի գնում մարզեր եւ տեղից տեղ շարժվելիս, մի կարճ փողոցում, իր անվտանգությունը չի ապահովում հազարավոր ոստիկաններով ու դիպուկահարներով: Չի ասում` ժողովրդի ընտրյալն եմ, եւ առավելագույն զգուշությամբ պաշտպանվում ժողովրդից: Մեր ծաղրածուն մորթապաշտ է: Ծաղրածուն չի ստում, ասում է միայն ճշմարտությունը, մեր ծաղրածուն ստախոս է: Ծաղրածուն չի նենգադավում երկրի ներսում` հասարակությանը բաժանելով թշնամական բանակների: Լեզուն կուլ չի տալիս թշնամու սպառնալիքներին ի պատասխան, բայց փոխարենը ճղում է յուրայիններին: Արժանապատիվ է, չի խաղում, չի աճպարարում թշնամու թելադրած կանոններով: Մեր ծաղրածուն ազգային գիտակցություն չունի: 

Մեր ծաղրածուն այլեւս չի տիրապետում հոդաբաշխ խոսքին, մեկ նախադասության մեջ ութ բառ է ասում, ութն էլ` «թշնամի»: Մեկ բառը հոլովում է ութ անգամ հայերենի յոթ հոլովներով` հօգուտ թշնամու: Սիրի՛ր թշնամուդ, երբ թշնամին քո սիրո կարիքը չունի, երբ քո սիրելուց թշնամին լավը չի դառնում, երբ քո սերն անինքնասիրություն է, ինքնասպանություն: Դե, շարունակիր սիրել: Թշնամուն սեր խոստովանելու խուճուճ բառակույտի մեջ, այնուամենայնիվ, ջանք թափում է, որ հոդաբաշխ երեւա, եւ կարողանում է արտաբերել`թիրախավորելով յուրայինին. «Եթե իրենք գել են, մենք գելխեղդ ենք»: Եթե սա ասում է ծաղրածուն, զվարճալի է, բայց լացելու է, երբ իրեն ընտրյալ հորջորջողն ընդամենը ծաղրածու է, անկոչում ծաղրածու:

Հուսիկ Արա