Որ մենք՝ գելխեղդ…

Որ մենք՝ գելխեղդ…

Բառակազմության տեսանկյունից «գելխեղդ» բառը հասկանալի է նույնիսկ 3-րդ դասարանցի հայ մանչուկին՝ գայլ խեղդող: Խոսքը հոտը պաշտպանող շների ցեղատեսակի մասին է, որոնք խեղդում են հոտի վրա հարձակվող գայլերին։ Երկրի ղեկավարը, խոսելով առաջիկա արտահերթ ընտրությունների մասին, հայտարարում է, որ այդ ընտրություններում «գելխեղդները հաղթելու են գելերին»: Ես, իհարկե, ինչպես շատերը, համոզված եմ, որ վարչապետ Փաշինյանն այդ ամենն ասել է փոխաբերական իմաստով, բայց, մյուս կողմից՝ վստահ եմ, որ նա խիստ անհարմար ու անհամարժեք կենդանիների է ընտրել իր մտքի այդ փայլատակումը հանրությանը փոխանցելու համար: Այստեղից կարելի է հետեւություն անել՝ Փաշինյանը չգիտի, թե ինչ ասել է՝ գելխեղդ, այլապես չէր ճամարտակի, թե առաջիկա ընտրությունները լինելու են գելխեղդների ու գելերի պայքար: Այսինքն իրենց՝ քայլիստներին, որոնք բոլորովին վերջերս նոր եւ մնայուն անուն ստացան՝ «Նիկոլի ուսապարկեր», եւ, ամենայն հավանականությամբ, հենց այդ «բլոկով» էլ գնալու են առաջիկա ընտրություններին, համեմատում է հաղթող շան տեսակի՝ գելխեղդի հետ:

Գելխեղդը ազնիվ, տուն պահող, հոտի ու չոբանի անվտանգությունն ապահովող կենդանի է: Նրա բնությունն է այդպիսին: Գելխեղդը երբեք երեխային չի վնասի, գյուղացիների վրա չի հարձակվի, բայց կարող է տիրոջ վրա հարձակվել, եթե զգա, որ տերը հիմարություն է անում, օրինակ՝ հոտն առաջ արած՝ քշում է դեպի անդունդը: Նա հոտի իրական պաշտպանն է։ Աստված մի արասցե, որ մեկնումեկը վատ նպատակներով մոտենա գելխեղդի՝ սեփական մեզով նշագծած սահմաններին: GPS-ով լինի, թե բայրաքթարով՝ ոչ մի նշանակություն չունի: Գելխեղդն իր գործը լավ գիտի: 
Հիմա մի իրական դեպք պատմեմ, իսկ դուք հետեւություն արեք: Դեպքը պատահել է նոր Հայաստանի գյուղերից մեկում:

Բոլորը ցնցված էին կատարվածից՝ հայկական գելխեղդը՝ գամփռը, մարդ էր հոշոտել: Չլսված բան: Ու քանի որ դեպքը պատահել էր հենց գյուղապետի տանը, գործի բացահայտմանը ձեռնամուխ էին եղել Գլխավոր դատախազությունն ու ՀՔԾ-ն: Երեւանից եկել էին, ուսումնասիրել, իրեղեն ապացույցներ հավաքել, որ ընթացք տան գործին, բայց մի քանի օր հետո գործը փակել էին, գյուղացիներին էլ հաթաթա տվել, որ բերանները փակ պահեն, լեզուները շաղ չտան: Գյուղը պայթում էր իրականությունն իմանալու ցանկությունից… Ավելի ճիշտ՝ գյուղացիք գիտեին, թե ինչ է տեղի ունեցել, բայց ուզում էին, որ այդ մասին հայտարարվեր պաշտոնապես, որպեսզի գյուղապետի հավատարիմ եւ ազնիվ գելխեղդի վրայից հանվեր հանիրավի մեղադրանքը:

Եվ ահա, օրերս, երբ այդ գյուղ նախընտրական բանահավաքության էի գնացել, իջա աղբյուր՝ ջուր խմելու: Դեռ ուսանողական նստարանից գիտեի, որ բանահավաքության ամենալավ տեղը գյուղի աղբյուրն է, ուր հավաքվում են գյուղի կանայք․ որը՝ ջուր առնելու, որը՝ բուրդ լվալու, որը՝ լվացքը պարզաջրելու: Մի իսկական թռչնաշուկա է դառնում գյուղի աղբյուրը, երբ մի 4-5 կին հավաքվում են այնտեղ ու սկսում կաչաղակների նման կչկչալ՝ առանց հերթ տալու եւ լսելու միմյանց: Աղբյուրի մոտ էլ իմացա, որ գյուղապետի գամփռը հոշոտել է ոչ թե պատահական անցորդի, այլ՝ գյուղապետի կնոջ սիրեկանին, երբ վերջինս գաղտագողի ցատկել է ցանկապատի վրայով ու փորձել տուն մտնել: Շատ չերկարացնեմ: Կանանցից մեկը, մի ջահել հարս, իմ մեկ-երկու հարցից կարմրած, կամաց բացվեց.
- Իմ մեծ ամին գյուղապետին քանի անգամ է ասել՝ աչքդ կնգադ վրա պահիր, մարդ ա գնում-գալիս մոտը, մի բան կպատահի։ Չէր լսում… Գամփռի մեղքը ո՞րն էր, որ տարան գյուղից, թե հանգամանքներն ենք պարզում: «Հանգամանքը», հրեն, թախտին վեր ընկած մածուն է ուտում…

Նման դեպքերում, ինչպես գիտենք, գելխեղդի հերոսական արարքն ու պահվածքը տիրոջ վրա չեն տարածվում: Եվ հիմա, երբ Փաշինյանը բաց տեքստով հայտարարում է, որ իրենք գելխեղդ են, հարց է առաջանում՝ հեռը հայկական գամփռից, դուք այդ ե՞րբ ու որտե՞ղ եք գել խեղդել, որ մի հատ էլ համեմատվում եք գելխեղդի հետ: Տարա՞ծք եք պահել, ոչխարի հո՞տ եք փրկել, վատ մտադրություններով ձեր տուն մտած հանցագործի՞ եք հոշոտել: Իսկ գիտե՞ք, արդյոք, որ գելխեղդը վախ չունի, առհասարակ՝ սպեցնազով չի շրջում, բրոնեժիլետ չի կրում եւ, ամենակարեւորը, մեկ անգամ պարտվելով գայլից՝ վիրավոր հեռանում է սարերն ու կորչում անդարձ: Նաեւ մի այսպիսի նյուանս՝ երբ գելխեղդը քնով է անցնում, ու գայլը վնաս է հասցնում հոտին, նա տիրոջ մոտ «կրուտիտ» չի լինում, չի փորձում արդարանալ:

Թե երբվանից է «գելխեղդի եւ գելի» դարավոր թշնամությամբ բնութագրվում մի այնպիսի ժողովրդավարական գործընթաց, ինչպիսին ընտրություններն են, դա էլ ուրիշ հարց է, որ պետք է ուղղել վարչապետի աթոռին կարկատած մարդուն: Սիրուն չի, էլի, որ քեզ գելխեղդ ներկայացնես ու պարծենաս, թե դու ես որոշում ընտրությունների ելքը: Իսկ էն 3 միլիոն վարչապետները, ինչ է, ոչխարի հո՞տ են, որ պետք է կողքից թամաշա անեն գելխեղդի ու գելի կռվին: